Արայիկ Հարությունյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում Սրբուհի Գալյանի թեկնածության առաջադրմանը

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում Սրբուհի Գալյանի թեկնածության առաջադրմանը

https://www.youtube.com/watch?v=fPyDoE8N59Q

Յուրաքանչյուր փուլի համար, այսպես ասած, ընտրությունների և թեկնածուների որոշման իրենց պահանջները կային, և դուք գիտեք, որ մենք կանգ ենք առել Սրբուհի Գալյանի թեկնածության վրա, որը շատ երկար ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ քաղաքական, և, ըստ էության, քաղաքական թիմի մաս է:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Սրբուհի Գալյանի թեկնածության առաջադրումը:

«Մեր ընտրությունը կանգ է առել նրա վրա»,- ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ արդյոք խնդրահարույց չէ՞ քաղաքական թիմի ներկայացուցչին դատախազությունում պաշտոն տալը, Հարությունյանը պատասխանեց՝ եթե քաղաքական պաշտոն է զբաղեցնում, տվյալ ժամանակ լինում է քաղաքական թիմի մաս:

«Եղել է փոխնախարար, որը նույնպես քաղաքական նշանակում է»,- ասաց Հարությունյանը: 

Հարցին՝ արդյոք սկզբունքայի՞ն է եղել կին նախարարի նշանակումը, տվեց բացասական պատասխան:

«Դուք գիտեք, որ եղել է նախարարի երեք կին և երկու տղամարդ թեկնածու, և ընտրությունը նրա վրա է կանգ առել: Հաշվի են առնվել բազմաթիվ հանգամանքներ, բայց քանի որ այդ քննարկումը եղել է փակ, սրանով կսահմանափակվեմ: Կարծում եմ՝ տիկին Գալյանն իր վերջին դիրքում բավական լուրջ հաջողություններ է ունեցել ինստիտուտի կայացման առումով, և դա նույնպես հաշվի է առնվել»,- եզրափակեց խոսքը Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Վարչությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։