Freedom House կազմակերպությունն աշխարհում ժողովրդավարության վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում նշված է, որ 2023 թվականին ժողովրդավարության միավորները նվազել են զեկույցում ներկայացված 29 երկրից 11-ում, իսկ 7-ում բարելավումներ են գրանցվել: Քաղաքացիական ակտիվիստները և ժողովրդավար առաջնորդները շարունակում են ձգտել ավելի լավ կառավարման՝ տարբեր տարածաշրջաններում: Զեկույցում անդրադարձ կա նաև Հայաստանին:
«Հայաստանը դեռևս չի դիմել ԵՄ-ի թեկնածության համար, սակայն շարունակեց ժողովրդավարական հաջողություններ գրանցել 2022 թվականին՝ դառնալով «2023 թվականի անցումային երկրների» ցանկում միակը, որը բարելավել է մեկից ավելի ցուցանիշ:
ՀԿ-ներն ու անկախ լրատվամիջոցներն առաջընթաց գրանցեցին, հատկապես, երբ նրանց առարկությունները համոզեցին կառավարությանը հետ կանգնել 2021 թվականի վիճահարույց օրենսդրությունից, որը քրեականացնում էր զրպարտությունը: Վատթարացման հավանականությունը, այնուամենայնիվ, պահպանվում է, ինչի մասին վկայում են անցած օգոստոսին տեղական ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների ձերբակալությունները:
«Հաշվի առնելով Հայաստանի կախվածությունը ավտորիտար Ռուսաստանից՝ բացահայտ թշնամական և նույնքան ավտորիտար հարևանից՝ Ադրբեջանից, ռազմական պաշտպանության առումով, Հայաստանի ժողովրդավարությունը բախվում է բացառիկ հզոր հակահարվածների»,- նշած է փաստաթղթում:
Ըստ զեկույցի՝ Վրաստանի կառավարության աշխատանքը, որը հեղինակները բնութագրել են վատ, հակադրվում է Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հիբրիդային ռեժիմների առաջընթացին: «Այդ երկրում վտանգավոր քաղաքական բևեռացում է: Խնդիրը, որը համարվում է «առանցքային առաջնահերթություն» ԵՄ-ի որակավորված թեկնածուի կարգավիճակի հարցում, ներթափանցել է յուրաքանչյուր պետական հաստատություն: Լրատվամիջոցները քաղաքականացված են և կողմնակալ են հօգուտ իշխող կուսակցության կամ ընդդիմության: 2023 թվականի սկզբին կառավարությունն առաջարկեց ընդունել ռուսական ոճով «Օտարերկրյա գործակալների» մասին օրենք, որը տեղական ՀԿ-ներին և լրատվամիջոցներին, որոնք արտերկրից ստանում են իրենց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը, պարտավորեցնում է գրանցվել որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ»: Այս քայլը հանգեցրեց բողոքի ցույցերի և ոստիկանության բռնությունների՝ նախքան օրենքի չեղարկումը»,- նշված է հրապարակման մեջ:
Ըստ հեղինակների՝ Ուկրաինայի պատերազմի նման սցենար է ծավալվում Կովկասում, որը շատ քիչ ուշադրության է արժանանում:
«2020 թվականին Ադրբեջանի զինուժը գրավեց Լեռնային Ղարաբաղի մի մասը, շրջան, որը 1994 թվականին ադրբեջանական զորքերի ջախջախումից հետո գտնվում էր տեղի հայկական ուժերի հսկողության ներքո: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը 2020 թվականի հաղթանակից հետո շարունակեց իր տարածքային նկրտումները ռազմական միջոցներով։ 2022-ին այն խոշոր ներխուժում սկսեց Հայաստանի Հանրապետություն, իսկ 2023-ի սկզբին էլ ավելի մեկուսացրեց Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերին՝ արգելափակելով կարևոր ճանապարհային կապը «բնապահպանական ցույցերի» անվան տակ»,- ընդգծել են հեղինակները։
«2014 և 2022 թվականներին Մոսկվայի կողմից ուկրաինական տարածքի գրավումը հանգեցրել է բնակիչների իրավունքների և ֆիզիկական անվտանգության կտրուկ կորստի, և կան բազմաթիվ ապացույցներ, որ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի որոշ մասի նկատմամբ Բաքվի վերահսկողության ընդլայնումը նույն կերպ կվերացնի տեղի բնակչության ազատություններն ու անվտանգությունը։
Ժողովրդավարական կառավարությունները չպետք է անտեսեն վտանգը։ Նրանք պետք է ձեռնարկեն ամեն հնարավոր քայլ՝ ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը և ապահովելու բոլոր նրանց պաշտպանությունը, ովքեր ապրում են Ադրբեջանի տիրապետության կամ օկուպացիայի տակ կամ փախչում են դրանից»,- եզրափակել են Freedom House-ի փորձագետները։