Ինչպե՞ս կարելի է արտագաղթը կանգնեցնել և սկսել հակառակ գործընթացը Ջավախքում

Ինչպե՞ս կարելի է արտագաղթը կանգնեցնել և սկսել հակառակ գործընթացը Ջավախքում

Մեկ ամիս էլ չէ անցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից Վրաստան, սակայն ժողովրդի մեջ, հատկապես Ջավախքում, այցի կապակցությամբ քննարկումները չեն դադարում։ Այս օրերին բոլորն են քննարկում վարչապետի այցելությունը Ջավախք եւ փորձում վերլուծել նրա հիմնական ուղերձները, որոնք նա անընդհատ անում էր ժողովրդի հետ ամեն բնակավայրում հանդիպելու ժամանակ։ Ուղերձներից մեկը կարծես բոլորի համար պարզ է եւ իրագործելի հաշվի առնելով Հայաստան-Վրաստան նոր որակի հարաբերությունների մեկնարկը։ Խոսքը այն մասին է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անընդհատ կրկնում էր, որ պետք է երկու ժողովուրդների հարաբերություններում չլինեն սպառնալիքներ ու դավադրություններ, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները նոր որակական զարգացում ապրեն։ Այս գաղափարին եթե ավելացնենք վարչապետի հետեւյալ հայտարարությունը, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է զերծ մնան աշխարհաքաղաքական գործոններից, ամեն ինչ տեղն է ընկնում։ Խոսքը այն մասին է, որ Վրաստանը ոչ մի առումով մտահոգվելու տեղ չունի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունների մասով։ Եւ այդ հարաբերությունները ոչ մի սադրանք չեն կարող պարունակել ջավախքյան հատվածում ընդդեմ Վրաստանի։

Սակայն արդարության համար պետք է նշենք, որ Հայաստանն էլ իր հերթին մտահոգություններ ունի թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունից Վրաստանի վրա, որը ամեն կերպ ձգտում է ներքաշել Վրաստանը հակահայկական գործընթացների մեջ։ Ուրեմն այս առումով Նիկոլ Փաշինյանի ուղերձը ավելի հստակ է դառնում եւ կարծես լրացնում այն կարեւոր բացը, որը մինչեւ օրս առկա էր հայ-վրացական հարաբերություններում։

Այս ամենի հետ մեկտեղ կարելի է տեսնել վրացական կողմի դրական վերաբերմունքը ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցին հենց Վրաստան ու այն, որ Վրաստանի իշխանությունները չխոչընդոտեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ջավախք։ Դրանից եւս կարելի է ենթադրել, որ Վրաստանի ղեկավարությունը վստահում է Հայաստանի այսօրվա առաջնորդներին եւ պատրաստ է նոր իշխանությունների հետ նոր որակի հարաբերություններ կառուցել, որոնք շատ հավանական է մոտ ապագայում ինչ-որ անվտանգության բաղադրիչի եւս կենթադրեն երկկողմ հարաբերություններում։

Հանդիպումների բնույթից ու որակից կարելի է ենթադրել, որ վրացական կողմը եւս Հայաստանի հետ նոր որակի հարաբերություններ կառուցելու կարիք ունի, ինչը կարող է Վրաստանի համար դիտվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները բալանսավորող գործոն։

Եթե Ջավախքում արված Նիկոլ Փաշինյանի հիմնական ուղերձի մասով ամեն ինչ պարզ էր, ապա երկրորդ ուղերձը ժողովրդի մեջ բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Խոսքը նրա մասին է, որ Փաշինյանը հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարեց, որ պետք է ամեն ջանք գործադրվի արտագաղթը կանգնեցնելու համար Ջավախքում և այս շրջանում պետք է սկսվի հակառակ պրոցեսը։ Սակայն հարց է առաջանում, ինչպե՞ս կարելի է դա իրականացնել։ Եւ արդյոք դրանք լոկ խոսքեր կամ բարի ցանկություններ չե՞ն։

Պարզվում է, որ չէ, այդ մտքերը լրիվ իրականանալի են, եթե իհարկե Հայաստանի ու Վրաստանի իշխանությունները այդ ծրագիրը իրականացնելու կամք դրսեւորեն։

Այս պարագայում շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ այդ գաղափարը պետք է շահեկան լինի նաեւ Վրաստանի համար։ Սակայն պատասխանը այստեղ էլ շատ պարզ է։ Վրաստանը այսօր շատ մեծ կախվածության մեջ է Թուրքիայից ու Ադրբեջանից եւ երկիրը չունի ոչ ֆինանսական ու ոչ էլ մարդկային ռեսուրսներ Թուրքիայի հետ սահմանակից շրջանը պահելու վրացական ազդեցության ու ենթակայության տակ։ Եւ այս հարցում ինչպես էլ միշտ օգնության ձեռք է կարող մեկնել հայ ժողովուրդը, որը ոչ միայն սերտ բնակեցված է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, այլ նաեւ մշտապես հավատարիմ է եղել վրացական պետությանը եւ դրանից բացի ունի ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեցող սփյուռք Ռուսաստանի Դաշնությունում։

Եւ հենց այս առումով Հայաստանը ու Վրաստանը մեծ անելիք ունեն։ Եթե այդ համատեքստում դիտենք Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ պետք է Ջավախքում արտագաղթը կանգնեցվի եւ սկսվի հակառակ պրոցեսը, պետք է հասկանանք, որ հավանաբար Հայաստանի վարչապետը դա ի նկատի ուներ։ Դրանից բացի ՀՀ-ն կարող է խրախուսել հայաստանյան գործարարներին ներդրումներ անել Ջավախքում, ինչը եւս դրական ազդեցություն է ունենալու։ Այնպես, որ վարչապետի տվյալ հայտարարությունը եթե դիտենք գործնական ասպարեզում, ապա այն լրիվ իրականանալի գաղափար է ուղղակի այդ առումով պետք է ՀՀ-ն աշխատանք տանի ծնունդով ջավախքցի արտերկրյա գործարարների հետ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի միլիոնավոր դոլարների ներդրումներ կատարել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, բալանսավորելով թուրք-ադրբեջանական տնտեսական ազդեցությունը Վրաստանում ու հատկապես Ջավախքում։

Այս պարագայում մեզ մնում է ընդամենը հույս հայտնել, որ երկու երկրների ղեկավարությունները լավ են գիտակցում Սամցխե-Ջավախքի ռազմավարական նշանակությունը եւ ջանք չեն խնայի ներկայիս վիճակը փոխելու համար։ Ի վերջո, եթե գլոբալ մտածենք Ջավախքը քրիստոնյա բնակչությամբ միակ ապահով կապն է Հայաստանի ու Վրաստանի միջեւ, որի թուրքացման պարագայում երկու երկրները հայտնվելու են թուրքական պետությունների օղակում։

 

Էդուարդ Այվազյան