Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «ոչ բարեկամ» երկրների համար ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման գործընթացը չի մեկնարկի հենց մարտի 31-ին։ Նրա խոսքով՝ դա «ժամանակի երկար գործընթաց է»՝ գրում է kommersant-ը։
«Մենք ասել ենք, որ վճարումն ու առաքումները ժամանակատար գործընթաց են… Դա չի նշանակում, որ վաղվա առաքումները պետք է վճարվեն ռուբլով: Այստեղ առկա է երկարաժամկետ տեխնոլոգիական գործընթաց»,- ասել է Պեսկովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր մինչև մարտի 31-ը գազի վճարումները փոխանցել ռուբլով։ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպա, եթե դրա դիմաց չվճարեն ռուսական արժույթով։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց ԵՄ-ի հրաժարվելու մասին։ Նման որոշում են կայացրել նաև G7-ի երկրները։