Սրբորեն պահենք մեր մայրենին

Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառան-գութիւններէն ամենէն շքեղը, ամենէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով եւ խանդաւառութեամբ: Ես վստահ եմ, որ կը պաշտպանենք:

Զապէլ Եսայեան

Կան համազգային արժեքներ, որոնց կարելի է անդրադառնալ միայն մեծագույն ակնածանքով, մաքրամաքուր զգացողություններով, անափ սիրով ու նվիրումով: Նման արժեքների շարքում առանձնանում է մայրենի լեզուն: Յուրաքանչյուր անհատ թերևս ունի մայրենիի վերաբերյալ իր ըմբռնումներն ու պատկերացումները, մայրենիի հանդեպ իր պարտավորությունների գիտակցումը:

Իհարկե, լեզուն նախևառաջ մարդկային հաղորդակցման միջոցն է, բայց մայրենիի պարագայում լեզվի էությունը շատ ավելի բազմաբովանդակ է, իսկ գործառույթները՝ ավելի բազմազան: Վաղնջական ժամանակներից ի վեր հայոց լեզուն եղել է հայի տեսակի կերտման, հայ ժողովրդի մտածողության ու հոգեբանության ձևավորման ամենազորեղ միջոցը, համախմբել է հայախոս անհատներին և ձևավորել իրենց հայ գիտակցող մարդկանց հանրույթ, որը, տարանջատվելով հնդեվրոպական լեզվընտանիքից, սկսել է իր հավերժական ու փառավոր ընթացքը դարերի հոլովույթում: Անցել են ժամանակներ, և հայոց լեզուն ձեռք է բերել հայ ժողովրդին միավորող, ազգային դիմագիծն ու միասնությունը պահպանող գործառույթ: Միասնական, ուժեղ պետականությանը հաջորդել են մասնատվածության ժամանակներ, հայոց հողի վրա (նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ Կիլիկիայում) ձևավորվել են անկախ ու կիսանկախ պետական առանձին միավորումներ, թագավորություններ ու իշխանություններ, մելիքություններ, եղել են օտարների լծի տակ մաքառումի դարեր, և հայ ինքնությունը պահպանվել է, ու հայության տարանջատ հատվածները շաղկապվել են նախ և առաջ շնորհիվ հայաhունչ խոսքի: Եվ որքան էլ բազմազան են եղել հայոց լեզվի դրսևորումները, միևնույն է, դրանք եղել են հայերեն, իսկ դրանց կրողները՝ հայեր: Իր պատմության բոլոր ժամանակահատվածներում Հայոց լեզուն հայակերտման ու ազգի համախմբման հետ միասին, ունեցել է և ունի հայապահպան առաքելություն: Հայտնի իրողություն է՝ մայրենիի կորուստը նախ խարխլում է ազգային ինքնագիտակցության հիմքերը, ապա և հանգեցնում է ուծացման: Մեծագույն ցավով պետք է հիշենք մայրենիի կորստի պատճառով հայության հոծ զանգվածների՝ հայ ինքնությունից հեռանալու փաստերը: Հայտնի է, որ նախքան ցեղասպանությունը, որը եղեռնահար արեց նաև լեզուն, հայության թուրքահպատակ շատ հատվածներ արդեն կորցրել էին մայրենի լեզուն և դարձել թուրքախոս: Ներկայիս Թուրքիայում հայերի թուրքախոս կամ քրդախոս սերունդները, որպես կանոն, կա՛մ լիովին մոռացել են իրենց ծագումը, կա՛մ էլ օտար ինքնության կրողներ են՝ արմատների աղոտ հիշողությամբ հանդերձ: Ցավոք, լեզվի կորուստը քայլ առ քայլ ազգային ինքնության կորստի է հանգեցրել և հանգեցնում է նաև աշխարհի այլ վայրերում. հիշենք թեկուզ ռումինահայոց, լեհահայոց օրինակները: Մայրենին ազգային ինքնության ամրոցն է, այն պաշտպանող զրահ և վահան, որոնց բացակայությամբ՝ ծագումով հայ լինելու մասին հայտարարությունները այլ բան չեն վկայում, քան արմատներից հեռացում ու ինքնության կորուստ:

Հայոց լեզուն հայկական յուրահատուկ մշակույթի ստեղծման փառահեղ միջոց է: Հայ մտքի ու աշխարհընկալման, ստեղծագործական աստվածատուր ձիրքի փայլատակումները ոգի են առել հայոց քաղցրահունչ բարբառով, ապա մարմին առել մեսրոպյան սուրբ գրերով, դարձել ձեռագիր մատյան ու տպագիր գիրք, գիտելիք ու արվեստ, համամարդկային մշակութային ժառանգության հիմնամաս ու սյուն: Բանավոր ու գրավոր մշակույթի բոլոր կոթողներում հայերենը կատարյալ է: Մեր մայրենին պարզ ու անմիջական է Գողթան երգերում ու էպոսում, շքեղ ու կանոնավոր՝ Խորենացու ու Նարեկացու ձեռագիր մատյաններում, ճկուն ու բազմաշերտ՝ Շիրակացու ու Հերացու գործերում, հուզական ու սիրառատ՝ Քուչակի ու Սայաթ-Նովայի քերթվածքներում, հզոր ու առնական՝ Վարուժանի ու Չարենցի երկերում… Եվ Օտարն է Աստծո հետ խոսելու միակ լեզուն համարել հայերենը… Իր բոլոր դրսևորումներով հայոց լեզուն մշակութային մեծագույն արժեք է, հազարամյակների ընթացքում սերունդների լեզվական արարումի արդյունք ու գանձարան, հայոց լինելիության միջնաբերդ:

Ի վերջո, հայոց լեզուն հայի էության ամենավառ բնական երանգն է, որ իր դրսևորումներով հարազատության ու մտերմության թրթիռներ է պարգևում հոգուն: Բոլորիս է հայտնի, թե ինչ ոգևորություն է առաջացնում օտար միջավայրում հանկարծ լսված հայերեն խոսքը, և ինչ հրճվանք ու ցնծություն է ապրում օտար ափերից հայրենիք եկած հայը՝ ամենուր ականջալուր լինելով մայրենի խոսքին: Երևի նաև այս իրողությունն են նկատի ունեցել մեր մեծերը՝ հայերենը հայի տուն ու հայրենիք անվանելով:

Եվ ինչպես տունն ու հայրենիքը, այնպես էլ մայրենին մշտական հոգացողության, նորոգման ու պաշտպանության կարիք ունեն: Ամեն մի ժամանակաշրջան հասարակությանն իր խնդիրներն է առաջադրում: Լինելով հասարակական երևույթ՝ լեզուն ևս իր գործառության ընթացքում ունեցել է և ունի տարաբնույթ խնդիրներ, որոնք եղել են և մնում են ինչպես մտավորականների, այնպես էլ հասարակության լայն շրջանակների մտահոգության ու քննարկման առարկան:

