ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցի կապակցությամբ։ Հայտարարության մեջ հատուկ անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին:
«ԵՄ-ն ողջունում է մայիսի 14-ին Բրյուսելում ԵՄ-ի գլխավորած Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ խաղաղ բանակցությունների վերսկսումը, որի ընթացքում երկու կողմերը վերահաստատել են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը: Հունիսի 1-ին Քիշնևում Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց նրանց հավատարմությունն այդ գործընթացին:
Մենք ընդգծում ենք, որ բանակցություններն ու երկխոսությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև արդար և համապարփակ խաղաղության հասնելու միակ միջոցն են: Հետևաբար, երկխոսության շարունակականությունն ու կոնկրետ արդյունքները վճռորոշ նշանակություն ունեն գործընթացի համար, և մենք ողջունում ենք Բաքվի մասնակցության հաստատումը ԵՄ աջակցությամբ հուլիսի 21-ին հաջորդ հանդիպմանը, որտեղ պետք է հետագա առաջընթաց արձանագրվի»,- նշված է ԵՄ տարածած հայտարարությունում:
Բրյուսելն Ադրբեջանին կոչ է արել մշակել օրակարգ, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը: «Ներկայիս իրավիճակը մտահոգիչ է և ունի բացասական մարդասիրական ազդեցություն, քանի որ էթնիկ հայ բնակչությունը բազմիցս բախվել է հիմնական էներգետիկ և հաղորդակցական ծառայությունների խափանումներին, մինչդեռ հրադադարի հաճախակի խախտումների մասին հաղորդումները լուրջ մտահոգություն են առաջացնում նրանց բարեկեցության համար: Եթե դա դեռ շարունակում է տեղի ունենալ, Բաքվին կոչ ենք անում կոնկրետ քայլեր ձեռնարկել էթնիկ հայ բնակչության նկատմամբ սահմանափակումները վերացնելու ուղղությամբ՝ ապահովելով էներգիայի կայուն մատակարարում և թույլատրելով իրականացնել էլեկտրացանցի տեխնիկական սպասարկում և վերանորոգում: Բացի այդ, կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից և փոխարենն առաջ մղել այնպիսի խոսույթ, որը ստեղծում է վստահություն և խաղաղ բանակցություններին նպաստող միջավայր:
Պետք է նաև վստահության ամրապնդման հետագա միջոցներ ձեռնարկվեն, հատկապես՝ բանտարկյալների ազատ արձակման առումով: ԵՄ-ն շարունակելու է աջակցել ականազերծման աշխատանքներին, և շեշտում ենք կողմերի միջև համագործակցության կարևորությունը՝ ականապատ տարածքները տեղորոշելու նպատակով»,- ասված է ԵՄ հայտարարությունում: Հայտարարությունը եզրափակվում է ԵՄ վստահեցմամբ, որ միավորումը հավատարիմ է խաղաղ, կայուն, անվտանգ Հարավային Կովկաս կառուցելու ուղղությամբ ջանքերին, ինչը բխում է այնտեղ բնակվող բոլոր ժողովուրդների շահերից:
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան