Սեպտեմբերի 2-ին, Ծալկայի շրջանի Այազմա գյուղում աշուղական երգի տոն էր՝ նվիրված այս գյուղի ծնունդ, աշուղական երգի անմահ վարպետ Գուսան Հավասու (Արմենակ Պարսամի Մարկոսյան) մեծարմանը: 1914 թվականին ջավախքցի հայտնի գուսան Թիֆիլին՝ Եղո Մանուկյանը, Արմենակին տալիս է Հավասի մականունը, որ նշանակում է ցանկություն, որն էլ դառնում է նրա գուսանական անունը։ Նա 20-րդ դարի գուսանների ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկն է, որի երգերը աչքի են ընկնում թեմատիկայի բազմազանությամբ և գեղարվեստական բարձր արժանիքներով։ Երեք տարեկան հասակում ծաղիկ հիվանդության հետևանքով տեսողությունից զրկված Արմենակը հոր հորդորով սովորում է աշուղական արվեստը և արդեն տասներկու տարեկան հասակում ընկերակցելով տեղի աշուղների հետ, շրջագայում է գավառի գյուղերում` ձեռք բերելով ճանաչում և սեր:
Գուսան Հավասուն նվիրված միջոցառումը հիմնադրվել է 1991թ-ին Ծալկայի շրջանի ղեկավարի տեղակալ Վարդո Եղոյանի նախաձեռնությամբ և մշտապես կազմակերպվում է Ծալկայի շրջանի ղեկավարության կողմից ամեն տարվա սեպտեմբեր ամսին:
Այս տարի ՀՀ ժողովրդական արտիստ գուսան Հավասու հիշատակին նվիրված ավանդական աշուղական տոնին ժամանել էին նահանգային և շրջանային բարձր պաշտոնյաներ, հյուրեր Վրաստանի և Հայաստանի տարբեր շրջաններից, Թբիլիսիից և Երևանից, մշակույթի գործիչներ, անհատ երգիչներ, պարզապես գուսանական արվեստի երկրպագուներ և գնահատողներ, որով տոնը վերածվել էր հայ և վրաց ժողովուրդների միջև բարեկամության իսկական տոնահանդեսի:
Հայաստանյան պատվիրակության մասնակցության կազմակերպիչը «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ն էր՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: