Մեր տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական կառուցվածքը

Մեր տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական կառուցվածքը

Վերջին ժամանակներս մեր տարածաշրջանում տեղի են ունենում շատ կարեւոր պատմական գործընթացներ, որոնք մեծ հավանականությամբ մաս են կազմելու նոր աշխարհաքաղաքական բեւեռի։ Խոսքը նրա մասին է, որ կարծես Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը ու Սիրիան Ռուսաստանի ջանքերով ձեւավորում են ընդհանուր շահերից բխող յուրահատուկ մի դաշինք, որում ամեն երկիր ունենալու է իր շահը ու դերակատարությունը։ Այս եզրակացությանը կարելի է հանգել համադրելով մի շարք փաստեր, որոնք տեղի են ունենում վերջին ժամանակներս, սակայն դրանք ավելի պարզ երեւացին այս ամսվա ընթացքում։

Նախ անդրադառնանք հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման պաշտոնական արարողությանը, որին ներկա էին Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ղազախստանի ղեկավարները։ Բացման արարողության ժամանակ պաշտոնապես հայտարարվեց, որ 838 կմ երկարություն ունեցող այս երկաթգիծը տարեկան կտրվածքով տեղափոխելու է շուրջ մեկ միլիոն ուղևոր և ավելի քան 6,5 միլիոն տոննա ուղեբեռ՝ դառնալով յուրահատուկ միջանցք Ասիայի և Եվրոպայի միջև: Ծրագրվում է, որ երկաթգծի երկարությունը պետք է ձգվի Պեկինից մինչեւ Լոնդոն:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությանը հետեւեց Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը Թեհրանում։ Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած եռակողմ գագաթնաժողովի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոսեց նոր Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման կարեւորության մասին։ Հասան Ռուհանիի խոսքերով՝ տվյալ երթուղու կառուցման  ծրագիրը իրար է կապելու Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Իրանը, ինչի միջոցով իրենց բեռները կուղղվեն դեպի Եվրոպա: Այստեղ խոսքը միանշանակ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից օգտվելու մասին է։ Այսպիսով պարզվում է, որ ծրագրի իրար է կապելու ավելի շատ երկրներ, քան նախկինում ենթադրվում էր, դուրս թողնելով միայն Հայաստանին։ Անգամ Ռուսաստանն ու Իրանը, որոնք կարծես դեմ պետք է լինեին տվյալ ծրագրի իրականացմանը հանկարծ փոխեցին իրենց դիրքորոշումը, ցանկություն հայտնելով միանալ տվյալ նախագծին։ Այս ընթացքում միայն ԵՄ-ը ու ԱՄՆ-ն հայտնեցին իրենց դժգոհությունը Հայաստանի ծրագրից դուրս մնալու կապակցությամբ։

Ի՞նչ է կատարվում եւ ինչո՞ւ հենց այդպիսի սցենարով սկսեցին զարգանալ դեպքերը մեր տարածաշրջանում, որ կարծես Հայաստանի դաշնակից երկրները անում են այնպիսի քայլեր, որոնք ավելի են խորացնելու Հայաստանի շրջափակումը տարածաշրջանում։  Ամեն ինչ պարզից էլ պարզ է։ Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են իրենց շահերը համադրել տարածաշրջանում եւ այս գլոբալ խաղի մեջ Հայաստանը իրենց հաշվարկներով ստիպված հետեւելու է իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին։ Դա է պատճառը, որ Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոսեց նոր հյուսիս-հարավ երկաթուղու մասին, գիտակցաբար մոռացության մատնելով Հայաստանի հետ նախկինում նախատեսած հյուսիս-հարավ ծրագրի իրականացումը։

Հարկավոր է նշել մեկ հետաքրքիր հանդիպման մասին եւս, որպեսզի տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները ավելի պարզ դառնան բոլորիս համար։

Նոյեմբերի 13-ին ՌԴ Սոչի քաղաքում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որը տեւել է 4 ժամ։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները։ Հարկ է նշել, որ այս հանդիպումը թվով երկրորդն է անցած երեք ամսվա ընթացքում։

Հետաքրքրական է այն փաստը, որ տվյալ հանդիպման ժամանակ առանց Հայաստանի մասնակցության քննարկվել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության հարցը։ Արդեն նոյեմբերի 15-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Կրեմլում քննարկել են ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Սակայն մանրամասներ ղարաբաղյան կարգավորման թեմայի շուրջ չեն հաղորդել ոչ Սարգսյանի, ոչ Պուտինի եւ ոչ էլ Էրդողանի մամլո գրասենյակները։

Արդեն այսօր՝ նոյեմբերի 20-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ  հանդիպումից հետո հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ մեկին ձեռնտու չէ: Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին Բաքվից մեկնել է Երեւան շարունակելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի  եւ Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպման ժամանակ մեծ հավանականությամբ ներքին կարգով քննարկվելու է նաեւ նոյեմբերի 24-ին Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ նախատեսվող համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման հարցը։ Ռուսաստանը արդեն տարբեր հարթակների միջոցով հասկացնել էր տվել Հայաստանին, որ ինքը դեմ է Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրմանը։ Այստեղ հարկ է նշել, որ Ռուսաստանը տվյալ հարցում օգտագործում է երկակի ստանդարտներ խորացնելով հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ի վնաս իր դաշնակից Հայաստանի եւ մյուս կողմից պահանջում է Հայաստանից չստորագրել Եվրոմիության հետ ասոցացման համաձայնագիրը։

Հավանաբար Լավրովի այցը Բաքու եւ Երեւան ավելի շատ ազդակ է հենց Երեւանին, որ ասոցացման համաձայնագրի ստորագրումով դեպքերը Ղարաբաղի շուրջ կարող են ընթանալ հայկական կողմի համար ոչ բարենպաստ սցենարով։ Դրա պայմանները Ռուսաստանը վաղուց արդեն ստեղծել է Բաքվին տրամադրելով բազմաթիվ արդիական զինատեսակներ։ Նման ակնարկներ արդեն իսկ արվել են Կրեմլի ձեռքի տակ գտնվող մի շարք հեռուստաընկերությունների հաղորդումներում։ Մասնավորապես Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Զվեզդա» ալիքը երեկ՝ նոյեմբերի 19-ին Հայաստանը համեմատում է Ուկրաինայի հետ, Նժդեհին Բանդերայի եւ Հանրապետական կուսակցության զինանշանը հիտլերական Գերմանիայի զինանշանի հետ։ Հավանաբար Ռուսաստանի հեռուստաընկերությունները քաղաքականապես այնքան կարճատես են, որ չեն հասկանում, որ Գարեգին Նժդեհն ոչ մի կապ չունի Հանրապետական կուսակցության հետ, անգամ գաղափարային առումով եւ եթե վիրավորելով Հանրապետական կուսակցությանը հնարավոր է հայ ժողովրդի մոտ համակրանք առաջացնել, նույն ժամանակ վիրավորելով Գարեգին Նժդեհի հիշատակը նրանք հակառակը նպաստում են հակառուսական տրամադրությունների զարգացմանը Հայաստանում։

Վերադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման համեմատաբար ավելի բարենպաստ սցենարին, որը ամենայն հավանականությամբ առաջարկում է հայկական կողմին Ռուսաստանը՝ դա այն է, որ Հայաստանը նախ պետք է հրաժարվի Եվրոմիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից, իսկ Արցախը Ռուսաստանի միջնորդությամբ զիջի իր ազատագրված տարածքները Ադրբեջանին եւ այնտեղ պետք է տեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժեր, որից հետո հակամարտությունը կսառեցվի անորոշ ժամանակով։ Դրա դիմաց Ադրբեջանը հավանաբար կհամաձայնի մտնել Եվրասիական տնտեսական միություն։ Դրան կարծես համաձայն է նաեւ Թուրքիան, որը եւս պատրաստվում է մաս կազմել տվյալ ծրագրի իրականացմանը։

Պատահական չէ բոլորովին նաեւ այն փաստը, որ Սոչիում տեղի ունեցած Էրդողան-Պուտին հանդիպումին հետեւեց ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպը։ Նորվեգիայում տեղի ունեցածը բավականին լուրջ միջադեպ էր Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ։ Խոսքը նրա մասին է, որ կազմակերպիչները ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ տեղադրել էին «թշնամիների» դիմանկարներով պաստառ, որտեղ եղել են Աթաթուրքի ու Էրդողանի պատկերները։ Թուրքիան միանգամից հետ է կանչել իր թվով 40 հոգանոց զորախումբը եւ նույնիսկ չի ընդունել ՆԱՏՕ-ի ներողությունները Նորվեգիայում կատարվածի վերաբերյալ։ Ավելին, նոյեմբերի 19-ին  Թուրքիայի նախագահի խորհրդական Յալչըն Թոփչունը հայտարարել է, որ եկել է ժամանակը վերանայելու ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության հարցը։

Հետաքրքրական է նաեւ այն փաստը, որ նոյեմբերի 13-ին Ռուսաստանի դաշնություն այցելելուց հետո նոյեմբերի 22-ին Էրդողանը կրկին շտապում է Ռուսաստան։ Ամենայն հավանականությամբ երկու երկրների առաջնորդների միջեւ նման կարգի հաճախակի դարձած հանդիպումների հետեւում թագնված է ավելի մեծ գործարք, քան Ռուսաստան-Թուրքիա գազամուղի շինարարությունն է կամ C 400 զենիթահռթիռային համակարգերի ձեռքբերումը Թուրքիայի զինված ուժերի կողմից։

Իսկ երեկ՝ նոյեմբերի 19-ին այս ամենի հետ մեկտեղ Անթալիայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ հանդիպումը Սիրիայի հարցով։ Սիրիական հակամարտության շուրջ եւս կողմերի դիրքորոշումները համընկնում են, խիստ տարբերվելով արեւմուտքի դիրքորոշումից, չնայած որ նախկինում Սիրիայի հարցում Թուրքիայի եւ Ռուսաստանի դիրքորոշումները խիստ իրարամերժ էին։

Այս բոլոր իրադարձությունները վկայում են այն մասին, որ շրջանը արագ տեմպերով փոփոխությունների է ենթարկվում եւ տվյալ պարագայում երեկվա դաշնակիցները կարող են թշնամիների վերածվել, կամ թշնամիները պարտադրվեն մեզ որպես բարեկամներ։

Նման պայմաններում մի բան գոնե պարզ է, որ Վրաստանը ԱՄՆ-ի ու Եվրոմիության օգնությամբ հեռու է մնալու տվյալ գործընթացներից, որոնք նախաձեռնել են Թուրքիան ու Ռուսաստանը։ Եվ Բաքու-Թբիլիսի-Կարս ծրագրի միջոցով դժվար թե հաջողվի Վրաստանին ներքաշել գլոբալ խառնաշփոթի մեջ, չնայած հենց դա է հավանաբար Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ղազաղստանի մշակած սցենարը, որ Վրաստանը ավելի խորը հայտնվի իրենց տնտեսական ազդեցության ներքո։  Մեծ հավանականությամբ, եթե բոլոր այս կանխատեսումները իրականություն դառնան եւ ամեն ինչ ավելի բացահայտ դառնա, ապա Վրաստանը հաստատ վերանայելու է իր հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Ու այս ամենի հետ մեկտեղ նոր կարգի հարաբերություններ է ձեւավորելու Հայաստանի հետ, եթե իհարկե Հայաստանը կարողանա պահպանել իր ինքնությունը նման բարդ իրավիճակում։

Շատ կարեւոր է, որ այս պայմաններում Հայաստանը Վրաստանի ու Ուկրաինայի դժբախտ օրինակով խուսափի լուրջ հակադրության մեջ մտնել Ռուսաստանի հետ եւ նույն ժամանակ անի հնարավորը երկրի ինքնուրույնության բարձրացման համար։ Անհրաժեշտ է նաեւ, որ երկիրը վստահ շարժվի Եվրոմիության հետ ինտեգրման ուղիով եւ ղարաբաղյան հակամարտության գործում ակտիվացնի Ֆրանսիային ու ԱՄՆ-ին, հավասարակշռելով Ռուսաստանի բացասական ազդեցությունը հակամարտության վրա։ Ցավոք դեռ պարզ չէ տարածաշրջանում Ռուսաստանի ու Թուրքիայի կողմից նախաձեռնած գործընթացների շուրջ ԱՄՆ-ի ու Եվրոմիության երկրների դիրքորոշումը։ Ինչպես նաեւ պարզ չէ նրանց անելիքը մեր տարածաշրջանում։ Եւ դա եւս միայն հարցականներ է առաջացնում։

Ամեն դեպքում նման իրավիճակում Հայաստանը պետք է վարի ճկուն, սակայ նույն ժամանակ համարձակ ու վճռական քաղաքականություն, որպեսզի երկիրը անցնի այս վտանգավոր ժամանակաշրջանի միջով առանց կորուստների եւ չվերածվի առեւտրի առարկայի մեծ ու թշնամաբար տրամադրված երկրների քաղաքականության ձեռքերում։

 

Էդուարդ ԱՅՎԱԶՅԱՆ

ՍամցխեՋավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն