ՆԱՏՕ-ն վճռական է տրամադրված Ուկրաինային հետագա աջակցության տրամադրման հարցում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն վճռական է տրամադրված Ուկրաինային հետագա աջակցության տրամադրման հարցում. Ստոլտենբերգ

ԿԻԵՎԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ

Կիևը շարունակում է Մոսկվայի հետ հանդիպելու հնարավորություն փնտրել, հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով նաև, որ հանդիպման ժամանակ պետք է լուծում գտնել, սակայն այդ լուծումը, Վոլոդիմիր Զելենսկու խոսքով, չի կարող լինել Ուկրաինայի տարածքային կորուստների տեսքով:

«Ուկրաինան այլ տարբերակ չունի, քան բանակցել Ռուսաստանի հետ մարտերը դադարեցնելու համար»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը, ակնարկել նաև՝ հնարավոր է, որ հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ չկայանա:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից առաջ քաշված ապառազմականացման և ապազգայանկանացման պահանջներին՝ Զելենսկին նշել է, որ դրանց մասին պետք է մոռանալ. Կիևը չի էլ պատրաստվում քննարկել դրանք:

Լրագրողների հետ զրույցում Ուկրաինայի նախագահը նշել է նաև, որ այս պահին չկա երկրների ցանկ, որոնք պատրաստ են 100 տոկոսով երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը։

«Մեզ լուրջ խաղացողներ են պետք, որոնք պատրաստ են ամեն ինչի։ Մեզ պետք են պետություններ, որոնք պատրաստ են ցանկացած զենք տրամադրել 24 ժամվա ընթացքում, մեզ պետք են առանձին երկրներ, որոնցից իսկապես կախված է պատժամիջոցների քաղաքականությունը»,- ընդգծել է Զելենսկին։

ԿԻԵՎՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ ՌԴ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՆԱՏՕ-ն և դաշնակիցները վճռական են տրամադրված Ուկրաինային հետագա աջակություն ցուցաբերելու գործում՝ ներառյալ` հակատանկային, հակաօդային պաշտպանության համակարգերի և այլ սարքավորումների տրամադրման տեսքով, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ:

Ենս Ստոլտենբերգի խոսքով` Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է շարունակի հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ: Ստոլտենբերգն ակնկալում է, որ արտաքին գործերի նախարարները ապրիլի 6-7-ը նախատեսվող հանդիպումների ժամանակ կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ավելացման հարցը, սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ անդամներից ոչ ոք չի աջակցի դաշինքի ուժերը Ուկրաինա ուղարկելու գաղափարին:

Խոսելով բանակցությունների մասին՝ Ստոլտենբերգը շեշտել է, որ չնայած ՆԱՏՕ-ն աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային` Կիևը պետք է ինքնուրույն որոշի Ռուսաստանի հետ խաղաղության հասնելու պայմանները:

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ ՌԴ ՀԱՇՎԻՆ. ՊՈՒՏԻՆ

Արևմուտքը փորձում է տնտեսության և էներգետիկ ոլորտի խնդիրները լուծել Ռուսաստանի հաշվին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով՝ «Գազպրոմ» ընկերության վրա վարչական ճնշման կոպիտ միջոցների հետևանքով եվրոպական մի շարք երկրներում նկատվում է էներգետիկ ոլորտի իրավիճակի վատթարացում:

«Արդեն լսում ենք նաև պաշտոնատար անձանց հայտարարությունները մեր որոշ ակտիվների հնարավոր սառեցման մասին։ Չպետք է մոռանալ, որ դա երկսայր սուր է»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ իր երկիրն այսուհետև խնամքով կվերաբերվի սննդամթերքի արտահանմանը՝ համաշխարհային դեֆիցիտի պայմաններում:

«Ռուսաստանը, մասնավորապես, ուշադիր կհետևի դեպի թշնամական վերաբերմունք ունեցող երկրներ արտահանման պարամետրերին»,- հայտարարել է Կրեմլի ղեկավարը, նաև շեշտել, որ արտադրության ծավալների ավելացումը թույլ է տալիս ապահովել, որ Ռուսաստանում սննդամթերքի գներն ավելի ցածր լինեն, քան համաշխարհային շուկայում են:

Պուտինը զգուշացրել է, որ շուտով սննդի պակասի լուրջ խնդիր է առաջանալու մասնավորապես աշխարհի ամենաաղքատ տարածաշրջաններում, ինչը հանգեցնելու է միգրացիայի նոր ալիքների և պարենային ապրանքների գների բարձրացման։

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՌԴ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՓԱԹԵԹԸ

Եվրահանձնաժողովը ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 5-րդ փաթեթը: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նախատեսվում է Ռուսաստանից ածխի ներմուծման արգելք՝ տարեկան 4 միլիարդ եվրոյի չափով, նաև լիովին կարգելվեն գործարքները ռուսական չորս հիմնական բանկերի, այդ թվում՝ «ՎՏԲ»-ի՝ մեծությամբ երկրորդ ռուսական բանկի հետ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է նաև, որ կարգելվի ռուսական նավերի և Ռուսաստանի կողմից կառավարվող նավերի մուտքը ԵՄ նավահանգիստներ։

Որոշակի բացառություններ կլինեն առաջին անհրաժեշտության ապրանքների համար, ինչպիսիք են գյուղատնտեսական ապրանքները, սննդամթերքը, մարդասիրական օգնությունը և էներգիառեսուրսնեը. բացառություններ կլինեն գյուղատնտեսական և պարենային ապրանքների, մարդասիրական օգնության և էներգետիկայի համար: