Հայ-վրացական եղբայրական բարեկության մասին նախկինում լսվող կենացաճառերին փոխարինելու են եկել գործնական քայլերը. Էդուարդ Այվազյան

Հայ-վրացական եղբայրական բարեկության մասին նախկինում լսվող կենացաճառերին փոխարինելու են եկել գործնական քայլերը. Էդուարդ Այվազյան

Թբիլիսիում ընթանում է հայ-վրացական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հանդիպում են ունեցել նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետերը: Հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ չնայած դժվարություններին, Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները թևակոխել են որակական նոր փուլ, միաժամանակ նա տեղեկացրել է, որ Վրաստանն ու Հայաստանը նախանշել են հավակնոտ նպատակ՝ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 1 մլրդ դոլարի։

Zarkerak.am-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանն ընդգծեց, որ այս տարի երկու երկրների վարչապետերն արդեն 4-րդ անգամ են հանդիպում: «Հայաստանի ու Վրաստանի ղեկավարների և կառավարությունների միջև հանդիպումները բավական ինտենսիվ են դարձել, պետք է նշել, որ նախկինում նման ինտենսիվությամբ հանդիպումների մենք ականատես չենք եղել: Վերջին ամիսներին հարաբերությունների զարգացման բավական մեծ ակտիվություն է նկատվում, ինչը չափազանց ողջունելի է: Եթե նախկինում հաճախ լսում էինք միայն կենացաճառեր՝ հայ-վրացական եղբայրական բարեկամական հարաբերությունների մասին, ապա հիմա կամաց-կամաց ականատես ենք լինում գործնական քայլերի: Իհարկե, դեռ քիչ են ակտիվ քայլերը, բայց արդեն տարբերությունն ակնհայտ է  և մենք գործնականում որոշակի փոփոխություններ ենք նշմարում: Կարծում եմ, արդեն խոսք է գնում ռազմավարական բնույթի հարաբերություններ ձևավորելու մասին: Այդ համատեքստում բավական շատ խնդիրներ իրենց լուծումը կգտնեն, այդ թվում՝ նաև ջավախահայության խնդիրները, ինչը մեզ համար օրակարգային նշանակություն է»:

Անդրադառնալով ամիսներ առաջ Վրաստանի վարչապետի հնչեցրած առաջարկին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում միջնորդ հանդիսանալու վերաբերյալ՝ Այվազյանն ասաց, որ Վրաստանը բազմիցս առաջարկել է իր միջնորդական առաքելությունը, և հիշեցրեց, որ Վրաստանի ջանքերի շնորհիվ մի խումբ ռազմագերիներ վերադարձան Հայաստան: «Կարծես թե՝ դա Վրաստանի վարչապետի անձնական նախաձեռնությունն էր՝ անձամբ ներգրավվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, դա իհարկե, դրական ազդեցություն կունենա, սակայն հասկանալի է նաև, որ Վրաստանը փոքր երկիր է և ազդեցության լծակներ քիչ ունի: Սա ընդամենը բարի կամքի դրևորում էր: Բնականաբար, Վրաստանի ակտիվացումն այս առումով ինչ-որ չափով դրական ազդեցություն կունենա, բայց մեծ ակնկալիքներ ունենալ այս առումով, թերևս չարժե, քանի որ գերտերություններ են այսօր զբաղվում հայ-ադրբեջանական կոնֆլիկտով: Չեմ կարծում, որ Վրաստանի դերակատարությունը կարող է լինել ավելին, քան համաշխարհային դերակատարներինն է»:

Փորձագետը նաև նշեց, որ մինչ այժմ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում անդրադարձ չի եղել նաև «3+3»-ին Վրաստանի մասնակցությանը: «Նաեւ չեմ կարծում, որ այս այցից հետո՝ այդ ֆորմատին Վրաստանի մասնակցության վերաբերյալ որևէ փոփոխություն տեղի ունենա, առավել ևս՝ չեմ կարծում, որ Հայաստանը դիմի Վրաստանին՝ այդ ֆորմատին մասնակցության վերաբերյալ դիրքորոշումը վերանայելու համար։ Կարծում եմ «3+3»-ին մասնակցել-չմասնակցելու հարցը փակված է Վրաստանի համար»:

Քրիստինե Հովհաննիսյան

Zarkerak.am