Մայրենի լեզուն ազգային-պետական բարձրագույն արժեք է, որը կարիք ունի թե՛ պետական, թե՛ հասարակական, ընդհանրապես՝ համազգային մշտական հոգացողության: Ինչպես տարբեր են լեզվի դրսևորումները (գրական լեզու բարբառներ, խոսակցական լեզու,), այնպես էլ տարբեր են այդ դրսևորումների խնդիրները: Մեր պետական լեզուն իր երկու ճյուղերով ՝արևելահայերեն և արևմտահայերեն կարիք ունի լուրջ հոգածության: Անհրաժեշտ է խոսակցական հայերենը զերծ պահել աղճատումներից, ավելորդ օտարաբանություններից ու ժարգոնից: Գրական տարբերակի խնդիրները ավելի բազմազան են՝ կանոնարկում, խոսակցական ու բարբառային անհարկի տարրերի, ժարգոնի, օտարաբանությունների բացառում, նոր բառերի, տերմինների ստեղծում, ոճական հնարավորությունների ընդլայնում և այլն: Բարբառների պարագայում ներկայում կարևորագույն խնդիր է դրանց վերաբերյալ ճիշտ պատկերացումների ձևավորումը, եղած նշխարների հավաքումն ու արձանագրումը, կենդանի բարբառների պահպանումն ու հետազոտումը: Առանձնահատուկ կարևորություն ունեն արևմտահայերենի պահպանության ու զարգացման հարցերը: Ճիշտ է, մայրենիի խնդիրների գիտական քննությամբ ու վերլուծությամբ զբաղվում են լեզվաբանները, սակայն կան իրողություններ, որոնց դիտարկումը մասնագիտական հատուկ պատրաստվածություն ու հմտություններ չի պահանջում: Մեր պատկերացմամբ՝ հայոց լեզվի առջև ներկայում ծառացած առավել էական խնդիրներից են գրական լեզվի անաղարտության պահպանումը, մայրենի լեզվի ուսուցման մակարդակի բարձրացումը, լեզվի կանոնարկումն ու զարգացումը, արևմտահայերենի պահպանումը, տարածումը և արևելահայերենի հետ մերձեցման խնդիրները:

Գրական լեզվի անաղարտության պահպանման անհրաժեշտությունը հատկապես ընդգծվում է, երբ ահագնանում են լեզվի աղավաղման միտումները: Ներկայում լեզվի աղավաղումն արտահայտվում է լեզվական սխալների (և՛ արտասանական, և՛ բառագործածական, և՛ քերականական) տարածմամբ, գրական լեզվում խոսակցական, բարբառային իրողությունների, օտար բառերի ու արտահայտությունների անհարկի օգտագործմամբ, երբեմն նույնիսկ գռեհկաբանությունների, ժարգոնային արտահայտությունների գործածությամբ:

Թերևս մեր օրերում աղավաղումների պատճառ է հասարակության մեջ լեզվի վերաբերյալ պատկերացումների խեղումը, օրեցօր տարածվող այն թյուր ըմբռնումը, թե խոսակցական լեզուն ապահովում է ավելի անմիջական հաղորդակցում, և էական չէ, թե խոսքը ինչ որակ ունի, որովհետև կարևորը մտքի հաղորդումն է և հասկանալի լինելը: Եթե նման ըմբռնումը կարող է ընդունելի լինել առօրյա, կենցաղային հաղորդակցման դեպքում, ապա բոլորովին մերժելի է գրական լեզվի գործառության ոլորտներում: Մեր կարծիքով հրապարակային խոսքը (գրավոր թե բանավոր) պետք է լինի համակարգված, կանոնավոր ու գեղեցիկ, հանրության համար ընկալելի և հաճելի: Կանոնավոր, բարձր և անաղարտ գրական լեզուն ճիգ ու ջանք է պահանջում, իսկ հասարակությունը հաճախ դրա վրա ուշադրություն չի դարձնում:

Իրավիճակը շտկելու համար նախ և առաջ անհրաժեշտ է ձևավորել լեզվի վերաբերյալ ճիշտ պատկերացումների համակարգ, և այդ ուղղությամբ անելիքներ ունեն ինչպես գիտակրթական համակարգը, այնպես էլ հեռուստատեսությունն ու զանգվածային լրատվության մյուս միջոցները, թատրոնը, կինոն և իհարկե պետական կառավարման համակարգի տարբեր օղակներ: Գրական լեզուն կարիք ունի պետական հոգածության, ուղղորդված պետական ծրագրի և քաղաքականության, որի համակարգողը և վերահսկողը կարող է լինել պետական համապատասխան մարմինը՝ ունենալով օրենսդրական հիմքեր և անհրաժեշտ լիազորություններ:

Մայրենի լեզվի ուսուցման մակարդակի բարձրացումը կրթական համակարգի մշտական խնդիրն է և շարունակական գործընթաց է: Ներկայում այս խնդիրը առավել հրատապ է, որովհետև նկատելի է գրական լեզվի նորմերի գրեթե համատարած շեղումներ, որը անխտիր դրսևորվում է պաշտոնական խոսքում և գրություններում, նույնիսկ գիտակրթական և գեղարվեստական խոսքում, էլ չեմ շեշտում փողոցի լեզուն:

Գուցե անհրաժեշտ է կրթական համակարգում մայրենիի ուսուցման ծրագրերի և մեթոդների վերանայում, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում: Մայրենիի ուսուցումը չի կարող սահմանափակվել ո՛չ քերականական կանոնները յուրացնելու պահանջով և ո՛չ էլ թեստերի պատասխանները գտնելու ունակությունների ձևավորմամբ: Մայրենիի ուսուցման հիմնական նպատակը չի կարող լինել սովորողներին որևէ կարգի (հատկապես՝ ընդունելության) քննության նախապատրաստումը: Միաժամանակ, մայրենիի ուսուցումը չի կարող սահմանափակվել միայն գրական արևելահայերենի դասավանդմամբ:

Այս հարցում որակական փոփոխության հասնելու համար հարկավոր է մշակել դասավանդման այնպիսի ծրագրեր և մեթոդներ, որոնց շնորհիվ սովորողները լեզվական գիտելիքների հետ միասին ձեռք կբերեն անսխալ և գեղեցիկ գրական խոսք կառուցելու ունակություններ, իրենց մտքերը ճիշտ արտահայտելու և ըստ անհրաժեշտության լեզուն ճկուն գործադրելու կարողություններ: Պատահական չէ, որ ոչ վաղ անցիալում դպրոցներում դասավանդվում էր ճարտասանությունն ու վայելչագրությունը, որոնք հայերենի նկատմամբ առանձնակի սեր ձևավորելուն էին միտված: Պակաս կարևոր չեն նաև կրթական համակարգում գործածվող ուսումնական նյութերի, դասագրքերի լեզվական առումով անթերի լինելը: Կարծում ենք՝ ցանկացած դասագիրք հրատարակվելուց առաջ պետք է ենթարկվի լեզվական լրջագույն փորձաքննության՝ մանավանդ, որ երկրում կա տաղանդավոր լեզվաբանների կարևոր բանակ:

Լեզվի կանոնարկումը և զարգացումը մեծ կարևորություն ունեն, որովհետև միայն նորմավորված, միասնական և շարունակ հարստացող լեզուն է լիարժեք և հաջողությամբ բավարարում անհատի, պետության, հասարակության և ազգի հարաճուն լեզվական պահանջմունքները, հանդես գալիս իբրև մշակութային նոր արժեքների ստեղծման և կուտակման, պետական ու հասարակական գործունեության կազմակերպման միջոց: Այս գործընթացը նույնպես մշտական է ու շարունակական, քանի որ լեզվի բնականոն զարգացման և հասարակության մեջ տեղի ունեցած տեղաշարժերի հետևանքով միշտ առաջ են գալիս լեզվական նոր իրողություններ, որոնք կարիք ունեն գնահատման, արժևորման և համակարգման: Ըստ լեզվաբանների՝ ներկայում իրենց լուծմանն են սպասում ուղղագրական և ուղղախոսական, բառագործածման և եզրույթաբանական, նաև քերականական բնույթի բազմաթիվ հարցեր: Դրանց կարգավորումը, հասկանալի է, չի կարող լինել առանձին մասնագետների կամ մասնագետների խմբերի մենաշնորհը, այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ նաև ինքնաբերաբար:

Բազմակարծությունը, անշուշտ, նպաստում է առաջընթացին, եթե տեղի են ունենում քննարկումներ, բերվում են փաստարկներ և կայացվում հանրության համար ընդունելի որոշումներ: Եվ չնայած լեզվի զարգացմանը և նորմավորմանը իրենց նպաստը կարող են բերել ուսումնական առանձին կենտրոններ, ստեղծագործ անհատներ (ինչպես եղել է մեր պետականության բացակայության ժամանակներում), բայց պետականության առկայության պայմաններում անհրաժեշտ է ձևավորել գրական հայերենի երկու տարբերակների կանոնարկման գործընթացը կազմակերպող ու համակարգող, արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցմանը, հայերենի զարգացմանը և հարստացմանը նպաստող հեղինակավոր մասնագիտական մարմին՝ Հայերենի բարձրագույն խորհուրդ:

Ներկայում ոչ միայն մայրենիի, այլ նաև հայապահպանական, լեզվագիտական ու մշակութաբանական առաջնահերթ խնդիրներից է արևմտահայերենի պահպանության, ուսումնասիրության, ուսուցման և զարգացման հարցը: Արևմտահայերենը հայ ժողովրդի լեզվամշակույթի անբաժանելի մասն է, բացառիկ կարևորության ազգային արժեք, ցեղասպանված ժողովրդի բեկորների շնորհիվ մեծագույն աղետից փրկված գանձ, որը թեև զրկված է գործառության բնականոն պայմաններից, սակայն հաղորդակցման միջոց լինելուց բացի ձեռք է բերել նաև համազգային նշանակություն ունեցող այլ գործառույթներ: Արևմտահայերենը ոչ միայն ազգապահպան դեր ունի Սփյուռքում, այլ նաև ապահովում է Հայաստանի Հանրապետության լեզվական ներկայությունը աշխարհի բազմաթիվ երկրներում, կատարում է լեզվական դեսպանի յուրահատուկ դեր՝ հնարավորություն ստեղծելով աշխարհում ճանաչելի դարձնել մեր մշակույթը, ազգային ինքնատիպությունը: Այս առումով՝ խնդիրը ոչ միայն համազգային, այլ նաև պետական կարևորություն ունի:

Արևմտահայերենի հիմնական խնդիրը եղել և մնում է հայրենիքից դուրս և ոչ միասնական գոյությունն ու գործառությունը: Այս խնդրի լուծման եղանակները ներկայում դժվար է կանխորոշել: Սակայն խնդրից բխող մարտահրավերներին դիմակայելու ուղիներ և եղանակներ պետք է որոնել և գտնել: Նախ և առաջ հարկավոր է հասարակության մեջ ամրապնդել այն բանի գիտակցումը, որ արևմտահայերենը համազգային արժեք է, որը պետք է իր տեղն ունենա հայաստանյան իրականության մեջ ևս, այստեղ պետք է արմատներ ձգի, ամրապնդվի և հայրենիքից իր կենդանարար ավյունը մղի Սփյուռք: Հայրենիքում արևմտահայերենի ամրապնդմանը կարող են նպաստել հայերենի այդ տարբերակով ռադիոհեռուստատեսային հաղորդումների, պարբերականների, ֆիլմերի ստեղծումը, որոշ բուհական ու դպրոցական ծրագրերում արևմտահայերենի համակարգված ուսուցման ընդգրկումը, նաև հնարավոր այլ միջոցների օգտագործումը: Ի վերջո, հայերենի դրսևորման բոլոր տարբերակները՝ արևմտահայ և արևելահայ գրական լեզուները, խոսակցական լեզուն և բարբառները միասնական համակարգի անտրոհելի բաղադրիչներ են, և այդ դրսևորումներից յուրաքանչյուրի խնդիրները ընդհանուր հայերենի, այսինքն՝ ՀՀ պետական լեզվի խնդիրներն են:

Հայրենիքից դուրս, տիրապետող այլախոս հասարակություններում գործառող ցանկացած լեզու ստիպված է դիմակայել բազում մարտահրավերների: Մասնավորապես, տվյալ երկրի լեզվի նկատմամբ իրավական անհավասար վիճակը, համաշխարհայնացման գործընթացները, այլալեզու միջավայրին հարմարվելու նոր սերնդի բնական մղումը առկա իրողություններ են, որոնք մշտապես լինելու են և մշտապես ձգտելու են նեղացնել արևմտահայերենի գործառության շրջանակները: Արևմտահայերենը ենթակա է այլ լեզուների տարաբնույթ ազդեցությունների, և բացի այդ՝ նոր սերնդի շարքերում հայախոսների թվի շարունակական նվազումը վտանգ է ներկայացնում ոչ միայն լեզվապահպանական, այլ նաև հայապահպանական առումներով: Այս պայմաններում հայոց պետականությունը և սփյուռքյան համազգային կազմակերպությունները պետք է համադրեն իրենց ջանքերը՝ շարունակաբար տարածելու և ամրապնդելու ազգային ու լեզվական միասնության գաղափարները հատկապես հայ երիտասարդության շրջանում՝ իրապես ողջ հայության համար սրբագույն արժեք դարձնելով մայրենին:

Լրջագույն խնդիր է Սփյուռքի հայկական դպրոցների պահպանությունը, դրանցում հայերենի, հայագիտական մյուս առարկաների ուսուցման մակարդակի բարձրացումը: Ցավոք, առկա է որակյալ մանկավարժների մեծ պակաս, օբյեկտիվ պատճառներով չկան միասնական կրթական ծրագրեր և դասագրքեր: Որքան էլ ՀՀ սփյուռքի նախարարությունը ջանում է աջակցել սփյուռքահայ դպրոցին, ձեռնարկում է գործուն միջոցներ, գործակցում է ազգային կառույցների, հայ եկեղեցու, պետական այլ մարմինների հետ, շարունակ գործադրում է սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդման բազմազան եղանակներ, նպաստում հայաստանյան գիտակրթական համակարգում արևմտահայերենի ուսուցման և ուսումնասիրության կենտրոնների ձևավորմանը, արևմտահայերենի դասագրքերի և ձեռնարկների ստեղծմանը, հայրենիք եկած մեր ազգակիցների խնդիրների կարգավորմանը և այլն, այնուամենայնիվ, թվում է, անհրաժեշտ է որոնել ու գտնել Սփյուռքի հայկական դպրոցներին համակարգված օժանդակություն ցուցաբերելու առավել արդիական ու արդյունավետ նոր եղանակներ ու միջոցներ:

Կարևոր խնդիրներից է արևմտահայերենի գիտական ուսումնասիրությունը: Ճիշտ է, տասնամյակների ընթացքում կատարվել են առանձին հետազոտություններ, գրվել քերականություններ, սակայն, ինչպես վկայում են մասնագետները, գիտական առումով 19-րդ դարավերջի ուսումնասիրությունների համեմատ էական առաջընթաց տեղի չի ունեցել, և եղած քերականությունը հիմնականում հետապնդել է ուսուցողական նպատակ: Ներկայում անհրաժեշտ է գիտական հիմնավոր ուսումնասիրություններով ստեղծել արևմտահայերենի ակադեմիական լիարժեք քերականություն, ինչպես նաև ամբողջական բացատրական բառարան: Նման աշխատանքները կնպաստեն նաև արևմտահայերենի կանոնարկմանը, կդառնան այն աղբյուրը, որից կբխեցվեն արևմտահայերենի ուսումնական ձեռնարկներն ու դասագրքերը՝ ըստ տեղային առանձնահատկությունների: ՀՀ սփյուռքի նախարարությունը այս առումով ևս իր առաջնահերթություններից է համարում գործակցությունը Հայաստանի թե Սփյուռքի՝ հատկապես Անթիլիասում գործող Արևմտահայերենի պաշտպանության խորհրդի, գիտակրթական հանրության հետ՝ ձգտելով համատեղ տարբեր միջոցառումների և ծրագրերի միջոցով նպաստել խնդրի լուծմանը:

Նկատենք նաև, որ գրական արևմտահայերենը զրկված է բարձրագույն կրթության, գիտության լեզվի իր դերից, հայկական կյանքի տարբեր ոլորտներում համընդգրկուն և միասնական հաղորդակցման միջոց լինելու գործառույթներից: Գիտության տարբեր բնագավառների, կրթական համակարգի զարգացումը չի արտահայտվում արևմտահայերենով, չի հրապարակվում գիտական, գեղարվեստական, այլ բնույթի հարուստ գրականություն, արևմտահայերենի գիտական եզրույթաբանությունը բնականոն զարգացում չի ունենում: Այդ ամենը էականորեն բացասական ազդեցություն է ունենում լեզվական համակարգի հետագա զարգացման վրա:

Արտաքին անբարենպաստ պայմանները ժամանակի ընթացքում պատճառ են դարձել արևմտահայերենի ուղղագրական, բառապաշարային, քերականական ու ոճական բազմաթիվ զուգաձևությունների ու աղավաղումների, որոնք իրենց հերթին խոչընդոտում են լեզվի ուսուցմանը, կիրարկմանն ու տարածմանը: Մեծ քանակությամբ բառեր տարբեր համայնքներում ունեն գրության, կազմության, քերականական հատկանիշների բազմաձևություններ: Լեզվական միասնականության հասնելու կամ եղած բազմազանությունները ըստ հնարավորին նվազեցնելու համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք, նպատակադրում ու կամք՝ ոչ միայն գտնելու, գիտականորեն հիմնավորելու և առաջարկելու միասնական ու ընդհանուր ձևեր, այլ նաև դրանք ընդունելի դարձնելու Սփյուռքի բոլոր համայնքների ու խավերի համար: Արևմտահայերենի պահպանումը հայերենի պահպանումն է, արևմտահայերենը մեր հոգևոր հայրենիքի անբաժանելի, բայց վտանգված մի մասն է, և ինչպես անթույլատրելի է նահանջը երկրի սահմաններից, այդպես էլ անթույլատրելի է նահանջը լեզվական սահմաններից: Հայերենը սրբորեն պահպանող միլիոնավոր սփյուռքահայերը, հայ եկեղեցու կառույցները, սփյուռքյան բազմաթիվ միությունները, կազմակերպությունները, պարբերականներն ու հանդեսները, կայքէջերը, ռադիոհեռուստաընկերությունները, գիտակրթական օջախները մեր հոգևոր հայրենիքի սահմանապահներն են, որոնց խիստ անհրաժեշտ է իրական հայրենիքի աջակցությունը: Արևմտահայերենի գոյությունն ու գործառությունը անհրաժեշտ է նաև արևելահայերենի բնականոն զարգացման համար: Շատ կարևոր խնդիր է նաև ընդհանուր հայերենի միասնականության պահպանումը, գրական երկու ճյուղերի ըստ հնարավորին մերձեցումը, փոխներթափանցումն ու փոխհարստացումը: Այս ուղղությամբ լուրջ և հետևողական աշխատանքներ են կատարվում ՀՀ ԳԱԱ լեզվի ինսիտուտում՝ ներգրավելով թե Հայաստանի և թե Սփյուռքի հայտնի մասնագետներին: Հատկապես բառապաշարի և եզրույթաբանության առումով առկա են փոխլրացման բազում օրինակներ և լայն հեռանկարներ: Այս ամենը ենթադրում է զարգացման միասնական հեռանկարի և փոխհամաձայնեցված կանոնարկման ու փոխհարստացման ուղիների մշակում և դրանց գործադրում այն գիտակցումով, որ իր տարբերակային բոլոր դրսևորումներով հանդերձ հայերենը մեկ միասնական լեզու է, որի բոլոր իրողություններն ու միավորները շաղկապված են իրար՝ անկախ տարբերակային վերաբերությունից:

Հայապահպանության մնայուն առանցքը և ողնաշարը մայրենի լեզվի իմացությունը, պահպանումն ու զարգացումն է, ուստի դիմում եմ հայրենաբնակ ու աշխարհասփյուռ հայ երիտասարդներին և հարազատորեն կոչ անում.

Թանկագիններս, սովորե՛ք մեր ոսկեղենիկ լեզուն, խոսե՛ք հայերեն, սիրե՛ք ու պաշտե՛ք Մայրենին իբրև սրբություն սրբոց, իբրև մեր ազգային ինքնության և լինելիության վկայական: Եկեք ազգովին պահենք ու պահպանենք մեր լեզուն՝ մեր Հայրենիքը:

Հրանուշ Հակոբյան
ՀՀ սփյուռքի նախարար,