Թուրքիան պետք է պատրաստ լինի հետևանքներին, եթե գնի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական խորհրդի ղեկավար գեներալ Պետր Պավելը, հայտնում է Defense News-ը:
Նրա խոսքով, Ս-400-ի գնումը թույլ չի տա Անկարային դառնալ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանական համակարգերից որևէ մեկի մասը և կարող է այլ տեխնիկական սահմանափակումների հանգեցնել:
«Ինքնիշխանության սկզբունքները, անշուշտ, առկա են պաշտպանական սպառազինություն գնելիս, սակայն պետություններն ինքնիշխան որոշումներ կայացնելիս պետք է ինքնիշխան լինեն նաև հետևանքների մասով», – ասել է Պետր Պավելը:
Թուքրիան С-400-ը գնելու մասին հայտարարել է սեպտեմբերին, բայց դեռևս չի ստորագրել վերջնական փաստաթղթեր և քանի դեռ դա արված չէ, նշել է Պավելը «դաշնակիցներն իրավունք ունեն քննարկել այդ հարցը, որպեսզի արտահայտեն բոլոր խնդիրները և հնարավոր բարդությունները»։
Պավելը նաև ասել է, որ նույնիսկ եթե ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերը ներգրավված չլինեն С-400-ում, դրանց ներկայությունն ինքնին «դժվարություններ կառաջացնի այս երկրի տարածքում տեղակայված դաշնակիցների օբյեկտների համար»։
Պավելը միաժամանակ նշել է, որ Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի առանցքային մասը։ «Ոչ ոք չի ժխտում Թուրքիայի՝որպես կարևոր դաշնակցի դերը Ալյանսի մարտահրավերների բարդ խաչմերուկում», -ասել է նա։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 12-ին հայտարարել է, որ Անկարան Մոսկվայի հետ С-400 համակարգ ձեռք բերելու համաձայնագիր է ստորագրել և մուծել կանխավճարը։ Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականը հաստատել է, որ Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են С-400-ի մատակարարման համաձայնագիր, և Ռուսաստանը պատրաստվում է ի կատար ածելու այս համաձայնագրի բոլոր կետերը։ Ավելի ուշ, Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության քարտուղարության փոխտնօրենը հայտարարել է, որ Թուրքիայում С-400 համակարգի մատակարարումը կսկսվի երկու տարվա ընթացքում։
«Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն պաշտոնապես դիմել է Ադրբեջանին`պահանջելով բացատրել, թե ինչու կյանքի չի կոչվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի գործով»` այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը:
ԵԽ նախարարների կոմիտեն հիշեցրել է, որ համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 46-րդ հոդվածի երկրորդ կետի՝ կոմիտեն հսկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջնական վճիռների կատարումը:
Անդրադառնալով ՄԻԵԴ-ի որոշմանը՝ կոմիտեն հիշեցրել է, որ Եվրոպական դատարանը համարել է, որ Մամեդովի կալանավորմամբ Ադրբեջանը խախտել է վերոնշյալ կոնվենցիայի մի շարք դրույթներ՝ կապված ընդդիմադիր գործչի ձերբակալման, մինչդատական կալանքի հետ: Դատարանը վճռել էր, որ Մամեդովի դեմ ադրբեջանական կողմի ձեռնարկած միջոցները նպատակ են ունեցել լռեցնել նրան, պատժել կառավարության գործունեության քննադատության համար:
Կոմիտեն հիշեցրել է, որ համաձայն կոնվենցիայի 46-րդ հոդվածի՝ պատասխանող կողմ հանդիսացող պետությունը պետք է ենթարկվի այն դատական գործերի բոլոր որոշումներին, որոնց տվյալ երկիրը ներգրավված է որպես կողմ: Համաձայն այդ պարտավորության՝ տվյալ երկիրը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը արձանագրված խախտումները վերացնելու նպատակով: Որպես անհրաժեշտ քայլ Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել Մամեդովին, ով, սակայն, շարունակում է մնալ ձերբակալված:
Նախարարների կոմիտեն արձանագրել է, որ, Մամեդովին անհապաղ ազատ չարձակելով, Ադրբեջանը հրաժարվել է ենթարկվել ՄԻԵԴ վերջնական որոշմանը: Հետևաբար, ՄԻԵԴ-ը պաշտոնապես դիմել է ադրբեջանական կողմին՝ հայտնելով, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք 1302-րդ հանդիպմանը դիմելու են դատարան՝ առաջ քաշելու Ադրբեջանի կողմից պարտականությունների կատարման ձախողման հարցը: Այս կապակցությամբ նախարարների խորհուրդը Ադրբեջանից նաև պահանջել է մինչև նոյեմբերի 29-ը ներկայացնել իր կողմի տեսակետը հարցի առնչությամբ: