ԹՈՒՐՔԵՐԻՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԶՍՊԵԼ ԵՒ՛ ՌՈՒՍՆԵՐԸ, ԵՒ՛ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ

ԹՈՒՐՔԵՐԻՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԶՍՊԵԼ ԵՒ՛ ՌՈՒՍՆԵՐԸ, ԵՒ՛ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ

«Ժառանգության հիմնադրամ» գիտահետազոտական կենտրոնի վերլուծաբան (The Heritage Foundation) Լյուկ Կոֆին առաջարկել է Սիրիայից դուրս եկած ամերիկյան կոնտինգենտը տեղակայել Վրաստանում, մասնավորապես, հայաշատ Ախալքալաքում՝ նախկին ռուսական ռազմաբազայի տարածքում՝ «Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորում» ահաբեկչական կազմավորման հնարավոր վերակազմավորման դեպքում արագ արձագանքի համար։ Սա Լյուկ Կոֆին կոչել է՝ «Վրաստանին առաջարկվում է դառնալ  «հորիզոնից այն կողմ» ԻՊ-ի հակազդման ուժ»։

Վրաստան-Հայաստան սահմանին ՀԱԿՊ-ՆԱՏՕ բաժանարար գծեր ունենալու պարագայում անվտանգային ռիսկ առաջանալու վտանգների մասին կարելի է նաև պատկերացնել, թե որը կլինի ռուսական արձագանքը Վրաստանի՝ հայերով բնակեցված և ՌԴ-ի հետ սերտ կապեր ունեցող հայության այս հատվածում ամերիկյան կոնտինգենտ տեղակայելու դեպքում։ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ առաջարկը վրաց վերլուծաբանների ու քաղաքական գործիչների շրջանում բուռն բանավեճերի տեղիք է տվել։ Անձամբ նա կարծում է, որ առաջարկը վաղ թե ուշ կընդունվի։

Հարցին, թե մասնավորապես, վրաց քաղաքական ու քաղաքագիտական մտքում ինչ տեսակետներ կան, ասաց․ «Պետական վերնախավում միշտ դրական են արձագանքում և ձգտում, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ինչը միշտ ձգձգվում է։ Էս առումով, ըստ իս, պետությունը միշտ ողջունել ու ողջունում է։ Ասեմ ավելին՝ այդ գաղափարը գալիս է նրանից, որ  ԻՊ դեմ պայքարում այդ բազան կարող է շատ կարևոր լինել ԱՄՆ-ի համար, որպեսզի ապագայում տրանզիտ երկրի միջոցով՝ Վրաստանով չկարողանան անցնել այլ երկրներ՝ օրինակ՝ Ադրբեջան»։

Վրաց փորձագետի խոսքով՝ թե՛ Ռուսաստանը, եւ թե ԱՄՆ-ն ուզում են թույլ չտալ, որ Թուրքիան դուրս գա ափերից ու վերականգնի երբեմնի կայսրությունը։ Նաև , ըստ նրա, թուրքերը շատ ագրեսիվ են և դա է պատճառը, չնայած որ ՆԱՏՕ-ի անդամ են ու Ռուսաստանի դաշնակից, բայց բոլորը փորձում են զսպել թուրքերի ագրեսիվությունը։  Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի զորքերի տեղակայման գաղափարը Ջավախքում նախ ուղղված է թուրքերի ակտիվությունը զսպելուն։ «Ռուսները եւս իրենց քարոզչամեքենաներով ակտիվ սկսել են խոսել Բաթումիի թրքացման վտանգի մասին ու խոսում են նաեւ Ջավախքի մասին։ Մեր բնակչության համար կարեւորը այն է, որ թուրքի ոտք չմտնի Վրաստան, ու, մասնավորապես, Ջավախք…»,-ասում է փորձագետը։

Նա նշում է, որ այս նպատակով Վլադիմիր Պուտինի էմիսարներից մեկը վերջին շրջանում հաճախ է այցելում Ախալցխա և երկու վրաց-ռուսական բարեկամության կազմակերպություն է հիմնել։ Ռուսները նաև սկսել են շատ ակտիվ  խոսել այն մասին, որ Բաթումին ուզում են թրքացնել, հիշեցնում են Էրդողանի հայտարությունները , որ Բաթումը թուրքական քաղաք է։

Նրա խոսքով՝  Ջավախքի հայ բնակչությունը ևս, ընդհանուր առմամբ, դրական է նայում .The Heritage Foundation-ի փորձագետի Լյուկ Կոֆին առաջարկին» ։ Էդուարդ Այվազյանն ասում է․«Մենք դեմ չենք գերտերությունների ներկայությանը, կարևորը՝ զսպվեն Թուրքիայի հավակնությունները Բաթումի և Ջավախի նկատմամբ»։

 

Անուշ Դաշտենց

Հրապարակ