Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավար Վաչագան Ծորմուտյանը, կրթության, մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Օլգա Մելիքիձեն և մանկապարտեզների միության ղեկավար Անաիդա Ասատուրյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ միասին, հանդիպել են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում Վրաստանի ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչ Անդրանիկ Բաղդասարյանի հետ։
Տեղեկատվական հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածքներում նախադպրոցական կրթության և դպրոցին նախապատրաստման ծրագրերի մատչելիության հարցերը։
Անդրադարձ է կատարվել նաև մունիցիպալիտետների կողմից ընդունված՝ հանրային շահերին վերաբերող նորմատիվ ակտերի, այդ թվում՝ սոցիալական և առողջապահական ծրագրերի հասանելիությանը։ Քննարկվել է նաև այդ փաստաթղթերի՝ համապատասխան վարչական միավորներում բնակվող ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվով ներկայացման անհրաժեշտությունը։
Հանդիպման նպատակն էր Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ներկայացուցիչներին, աշխատակիցներին և այլ շահագրգիռ անձանց տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև նրանց ծանոթացնել Վրաստանի ժողովրդական պաշտպանի հատուկ զեկույցում ներկայացված հիմնական խնդիրներին և եզրակացություններին։
