Հակառակն է տեղի ունենում: Երբ մենք որևիցե փաստաթուղթ քննարկում ենք կամ բարձրաձայն դրա մասին կարծիք ենք հայտնում, մենք նախապես նայում ենք՝ արդյոք դա մեր Սահմանադրության հետ որևիցե խնդիր կարո՞ղ է առաջացնել, թե՞ ոչ, և հետագայում Սահմանադրական դատարանն իր որոշումն է կայացնում: Որևիցե ձևով կասկածի տակ դնել անաչառությունը՝ տեղին չէ, որովհետև բազմաթիվ դեպքեր և օրինակներ կարող եմ բերել, որ իշխանության կարծիքը և մթնոլորտը և Սահմանադրական դատարանի որոշումը հակառակ պատկերն են ունեցել, բայց այս պարագայում, երբ խոսքը իրավական գործընթացի մասին է, բնական է, մենք քննարկելիս և այն մարդիկ, որոնք անմիջականորեն զբաղվում են այդ քննարկումներով, նախապես նայում ենք՝ հանկարծ այնպիսի բան չլինի, որ մեր Սահմանադրությանը հակասի: Չէ, նման բան չկա:
Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որը վերաբերում էր նրան, թե ՍԴ-ն հայտարարելով, թե Անկախության հռչակագիրը Սահմանադրության հետ նույնական չէ, արդյոք սրանով փորձ է արվում փարատե՞լ Բաքվի կասկածները:
Հարցին ի պատասխան՝ արդյոք Ադրբեջանը չի՞ կարող պատճառներ բերել, թե ՀՀ Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, Սիմոնյանն ընդգծեց՝ դրա պատասխանը բազմիցս տրվել է:
«Նույն համաձայնագրի, նույն պայմանագրի մեջ կա, որը առաջարկվում է կնքել, նշված է, որ այս օրենքը վեր է լինելու, որովհետև այն անցնելու է Սահմանադրական դատարանի միջով, և Սահմանադրական դատարանը եզրակացություն է տալու՝ արդյոք այն համապատասխանո՞ւմ է ՀՀ Սահմանադրությանը, թե ոչ: Եթե ՍԴ-ն տվեց, էլ ինչի մասին է խոսքը: Խաղաղության պայմանագրի մեջ նշված է, որ դա ավելի վեր է լինելու, քան մնացած բոլոր իրավական փաստաթղթերը, այսինքն՝ իրավական առումով դա շատ անհիմն մեղադրանք է: Նաև կրկնեմ վարչապետի ասածը, որ հակառակը՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կա նման դրույթ, որը տարածքային պահանջներ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ: Բայց այն բանի բերումով, որ պայմանագրի մեջ նշում ենք, որ այդ օրենքները վեր են ներպետական օրենքներից, նման հարց չենք բարձրացնում, ինչպես նաև դա մեր քաղաքական կամքն է՝ խաղաղության պայմանագիր կնքել»,- ասաց Սիմոնյանը:
Նա վստահեցրեց, որ միջազգային կառույցներում մարդիկ արդեն հասկացել են, և Ադրբեջանն արդեն իսկ պետք է մեսիջները ստացած լինի, որ Սահմանադրության վերաբերյալ պնդումը շատ անհիմն է, չեմ բացառում, որ վաղը-մյուս օրը մի նոր պատճառ կգտնեն: Մենք հետաքրքրված ենք խաղաղության պայմանագրի կնքմամբ, և մենք աշխատելու ենք, որ այն իրականություն դառնա»,- ասաց Ալեն Սիմոնյանը: