Ջահերով երթ Ախալցխայում

Ջահերով երթ Ախալցխայում

Ապրիլի 23-ին՝ երեկոյան Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով  երթը դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: Երթը ավանդության համաձայն կազմակերպվել էր Զորի Զորյան երիտասարդական միության կողմից։

Երթին միացել էին Ախալցխայի շրջանի գյուղերի երիտասարդները։ Երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված ջահերը ձեռքերին բարձրացան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող:

Արդեն խաչքար-հուշակոթողի մոտ Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հակոբ Սահակյանը, ՄԱԿ-ում 2017-2018թ․Վրաստանի երիտասարդական ներկայացուցիչ  Գեւորգ Թումասյանը եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանը հանդես եկան Հայոց Ցեղասպանությունը դատապարտող ելույթներով: