Մենք Արցախի հարցում ունենք սկզբունքներ, բայց չենք ասում, որ մինչեւ այդ հարցերը չլուծվեն, չենք բանակցի. Փաշինյան

Մենք Արցախի հարցում ունենք սկզբունքներ, բայց չենք ասում, որ մինչեւ այդ հարցերը չլուծվեն, չենք բանակցի. Փաշինյան

News.am-Այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ նշանակված հանդիպում չկա, կան քննարկումներ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մասին՝ Փաշինյանն այն կառուցողական համարեց. «Հայտարարությունը համապատասխանում է բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ մեր պատկերացումներին: Մենք ունենք բանակցային գործընթացում սկզբունքներ, բայց նաեւ ասել ենք, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման: Չենք ասում, որ մինչեւ այդ հարցերը չլուծվեն, մենք չենք բանակցի: Որովհետեւ եթե բոլոր հարցերը լուծվել են, ուրեմն բանակցելու կարիք չկա: Այսինքն, բանակցություններն այդ հարցերի լուծման նպատակ ունի, ոչ թե պետք է այդ հարցերը լուծվեն, հետո բանակցություններ լինեն»:

Փաշինյանը նշեց, որ նախապայման ունի Ադրբեջանը, որն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս. «Համանախագահների հայտարարությունը համարում եմ կառուցողական եւ տրամաբանական»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե որքանով է բանակցությունների համար մթնոլորտը հարիր հուլիսյան մարտերից հետո, Փաշինյանն ասաց, որ մթնոլորտը հարիր է այնքան, որքան այդ մարտերից առաջ. «Հուլիսյան դեպքերից առաջ մենք Ադրբեջանի կողմից լսում էինք ռազմատենչ հայտարարություններ, որոնք համահունչ չէին բանակցային տրամաբանությանը: Կարծում եմ՝  միջազգային հանրության դիրքորոշումը հստակ է, որ Ղարաբաղի հարցը ունի բացառապես խաղաղ լուծում, իսկ հուլիսյան մարտերը փոխեցին հետեւյալ տրամաբանությունը: Մենք ասում էինք, որ Հայաստանի եւ Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, ադրբեջանն ասում էր, որ 24 ժամում ուժով կլուծի հարցը: Պարզվեց Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»: