Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվեց Հայաստանի առողջապահության համակարգին

Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվեց Հայաստանի առողջապահության համակարգին

Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվեց Հայաստանի առողջապահության համակարգին COVID-19-ի դեմ արդյունավետ պայքար մղելու համար։ 13 400$ գումարը հավաքվել էր անցյալ տարվա հունիսի 2-ին Գլենդելում Սփյուռքի Միասնության Հարթակի եւ Գեոպոլիտիկ ակումբի ջանքերով, որպեսզի Ախալցխայում ստեղծվեր երեիտասարդների համար Մարզամշակութային կենտրոն։

Ցավոք, հանգանակված գումարը բավարար չէր Ախալցխայի կենտրոնական մասերում տարածք կամ շինություն ձեռք բերելու համար եւ որոշում էր կայացվել վարձակալել տարածք եւ ձեռք բերել տրենաժորներ։ Այս որոշման հետ զուգահեռ վրա հասավ COVID-19-ի համաշխարհային պանդեմիան, ինչի արդյունքում կարանտինային սահմանափակումներ մտցվեցին ինչպես Վրաստանում ու Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Այդ իսկ պատճառով մինչեւ օրս Վրաստանում չեն բացվել մարզանքի սպորտային կենտրոնները եւ դեռ պարզ չէ, թե ինչքան են շարունակվելու այս համաճարակի պատճառով առաջացած խնդիրները։ Դրան զուգահեռ համաճարակային իրավիճակը արագ վաթթարացավ Հայաստանում, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ վարակվել եւ վարակվում են կորոնավիրուսով։ Հիվանդանոցներում զգացվում է տեղերի ու սարքավորումների պակաս, ինչի արդյունքում մահացությունը վիրուսից կարող է ավելանալ։

Այս ամենը պատճառ հանդիսացավ, որ Ջավախքից Սամցխե-Ջավախքի Մեդիա Վորլուծական կենտրոնը, որը մասնակցել էր տվյալ դրամահավաքին, առաջարկեր ԱՄՆ-ի ՍՄՀ-ին գումարը այս փուլում ամբողջությամբ փոխանցել Հայաստանի առողջապահական համակարգին։

Օրեր անց առաջարկը քվեարկության դրվեց եւ գումարը փոխանցվեց Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվին։

Անցյալ տարի թելեթոն դրամահավաքը կազմակերպած կազմակերպությունները փաստում են, որ իրենց կողմից նախատեսված ծրագիրը չի մոռացվի եւ ապագայում ամեն ջանք գործադրվելու է Վրաստանի իշխանությունների հետ լեզու գտնելով եւ Հայաստանի օգնությամբ այն կյանքի կոչելու համար։