ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցը վաղուց քննարկման առարկա է դարձել հայ հասարակության շրջանում: Տարիների ընթացքում կազմակերպության անդամ երկրների պահվածքի հանդեպ Հայաստանի հասարակության մոտ կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները երբեք չեն տվել երկրի նախկին իշխանությունները:
Երբ խոսք է լինում Հայաստանում հակառուսական կամ հակաբելարուսական ու հակաղազախական տրամադրությունների մասին, միանգամից հարց է առաջանում` որտեղի՞ց է դա գալիս եւ ու՞մ է դա իրականում պետք: Ոմանք սկսում են դրանում փնտրել արեւմուտքի մատը ընկնելով շատ խորը վերլուծությունների մեջ, իսկ ոմանք այլ տեղերում, սակայն ամեն ինչ առավել քան պարզ է եւ տեսանելի է գրեթե բոլորի աչքերին: Արեւմուտքին ընդհանրապես ոչինչ պետք չէ ձեռնարկել, որպեսզի Հայաստանում առաջանան հակառուսական կամ հակաբելարուսական ու հակաղազախական տրամադրություններ: Այդ տրամադրությունները ստեղծվում են տվյալ երկրների ղեկավարների մակարդակով, որոնք վերաբերվում են Հայաստանին, ինչպես թակարդը ընկած խնդիրներով լի փոքրիկ երկրի, որը ի զորու չէ պաշտպանել սեփական շահերը:
Մինչեւ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը բոլոր ականատես եղան, թե ինչպես նույն Բելառուսը Բաքու արտահանձնեց հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, կամ ինչպես արդեն այս տարվա աշնանը նույն ՀԱՊԿ-ի անդամ «դաշնակից» Բելառուսը Ադրբեջանին վաճառեց «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Եւ ահա վերջին լուրը, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների փակ հանդիպման մանրամասները բացեիբաց ներկայացրել էր կազմակերպությանը չանդամակցող ու անդամ երկրի հակառակորդ Ադրբեջանի դեսպանին: Դա արդեն Մինսկի կողմից կարելի է որակել թշնամական վերաբերմունք ՀԱՊԿ-ի մեկ այլ անդամ երկրի նկատմամբ:
Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ի մյուս «դաշնակից» Ղազախստանին, ապա տարիների ընթացքում տվյալ երկրի դիրքորոշումից եւ հրապարակային հայտարարություններից վաղուց պարզ է դարձել, որ տվյալ պետությունը հակված է ավելի շուտ պաշտպանելու Ադրբեջանի շահերը քան Հայաստանի: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարությունը, որ տվյալ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը կարելի է համարել կանխատեսելի, քանզի Նուրսուլթան Նազարբաևը առաջին անգամ չէ, որ նման տիպի պահվածք է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ:
Այս իրավիճակում կարելի է հիշել Հանս Քրիստիան Անդերսոնի հեքիաթը Տգեղ բադի ձագի մասին, որին անընդհատ կտցահարում են մնացած բադերը, սակայն վերջինս մեծանալով գեղեցիկ կարապի է վերածվում, ինչը մեծ նախանձ է առաջացնում բոլոր բադերի շրջանում: Նույն իրավիճակում են գտնվում հիմա ՀԱՊԿ-ի անդամ երկրները, որոնք Հայաստանում տեղի ունեցած թավշյա ոչ բռնի հեղափոխության պատճառով զգում են իրենց անելանելի վիճակը, սակայն նույն ժամանակ փորձում են շարունակել իրենց նախկին քաղաքականությունը վերջապես դուրս մղելու Հայաստանին տվյալ համակարգից: Այդ երկրների առաջնորդների շրջանում վախը չափազանց մեծ է եւ նրանք հրաշալի գիտակցում են, որ այս նախադեպը կարող է կրկնվել նաեւ նրանց երկրներում: Եւ այդ իսկ պատճառով դա է ամենամեծ խոչընդոտը, որպեսզի նրանք նախանձով չլցվեն եւ համակրանք ունենան մեծ ժողովրդականություն վայելող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:
Այս ամենը ճիշտ հասկանալու համար պետք է փաստենք, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն ընտրել ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ զարգացման ուղիները, սակայն ելնելով ներկա իրողություններից նրանք կարծես պարտավորվել են գոնե կարճաժամկետ հեռանկարում պահպանել իրենց անդամակցությունը տվյալ կառույցներում, հասկանալով, որ հակառակ պարագայում Հայաստանը կբախվի արհեստածին լուրջ խնդիրների, ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական բնույթի:
Սակայն բոլորի համար կարծես փաստ է դարձել այն համոզմունքը, որ Արցախի ու նույնիսկ Հայաստանի Հանրապետության դեմ հնարավոր Բաքվի ռազմական ագրեսիայի պարագայում Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի զինվորները չեն գալու Հայաստան ու մեզ հետ միասին չեն պայքարելու հակառակորդի դեմ:
Այս իսկ պատճառով պետք է հասկանալ, որ առավելագույնը ինչ մեզ կարող է տալ ՀԱՊԿ-ն դա այն է, որ գոնե առանց մեր որոշման Ադրբեջանը չի կարող անդամակցել տվյալ ռազմաքաղաքական կառույցին եւ քանի, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի երկիր է, ուրեմն Ռուսաստանը նվազագույն հետաքրքրություն կունենա գոնե այս պարագայում դրդելու Ադրբեջանին նոր պատերազմի: Դրանից բացի ՀՀ-ն արտոնյալ գներով սպառազինություն է ձեռք բերում Ռուսաստանի Դաշնությունից, ինչը եւս բխում է ՀԱՊԿ կանոնագրից: Սրանից առավել ՀԱՊԿ դաշինքը ոչինչ չի տալիս Հայաստանին քանի, որ տվյալ կազմակերպությունում գոյություն ունեցող պայմանավորվածություններից շատերը պրակտիկ առումով կիրառվելու խնդիր ունեն եւ այդ կազմակերպության մեջ մտնող երկրները շատ հաճախ հանուն սեփական շահերի հարցականի տակ են դնում կազմակերպության արդյունավետությունը ու հեղինակությունը:
Պետք է ընդունենք, որ այն ինչպիսի պահվածք են որդեգրում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի նկատմամբ այդպիսի հեղինակության է արժանանում տվյալ կառույցը միջազգային ասպարեզում: Իրենք իսկ իրենց պահվածքի հետեւանքով հեղինակազրկում են տվյալ կառույցը ու տանում կործանման: Այսինքն երբեք իրեն հարգող որեւէ ռազմաքաղաքական դաշինքի անդամ երկիր քաղաքական ու ռազմական աջակցություն չի ցուցաբերում այն երկրին, որը ուղիղ ռազմական առճակատման մեջ է գտնվում իր դաշնակից որեւէ երկրի հետ: Օրինակ կարելի է բերել ՆԱՏՕ-ի երկրները, որոնք նման գործելաոճ չունեն:
Նման իրավիճակում դժվար է կանխատեսել ինչպիսի ճանապարհով են ընթանալու բանակցությունները դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ, սակայն մի բան պարզ է, որ այլեւս Հայաստանը նախկինի պես չի լռելու եւ ստեղծված անորոշ իրավիճակից ելքեր է գտնելու: Ու այդ ելքի ուղիներն են, որ կանխորոշելու են, ոչ միայն Հայաստանի այլեւ նաեւ ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի ապագան:
Էդուարդ Այվազյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն