Խտրական վերաբերմո՞ւնք, թե՞ հայերենի մասնագետների պակաս. Վրաստանում կբարձրանան ավագ ուսուցիչների աշխատավարձերը, հայոց լեզվի ուսուցիչները ցանկում

Խտրական վերաբերմո՞ւնք, թե՞ հայերենի մասնագետների պակաս. Վրաստանում կբարձրանան ավագ ուսուցիչների աշխատավարձերը, հայոց լեզվի ուսուցիչները ցանկում

Վրաստանում հոկտեմբերի 1-ից կբարձրանան ավագ ուսուցիչների աշխատավարձերը, մինչդեռ այդ ցանկում հայոց լեզվի ուսուցիչները չկան. Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը:

Ըստ նրա, պատճառն այն է, որ միայն հայերեն լեզվի ուսուցիչների համար Վրաստանում գոյություն չունեն որակավորման քննություններ, որոնք հանձնելու միջոցով ուսուցիչը արժանանում է ավագի կոչմանը։

«Վրաստանում գոյություն  ունի ավագ ուսուցիչ հասկացությունը. այն ուսուցիչները, որոնք հանձնում են որակավորման քննություններ իրենց առարկայից, ստանում են ավագ ուսուցչի կարգավիճակ: Նրանց աշխատավարձն անհամեմատ բարձր է մնացած ուսուցիչներից և նրանք հնարավորություն են ստանում շարունակել իրենց գործունեությունն անխափան: Իսկ ովքեր որ չեն կարողանում հանձնել քննությունները, նրանց մի քանի տարի ժամանակ է տրվում: Վերջին ժամկետը այս տարվա դեկտեմբերին է և ովքեր չեն հանձնում, նրանց շատ հեշտ կարող են փոխարինել ուսուցիչներ, ովքեր որ ունեն որակավորում: Բայց այս համակարգից դուրս է  մնացել հայոց լեզուն: Հայոց լեզվի համար գոյություն չունի որակավորման քննություն: Ես չգիտեմ ադրբեջաներենի վիճակը ոնց է, բայց հայոց լեզվի նաև տարրական դասարանների  համար գոյություն չունի ընդհանրապես որակավորման քննություն»,-ասաց նա:

Էդուարդ Այվազյանը նշեց, որ հայ ուսուցիչներին 3 տարի ժամանակ են տվել, որ կարող են աշխատել, բայց դա, ըստ էության, ձևական է, քանի որ չկան քննություններ հայերենի համար: «Այսինքն՝ դեկտեմբերին նրանց աշխատանքից ազատելն անիմաստ է դառնում, բայց միաժամանակ նրանց աշխատավարձերն էլ չի ավելանում, քանի որ ավագ ուսուցիչ դառնալու ընթացակարգ էլ չկա»,-բացատրեց նա:

Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրենը համոզված չէ, որ այս փաստը խտրական վերաբերմունքի արդյունք է: «Հարցը գուցե ոչ թե խտրական վերաբերմունք է, այլ շատ հնարավոր է, որ Վրաստանում գոյություն չունեն հայերենի բարձր իմացության մասնագետներ, որոնք կանցկացնեն որակավորման քննություններ հայոց լեզվի ուսուցիչների համար»,-ասաց նա:

Ըստ նրա, այս հարցով պետք է զբաղվի Վրաստանում ՀՀ դեսպանատունը, Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը, սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը և Հայաստանի ԱԳՆ-ն. պետք է բանակցեն իրենց վրաց գործընկների հետ, որպեսզի մասնագետներով աջակցեն:

Այվազյանը նշեց, որ Հայոց լեզվի ուսուցիչներին խրախուսելը պատվի, հայրենասիրության ու հայեցի դաստիրակություն ունենալու հարց է և սրանով կարող են և պետք է զբաղվեն նաև բարերարներն ու հիմնադրամները։

«Օրինակ՝ ադրբեջանական SOCAR ընկերությունը ադրբեջաներենի ուսուցիչների համար Վրաստանում ստեղծել է լրացուցիչ ֆինանսական աղբյուր և ոչ միայն ուսուցիչները, այլ նաև ուսանողները ադրբեջաներեն ուսանելու համար գումար են ստանում SOCAR-ից։ Ժամանակն է դատարկ ու պոպուլիստական հայրենասիրությունից (խոսքը բոլորիս է վերաբերվում) անցնել կոնկրետ գործերի»,-իր ֆեյսբուքյան էջում գրել էր  նա։

 

Նելի Լազարյան 

Tert.am