«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը։
– Բոլոր նախորդ ընտրություններին ջավախահայերի աջակցությունը եղել է իշխանությունների կողմը, այս անգամ նորից այդպես կլինի՞։
– Այն պատգամավորները, որոնք ՀՀ Ազգային ժողովում ներկայացնում են ջավախահայությանը կամ հաջորդ խորհրդարանում ներկայացնելու են մեզ, կարիք ունեն, որ ավելի շատ զբաղվեն մեզ հետ կապված հարցերով։
– Նրանք կարողացե՞լ են ներկայացնել ձեր շահերը, թե եղել են թերություններ. խոսքը մասնավորապես ջավախահայ պատգամավորներ Շիրակ Թորոսյանի և Տաճատ Վարդապետյանի մասին է։
– Կոնկրետ Շիրակ Թորոսյանի մասով միայն կարող եմ ասել, որ թեկուզ իմ դատավարությունների հետ կապված խնդիրները, «Միասնական Ջավախք»-ի դեմ ծավալվող հալածանքները անընդհատ բարձրաձայնել է, զբաղվել է այդ հարցով։ Մյուսների գործունեության վերաբերյալ, ցավոք, տեղյակ չեմ, գուցե զբաղվել են։
– Կարծում եք, որ 2 պատգամավորը քի՞չ է ձեր խնդիրները բարձրացնելու համար։
– Եթե նկատի ունեք ԱԺ-ում արմատներով ջավախքցիներին՝ նրանք այս խորհրդարանում 7-ն են։ Իսկ առկա խնդիրներով զբաղվելու համար ջավախքցի պատգամավորների թիվն այնքան էլ որոշիչ չէ, կարևորը լինի ցանկություն, քաղաքական կամք, հետևողականություն, սրտացավություն։
– Իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտ դուք տեսնո՞ւմ եք այդ կամքը՝ ջավախահայերի խնդիրները բարձրաձայնելու, լուծումներ առաջարկելու առումով։
– Եթե հարցը վերաբերում է Ջավախքին, ցավոք, ուշադրության պակաս կա։ Իմ կարծիքով՝ քաղաքական կուսակցությունները պետք է դիրքորոշում ունենան Ջավախքի հայաթափման և այլ խնդիրների հետ կապված։ Ցավոք, նման բան չեմ լսել, իսկ Ջավախքի հայաթափումը իրականություն է, գոյություն ունի։
– Ընդհանուր առմամբ, ջավախահայերին հետաքրքրո՞ւմ են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, նախընտրական պայքարը և այլն։
– Չի կարող ջավախահայությանը չհետաքրքրել Հայաստանում տեղի ունեցող անցուդարձը, քանի որ յուրաքանչյուր գիտակից ջավախահայ հասկանում է, որ Ջավախքի հայաթափման խնդրի լուծումը ուղիղ ձևով կապված է ավելի հզոր, տնտեսապես ավելի կայուն Հայաստան ունենալու հետ։
Իմ փորձից ասեմ՝ ջավախահայ գործչի խառնվելը ներհայաստանյան անցուդարձին ջավախահայությանը ոչ մի օգուտ չի բերում, բացի լարվածություն մտցնելուց: Ջավախահայության համար այսօր ամենակարևորը ՀՀ կայունության պահպանումն է:
– Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այց կատարեց Վրաստան։ Ինչպե՞ս եք գնահատում այդ այցը, արդյոք որևէ առումով Դուք դրական միտում տեսնում եք հայ-վրացական տնտեսական, բիզնես զարգացումների առումով։
– Ես կարծում եմ, որ Սաակաշվիլիից հետո հայ-վրացական փչացած հարաբերությունները բարելավելու ցանկություն կա իրենց մոտ։ Ես դա վաղուց եմ նկատում։ Պարզապես նման այցերը, նման շփումները կարիք ունեն ավելի հաճախակի դառնալու, կարիք ունեն ավելի կոնկրետ քայլերի։ Իսկ թե երկու երկրների վարչապետների հանդիպումը որքանով կնպաստի ջավախահայության ունեցած խնդիրների լուծմանը, ցույց կտա ժամանակը։ Այսօր ջավախահայությունը սպասում է թեկուզ փոքր, բայց կոնկրետ քայլերի, օրինակ, սահմանին հազար դրամների չեղարկումը շատ մեծ արձագանք կտար Ջավախքում։ Այսինքն՝ կան այսպիսի փոքր հարցեր, որոնք լուծման համար մեծ ջանքեր ու աշխատանք չեն պահանջում, բայց եթե դրանք իրականացվեն, ոչ միայն ջավախահայության հոգսը կթեթևանա, այլև դրականորեն կընդունվեն ջավախահայության կողմից։ Շատ անհասկանալի է, որ երկու կառավարությունները միասին 20-25 աշխատատեղ չեն փորձում բացել, գոնե փորձեն 200 աշխատատեղ բացել համատեղ ինչ-որ ծրագրով։ Դա, իհարկե, ջավախահայության արտագաղթը կանխող գործոն չի կարող հանդիսանալ, բայց դա կարող է ազդակ լինել մնացած ներդրողների համար։
– ՀՀ վարչապետը կոչ է անում Սփյուռքին գալ Հայաստանում ներդրումներ անել մշակույթի, տնտեսության տարբեր ոլորտներում։ Դուք այս կոչերն ինչպե՞ս եք ընկալում։
– Անձամբ ես՝ դրական։ Ուղղակի այդ կոչերը պետք է ավելի նյութեղեն դառնան։ Միայն կոչերով դժվար թե մարդիկ գան ու ներդրումներ անեն։
Աղբյուր՝ 1in.am