Համահայկական ուսանողական ռազմական բանակումին մասնակցեցին նաև ջավախքցի ուսանողները

Համահայկական ուսանողական ռազմական բանակումին մասնակցեցին նաև ջավախքցի ուսանողները

7 օր շարունակ՝ հուլիսի 12-18-ը, Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում համախմբվել էին ՀՀ տարբեր բուհերի, ինչպես նաև Ջավախքի և Արցախի ուսանողները՝ մասնակցելու արդեն չորրորդ անգամ կազմակերպվող Համահայկական ուսանողական ռազմական բանակումին։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի 9-ը պաշտպանական շրջանները խորհրդանշող ջոկատների միջև մրցակցային սկզբունքով անցկացվեցին ռազմագիտական գործնական պարապմունքներ՝ կրակային, մարտավարական, ֆիզիկական, ինչպես նաև ինտելեկտուալ, մարզական, մշակութային մրցումներ, թեմատիկ դասախոսություններ, թիմային աշխատանքներ, սեմինար-քննարկումներ, նաև ուխտագնացություններ դեպի Արցախի սրբավայրեր։

Ուսանողները, մրցակցելով միմյանց միջև, փորձել են հաղթել տարբեր մրցույթներում, որի ընթացքում գրանցվել են նաև հետաքրքրիր դեպքեր։ Օրինակ՝ հետախուզական արգելքները հաղթահարելու ժամանակ ջավախքցի մասնակից Էդգար Գուշչյանը զբաղեցրել է երրորդ պատվավոր տեղը, որը զարմացրել է աշխատակազմին ու հրամանատարական կազմին, քանի որ նա առաջին անգամ էր մասնակցում նման խաղերի։ 7 օրերի ընթացքում բարելավվել է ուսանողների մարտական և ֆիզիկական վիճակը։

Ուսանողական ռազմական բանակումի կազմակերպիչ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը պատմեց, որ նախորդ երեք տարիներին ևս անցկացվել են ուսանողական բանակումներ, սակայն, այս տարի բանակումը իրականացվեց ավելի շատ ռազմական ձևաչափով։

Ընդհանուր թվով մոտ 160 հոգի է մասնակցել ռազմական բանակումին, յուրաքանչյուր ջոկատում կան մասնակիցներ Ջավախքից, Արցախից, ինչպես նաև ՀՀ տարբեր բուհերից։

«Ջավախք» ուսանողական միության նախագահ Էդգար Չախոյանը տեղեկացրեց, որ ջավախքցիներն արդեն երրորդ տարին է, ինչ մասնակցում են ուսանողական բանակումին։ «Ջավախք» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի առաջարկով և ներկայացմաբ 2015 թ. Ջավախքից փորձնական մասնակցել է 5 հոգի, 2016թ.՝ 9 հոգի, իսկ այս տարի նա ներկայացրել էր 10 հոգի։

«Ջավախք» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի խոսքերով՝ ավելի քան 60 դիմողներից նա ընտրել է 10 ջավախքցի ուսանողներ, ովքեր մեկ շաբաթ ապրել են զինվորի առօրյայով, ստացել են ռազմական գիտելիքներ, մասնակցեցել են կրակային պատրաստության պարապմունքների, ռազմական ոլորտին առնչվող մի շարք դասընթացների:

Ջավախքցի մասնակիցները «Ջավախք» հիմնադրամի հովանավորության շնորհիվ բանակումին ներկայացել են կազմակերպված ունենալով համապատասխան գլխարկներ ու զինվորական համազգեստ՝ Ջավախքի խորհրդանիշներով:

«Ես արդեն հրավիրել եմ բանակումի իմ ընկերներին Ջավախք, որպեսզի գան և տեսնեն, որ Ջավախքն էլ իր բնությամբ, պատմամշակութային վայրերով ու պատմական հուշարձաններով չի զիջում Արցախին։ Շատ գոհ եմ ծրագրից, քանի որ միաժամանակ շատ ուսուցողական, ժամանցային և հետաքրքիր էր։

Կազմակերպիչներն էլ զարմացած են մասնակցության ընթացքում մեր ցուցաբերած արդյունքներից։ Գրեթե բոլոր ջավախքցի մասնակիցները ունեն լավ ձայն՝ երգում են, ակտիվ են ինտելեկտուալ խաղերում, ազգագրական պարերը պարում են մյուսներին հավասար, տղաներն էլ, չծառայելով հանդերձ, ֆիզիկապես չեն զիջում մնացած բոլոր մասնակիցներին։ Պարոն Ավետիսյանը խոստացել է նմանատիպ այլ ուսանողական և երիտասարդական ծրագրերում ևս ընդգրկել ջավախքցիներին, որպեսզի ինչպես այստեղ, այնտեղ էլ լավագույնս ներկայացնեն Ջավախքը»,- նշեց Էդգար Չախոյանը։

Ալինա Կոբելյան, ով սովորում է ԵՊՀ-ի Փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետում, Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղից է։ Բազմիցս մասնակցել է տարբեր ծրագրերի, սակայն ռազմական բանակումի դեռևս չէր մասնակցել։ «Կարևորում է ջավախքցի երիտասարդների մասնակցությունը, քանի որ պետք է ցույց տալ, որ ջավախքցի երիտասարդը ամեն ինչի ընդունակ է, և կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն»,-ասաց նա և հավելեց, որ չնայած արձակուրդին և կարոտին՝ 15 օրից ավելի մնացել է Հայաստանում ռազմական բանակումին մասնակցելու համար, իսկ տպավորությունները միայն դրական են։

Նա նաև ասաց, որ մեծ սիրով կմասնակցի այսօրինակ ծրագրերի Ջավախքում։

 

Արմենուհի Հովսեփյան