Վերջին ամիսներին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կայուն աճում է: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Դիլիջանում ԱՄՀ/ՀԲ՝ Բելգիայի եւ Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հավաքի շրջանակում Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Կումսիշվիլիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ վարչապետը եւ Վրաստանի առաջին փոխվարչապետը քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգին եւ, մասնավորապես, տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:
Կարեն Կարապետյանը եւ Դիմիտրի Կումսիշվիլին անդրադարձել են տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերին, դրական գնահատել դրանց ընթացքը եւ քննարկել հետագա քայլերը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին ամիսներին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կայուն աճում է եւ պետք է հետեւողական աշխատել այդ տեմպը պահպանելու եւ ավելացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը երկու երկրների գործարար շրջանակների միջեւ կապերի խթանման, ներդրումների ներգրավման, ազատ տնտեսական գոտիների շրջանակում եւ զբոսաշրջության ոլորտում գործակցության, միջմշակութային կապերի սերտացման եւ այլ ուղղություններով: