Ջավախքում ազատամարտիկի կիսանդրու տեղադրումից հետո ադրբեջանցիների հրահրմամբ հակահայկական ալիք է բարձրացել, իսկ հայերը մենակ են տեղեկատվական պատերազմում. Է. Այվազյան

Ջավախքում ազատամարտիկի կիսանդրու տեղադրումից հետո ադրբեջանցիների հրահրմամբ հակահայկական ալիք է բարձրացել, իսկ հայերը մենակ են տեղեկատվական պատերազմում. Է. Այվազյան

Ախալքալաքի Բուղաշեն գյուղում հունվարի 20-ին վերատեղադրված արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի կիսանդրու բացումը պատճառ է դարձել, որ ադրբեջանական կողմը Վրաստանում հակահայկական ալիք բարձրացնի:

Tert.am-ի հետ զրույցում Սամցխե–Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը նախ նշեց, որ հուշարձանը նախկինում կար, այն ընդամենը հիմնովին վերանորոգվել է ռուսաստանաբնակ իր բարեկամների, համագյուղացիների կողմից և որից հետո տեղի է ունեցել պաշտոնական բացման արարողությունը: Բացմանը ներկա են եղել ինչպես տեղական իշխանության ներկայացուցիչները, այնպես էլ Վրաստանում Հայաստանի դեսպանը: Ըստ նրա` լուրն ադրբեջանական ֆոնդերից ֆինանսավորվող կայքերում արագ տարածվել է և դրան արագ արձագանքել են ադրբեջանական լրատվամիջոցները, ինչից հետո արդեն սոցցանցերը հեղեղվել են հակահայկական գրառումներով, որ տեսեք` անջատողականի արձան են տեղադրել Վրաստանում:

Այնուհետև, ըստ Այվազյանի՝ մեծ աղմուկ են բարձրացրել նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն Վրաստանի դեսպանին կանչել է պարզաբանումների համար։ Դրանից բացի Վրաստանի ԱԳՆ է այցելել Վրաստանում Ադրբեջանի դեսպանը և Վրաստանին փոխանցել Ադրբեջանի պաշտոնական բողոքի նոտան:

«Այս ամենին զուգահեռ, վրացական լրատվամիջոցները, որոնք ֆինանսավորվում են Ադրբեջանի կողմից, սկսեցին ակտիվ հրահրել հակահայկական տրամադրություններ, այդպես տարածվեց և ձնագնդի էֆեկտ ստացավ հարցը: Բոլոր վրացական  լրատվամիջոցները սկսեցին անդրադառնալ թեմային, որ տեսեք վրացական կողմում բացվել է արցախյան ազատամարտիկի մասնակցի կիսանդրին, թե մենք ինչ կապ ունենք դրա հետ, թույլտվություն չկար: Այնուհետև փորձեցին տեղական իշխանություններից պարզել` թույլտվություն եղե՞լ է, թե չէ, ովքեր էլ ասացին, թե իրենք վերջին օրն են իմացել, իրենց հրավիրել են, իրենք էլ գնացել մասնակցել են և հին արձանի տեղում կառուցվել է նորը»,-ասաց նա:

Էդուարդ Այվազյանը նշեց, որ խնդիրն այն է, որ հարցը լուսաբանվում է միակողմանի՝ ադրբեջանամետ տեսանկյունից, միաժամանակ հիշեցնելով, որ տարածաշրջանը հիմնականում բնակեցված է հայերով: «Ադրբեջանցիները դեռ ավելին, նյութը այնպես են մատուցել, որ հունվարի  20-ը իրենց համար սգո օր է և հատուկ է այդ օրը ընտրվել ՀՀ դեսպանի մասնակցությամբ»,-ասաց նա:

Ըստ նրա՝ տեղական լրատվամիջոցները զանգահարում էին տարբեր կազմակերպությունների, հասարակական, քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, որոնք հիմնականում բացասական գնահատական են տալիս: «Հիմնականում այնպիսի ֆոն է ստեղծվում, թե շատ վատ է, որ նման կիսանդրի է տեղադրվել, տարածելով հակահայկական, ջավախյան անջատողականության քարոզչությունը: Այստեղ ոչ թե կիսանդրու խնդիրն է, այլ Ադրբեջանն օգտագործում է այս պահը, որպեսզի Վրաստանում հակահայկական քարոզչություն իրականացնի` լրատվամիջոցների միջոցով ստեղծելով հակահայկան ալիք, հիշեցնելով աբխազիական պատերազմի մասին, տարբեր այլ հակահայկական  մոտեցումների մասին»,-ասաց նա:

Սամցխե– Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրենը նշեց, թե խնդիրն այն է, որ Սամցխե-Ջավախքի հայաբնակ շրջանը տեղեկատվական պատերազմներում հիմնականում ադրբեջանական  քարզչության դեմ մնացել է մեն–մենակ և զարգացումները կարող են  դառնալ անցանկալի և վտանգավոր, եթե նաև հայկական կողմից չկանխվեն:

Իսկ թե վրացական իշխանություների կողմից ի՞նչ արձագանքներ կան, նա ասաց, որ այս պահի դրությամբ դեռևս խուսափում են որևիցե գնահատական տալուց:

Հարցին` հայկական կողմից համայնքն ինչպե՞ս է դիմադրում, ասաց, որ հայերը ևս ակտիվ մասնակցում են այդ մեկնաբանություններին սոցցանցերում և օրինակ՝ վրացիներին հիշեցնում են, որ երբ Հեյդար Ալևիի արձանը տեղադրվեց, հայկական համայնքի դժգոհության մեծ ալիք չառաջացրեց, ինչո՞ւ եք դուք նման կերպ վարվում:

Հեղինակ Նելլի Լազարյան

Թերթ.am