Արցախում անցկացվող սահմանադրական հանրաքվեն հերթական հայտն է՝ ներկայացված միջազգային հանրությանը, որ Արցախը շարունակելու է ժողովրդավարական արժեքների կողմնակից լինելով, հետևողական լինել իր աշխատանքներում: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչ փուլում են ՄԻԵԴ-ում ներկայացված ապրիլյան իրադարձությունների հետ կապված գործերը և ինչ քայլեր են արվում Արցախի ձայնը լսելի դարձնելու համար, հայտնում է Aysor.am-ը:
«Այսօրվա հանրաքվեն նաև այդ միջոցառումների շարքին կարելի է դասել։ Սա հերթական հայտն է՝ ներկայացված նաև միջազգային հանրությանը, որ մենք շարունակելու ենք ժողովրդավարական արժեքների կողմնակից լինելով, հետևողական լինել մեր աշխատանքներին։ Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել նախկինում և այսօր դիտորդական առաքելություն իրականացնելու, այս միջոցառումը մեկ այլ հնարավորություն է նրանց համար համոզվելու, որ մենք այդ սկզբուքններից հետ չենք քաշվել։ Մենք եղել ենք, կանք և այսուհետ էլ կմնանք ժողովրդավարական արժեքների և ազատ երկրում ապրելու կողմնակիցներ», – ասել է Բակո Սահակյանը։