Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի կորցրել հետաքրքրությունը Կովկասյան տարածաշրջանի նկատմամբ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«Կազմակերպության ներսում չկա այնպիսի խոսակցություն, որ ՀԱՊԿ-ն կորցրել է հետաքրքրությունը Կովկասյան տարածաշրջանի նկատմամբ կամ պատրաստվում է դուրս գալ Հայաստանից: Նման բան ոչ ոքի մտքով չի անցնում»,- ասել է պաշտոնյան:
Սիդորովը տեղեկացրել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի մտադրության մասին դիմումներ և փաստաթղթեր չեն ստացվել:
«2023 թ. համատեղ միջոցառումներին փոքր-ինչ սահմանափակ է եղել Հայաստանի մասնակցությունը, բայց ցանկացած իրավիճակ կարող է ստեղծվել պետությունում, և այստեղ մենք այդ որոշումները չենք քննարկում։ Միևնույն ժամանակ, նրանք մասնակցում են ինչպես օրինաստեղծ գործունեությանը, այնպես էլ կազմակերպության փաստաթղթերի քննարկմանը և մշտապես գործող կանոնադրական մարմինների գործունեության ֆինանսավորմանը»,- նշել է Սիդորովը: