Հայոց բանակը 25 տարեկան է: Կազմավորման քառորդ դարի ընթացքում նորովի ստեղծված Հայոց բանակը բազմիցս դրսևորել է իր հզոր և մարտունակ լինելը, դարձել երկրի անկախության և ժողովրդի անվտանգության երաշխիքը՝ արժանանալով համայն հայության վստահությանը և մեծ սիրուն: Երկրի պաշտպանության և անվտանգության պահակակետում անձնուրացաբար կանգնած Զինված Ուժերի հոբելյանական տարեդարձը հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և արտերկրում նշում է հավուր պատշաճի:
2017 թվականի հունվարի 26-ին Թբիլիսիում մեկնարկեցին Հայոց բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումները:
Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանի նախաձեռնությամբ «Սամի Սաուկունե» («Երեք դար») հանդիսասրահում կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված Ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձին:
Տոնական միջոցառմանը ներկա էին.Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Դավիթ Թևզաձեն, ՆԱՏՕ կենտրոնակայանում Վրաստանի գլխավոր ռազմական ներկայացուցիչ նշանակված ԶՈՒ Գլխավոր Շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, Ազգային Գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Լևան Գամղրելիձեն, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Շալվա Ջաբախիձեն, ՊՆ և ԶՈՒ ԳՇ կարևորագույն վարչությունների և ծառայությունների պետեր,Վրաստանի ուժային կառույցների բարձրաստիճան ղեկավարներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ՝ հանձինս ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Չեխիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ուկրաինայի, Իրանի, Ղազախստանի դեսպանների, դեսպանորդների, խորհրդականների, ռազմական և այլ կցորդների, Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գրասենյակի դաշտային ներկայացուցիչներ,Հարավային Կովկասում ՆԱՏՕ կապի գրասենյակի ղեկավար կազմը՝ Ուիլյամ Լահյույի գլխավորությամբ,վրաց առաջատար ռազմական փորձագետներ և ռազմական ԶԼՄ-ների թղթակիցներ, հոգևոր դասը, Թբիլիսիի և Սամցխե-Ջավախքից համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Իր օրհնաբեր ներկայությամբ միջոցառմանը մասնակցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Հանդիսավորապես դահլիճ բերվեցին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական դրոշները, հնչեցին երկու երկրների պետական հիմները: Միջոցառումն օրհնեց Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տ. Բաբգեն վարդապետ Սալբիյանը:
Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը ներկայացրեց օրվա խորհուրդը և հայոց բանակի պատմական ուղին՝ արժևորելով ՀՀ ԶՈՒ վերակազմավորումը և հայ-վրացական դարավոր զինակցությունը: Բանախոսը, հատկապես, կարևորեց երկու ժողովուրդների համատեղ ուժերով արտաքին թշնամուն դիմակայելու, միմյանց նեցուկ կանգնելու պատմական դրվագները, որոնց արդյունքում քրիստոնյա հինավուրց ազգերը կարողացել են պահպանել իրենց ինքնությունն ու վերականգնել կորցրած անկախությունը, զարգացնել և խորացնել հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը:
Երկկողմ ռազմական համագործակցության զարգացման ոգով ելույթ ունեցավ գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ով իր ջերմ շնորհավորանքները հայտնեց ՀՀ ԶՈՒ տարեդարձի կապակցությամբ: «Մակընթացություններով և տեղատվություններով առլեցուն աշխարհում ամեն վայրկյան ամեն ինչ ենթակա է փոփոխության, թերևս, ամենայն լրջությամբ կարող եմ ասել, փոփոխության ենթակա չէ պատմականորեն դրացի երկու քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի ու վրացիների բարեկամությունը, որն անսասան է, ինչպես այս երկու ազգերի բանակն ու զինված ուժերը,- իր խոսքում կարևորեց Վրաստանի ԶՈՒ ԳՇ նախկին պետը՝ ԶՈՒ բոլոր ծառայողներին մաղթելով խաղաղ երկնակամար և անվտանգ ծառայություն:
Այնուհետև Վրաստանում ՀՀ ռազմական կցորդի կողմից Բրյուսել մեկնող գեներալ-մայորին հանձնվեց պատվո հուշատախտակ՝ երկկողմ համագործակցության զարգացման գործում ներդրած անձնական ավանդի համար:
Բանակի և զինված ուժերի մարտական ոգուն և հզորությանը հարիր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային խումբը (պարուսույց՝ Սուրեն Աբրամյան) ներկայացրեց «Շատախի ռազմապարը» և «Յարխուշտան», հնչեցին հայոց ազգային և ռազմական երգեր: Ռազմական կցորդի և ընդունելության պատվավոր հյուրերից գեներալներ Վախթանգ Կապանաձեի, Դավիթ Թևզաձեի և գնդապետ Ջաբախիձեի ձեռամբ կտրվեց տոնական տորթը, ինչին հետևեց պաշտոնական հյուրասիրությունը հայ, վրաց և այլ ժողովուրդների երգերի ու պարերի ուղեկցությամբ:
Հայոց բանակի օրվա տոնակատարությունը դարձավ հերոսական ճանապարհով անցած զինված ուժերի մեծարման տոն: Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի տոնակատարության միջոցառումները թբիլիսահայ համայնքում շարունակվում են: