Արտակ Բեգլարյանը՝ Ադրբեջանին Մեծ Բրիտանիայի կողմից ցուցաբերվող աջակցության մասին

Արտակ Բեգլարյանը՝ Ադրբեջանին Մեծ Բրիտանիայի կողմից ցուցաբերվող աջակցության մասին

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ կապ ունի Մեծ Բրիտանիան Արցախի ու ՌԴ անվտանգային երաշխիքների դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետ…

Այս օրերին, երբ Ադրբեջանը հերթական անգամ բռնազավթում է Արցախի բնակավայր ու ռազմավարական նշանակության բարձունք, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը այցելում է Բաքու, իսկ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկում են ղարաբաղյան հակամարտությունը: Բրիտանական բացահայտ աջակցությունը Ադրբեջանին տեսել ենք 2020թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ:

Հիմա էլ, Փառուխի ու Քարագլխի օկուպացիայի պայմաններում, Մեծ Բրիտանիան չի էլ թաքցնում իր ռազմավարական աջակցությունը, իսկ թե վարագույրներից այն կողմ ինչ ծավալի ու տեսակի իրական աջակցություն է տրվում, կարող ենք միայն գուշակել:

Դա կատարվում է և՛ ադրբեջանա-թուրքական տանդեմի դիրքերը տարածաշրջանում ամրացնելու, և՛ հատկապես հիմա Ռուսաստանի կենսական շահերին հարվածելու նպատակով, ինչի հետևանքով ոտնատակ են տրվում Արցախի բնիկ ժողովրդի կյանքն ու անվտանգությունը:

Իսկ Արևմուտքի կողմից «գովերգվող» մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ամենևին կարևոր չեն աշխարհաքաղաքական այսպիսի կեղտոտ խաղերում»: