Օգոստոսի 8-ին Ախալցխայի շրջանի հայկական Ծղալթբիլա գյուղի բնակիչները Վալե-Ախալցխա միջպետական ճանապարհի կողքին բողոքի ցույց անցկացրին: Բողոքի ցույցի անցկացման պատճառ դարձավ այն հանգամանքը, որ երկու ամսից ավել փորձաքննության տարված Ավետիսյան ընտանիքի անդամների մարմինները տրվեցին հարազատներին տեղափոխության համար Ախալցխա ոչ միայն առանց եզրակացության փաստաթղթի, այլ նաեւ առանց տեղափոխության փաստաթղթի:
«Երկու ամսից ավելի է անցել, ինչ այրվել է Ավետիսյանների տունը, որի մեջ մահացած են հայտնաբերել տարեց տղամարդու եւ իր աղջկա դիակը: Դրանից հետո մարմինները տարվել էին փորձաքննության եւ այսքան ժամանակ առանց որեւէ պատասխանի չէին ցանկանում վերադարձնել մարմինները: Հիմա մարմինները ոչ թե վերադարձրել են, այլ ուղակի տվել հարազատներին Ախալցխա տեղափոխելու եւ հուղարկավորելու համար: Սակայն նույն ժամանակ տեղափոխության համար հարազատներին չէ տրվել ոչ մի պատասխան փորձաքննության եզրակացության վերաբերյալ, ինչպես նաեւ ոչ մի փաստաթուղթ, ինչով կարելի կլիներ տեղափոխել մահացածների մարմինները եւ համոզվել, որ հենց նրանց են հարազատները հողին հանձնելու»,-ասում է Ծղալթբիլա գյուղի բնակիչներից մեկը:
Ցուցարարների կարծիքը իմանալու եւ նրանց հարցերին պատասխանելու համար դեպքի վայր ժամանեց Վալեի շրջանային ոստիկանության պետ Գիորգի Բլիաձեն, ում ցուցարարները բացատրեցին իրենց պահանջները: Հիմնական հարցերը հետեւյալն էին՝ թե ինչու առանց համապատասխան փաստաթղթերի են մահացածների մարմինները տրվել հարազատներին տեղափոխման համար Ախալցխա եւ ինչու չկա փորձաքննության պատասխան:
Ոստիկանապետ Գիորգի Բլիաձեի խոսքերով՝ դեռ փորձաքննությունը չէ ավարտվել եւ Ավետիսյանների մարմինները վերադարձվել են քանի, որ փորձաքննությունը հաստատել է, որ մահացածները ունեն արյունակցական բարեկամ ում հնարավոր է վերադարձնել մարմինները:
Նախկին պատգամավոր եւ ՀՀ-ում դեսպանի տեղակալ Գոչա Գվառամաձեի խոսքերով՝ պետք է համապատասխան փաստաթուղթ տրվեր, որպեսզի հարազատները տեղափոխեին իրենց հանգուցյալների մարմինները եւ տեղեկանային փորձաքննության որոշման հետ: «Մինչեւ հիմա ասում էին, որ մարմինները չեն վերադարձվելու հարազատներին մինչեւ փորձաքննության պատասխանը չլինի, սակայն այս պահին մարմինները վերադարձվել են առանց որեւէ փաստաթղթի»,-ոստիկանության ղեկավարին պարզաբանեց ծղալթբիլեցիների դիրքորոշումը Գոչա Գվառամաձեն:
Akhaltskha.net-ի գլխավոր խմբագիր՝ Էդուարդ Այվազյանի այն հարցին, թե արդյոք օրենքի համապատասխան չի տրվել հանգուցյալների հարազատներին որեւէ փաստաթուղթ, ոստիկանապետ Գիորգի Բլիաձեն պատասխանեց, որ ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում:
«Մենք ունենք բազմաթիվ հարցեր փորձաքննությանը եւ հետաքննությամբ զբաղվող մարմիններին: Նախ այն տան մեջ, որում այրվել են Ավետիսյանները կասկածելի կերպով ամեն սենյակում հայտնվել են գազի բալոններ, որոնք կրակի ժամանակ պայթել են: Դրանից բացի մարմինները իրենց պառկած դիրքում են եղել եւ չեն փորձել անգամ փրկվել հրդեհից, ինչը նշանակում է, որ նրանք հնարավոր է արդեն մահացած են եղել մինչեւ հրդեհը: Նաեւ տվյալ այրված տան բակում անհասկանալի կերպով հայտնվել են մահացածների փաստաթղթերը, որոնք պետք է այրված լինեին տան մեջ: Նման կասկած առաջացնող հարցեր էլի կան, որոնք մենք ուզում ենք ուղղել հետաքննությանը»,-ասում է մեկ այլ ծղալթբիլեցի:
Ցուցարարների խոսքերով եթե մոտ ժամանակներս փորձաքննությունից կրկին պատասխան չլինի, նրանք պատրաստվում են փակել Վալե-Ախալցխա միջպետական ճանապարհը:
Վալեյի շրջանային ոստիկանության ոստիկանապետ Գիորգի Բլիաձեն ցուցարարներին զգուշացրեց, որ եթե նրանք փակեն տվյալ ճանապարհը, իրենք այլ միջոցներ են կիրառելու:
Աղբյուր՝ Akhaltskha.Net