Հայաստանը համաճարակային առումով գտնվում է ակտիվ փուլում, շրջանառվում է նաև «օմիկրոն» շտամը. Մերի Տեր-Ստեփանյան

Հայաստանը համաճարակային առումով գտնվում է ակտիվ փուլում, շրջանառվում է նաև «օմիկրոն» շտամը. Մերի Տեր-Ստեփանյան

«Օմիկրոն» շտամի հետևանքով աշխարհում գրանցվել է 398 միլիոն 957 հազար դեպք: Օրական հաստատված դեպքերը հատում են 3 միլիոնի շեմը:

Վերջին շրջանում վարակն ակտիվորեն տարածվում է ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում: Նշված երկրներում նոր շտամը փոխել է համաճարակային պատկերը:

Համաճարակային պատկերը փոխվել է նաև մեզ մոտ՝ Հայաստանում: Երևանի պետական բժշկական համալսարանի ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ հիմա Հայաստանը համաճարակային առումով գտնվում է ակտիվ շրջանում:

«Օրական ունենում ենք արդեն 2000-ից ավելի դեպք, սակայն թվերը կարող են նաև շատ լինել, քանի որ մարդիկ կան, որոնք թեստավորվում են, պատասխանը դրական է լինում, նրանց ընտանիքի անդամներն այլևս չեն թեստավորվում, որովհետև նույն ախտանշաններն ունեն: Կամ մարդիկ թեստավորվում են ռապիտ թեստերի միջոցով, որի դեպքում «Արմեդ» համակարգում տվյալները չեն մուտքագրվում»,- պարզաբանեց նա:

Տեր-Ստեփանյանի խոսքով՝ դրական դեպքերը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության մեջ վիրուսի նկատմամբ միասնական իմունիտետ չի ձևավորվել: Թեև «օմիկրոն»-ը թեթև ընթացք է ունենում, և հնարավոր է լինում ծանր դեպքերից խուսափել, համաճարակաբանը նշեց՝ «օմիկրոն»-ը հիմա գերակշռող է ամբողջ աշխարհում:

«Հետազոտությունների համաձայն՝ հոսպիտալացման հավանականությունն «օմիկրոն» շտամի դեպքում 75 տոկոսից ավելի ցածր է, քան «դելտա» շտամի պարագայում էր: Դա է պատճառը, որ առողջապահական համակարգի գերծանրաբեռնում թվերի աճին զուգահեռ այս պահին չկա»,- ասաց նա:

Նոր շտամը չի շրջանցում նաև պատվաստվածներին, ու թեև հիվանդացության թեթև ընթացքը բնորոշ է այս շտամին, սակայն տարբերությունն այն է, որ վիրուսի դեմ չպատվաստված անձանց դեպքում այն ավելի ծանր ընթացք է ունենում: «Օմիկրոն»-ի դեպքում նվազել են շնչառական անբավարարության հետևանքները:

Հայաստանում նոր շտամի հաստատված դեպքերի թիվը 9-ից ավելի է:

«Նոր շտամով հիվանդանալու դեպքում պատվաստանյութերի պաշտպանությունը մի փոքր զիջում է: Այս պարագայում կարևորվում է բուստեր դեղաչափի ընդունումը: Հիմա մարդկանց վերաբերմունքը վիրուսի ու պատվաստանյութերի հանդեպ փոխվել է դեպի դրականը: Ես կարծում եմ, որ վիրուսն էլ շուտով կվերածվի սովորական հիվանդության, որի հետ մենք կշարունակենք ապրել»,- հավելեց համաճարակաբանը:

Համեմատելով տարածաշրջանային երկրների հետ Հայաստանում տիրող վիճակը՝ նկատվում է, որ Հայաստանը պատվաստանյութերի գործընթացում զիջում է հարևան երկրներին: Մեզ մոտ քովիդի դեմ դեռևս պատվաստված է բնակչության 30 տոկոսը, այսինքն՝ կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում (2 դեղաչափ) ստացել է 858 հազար 981 մարդ: Միայն առաջին դեղաչափ ստացած անձանց թիվը 195 հազար 197 է: Խթանիչ դեղաչափ (բուստեր) ստացել է 12 հազար 397 մարդ: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 միլիոն 925 հազար 556 պատվաստում:

Մերի Խաչատրյան

Armtimes.com