ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 24-ին Հայարտուն կենտրոնում պատասխանեց նաեւ Սամցխե-Ջավախքի հասարակական գործիչների եւ իշխանության ներկայացուցիչների հարցերին:
Հանդիպման սկզբում վարչապետը այլ հարցերի շարքում նշեց, որ իր հանդիպումների ընթացքում անդրադարձել է նաեւ ջավախքահայության խնդիրներին առանց մանրամասնելու դրանց բովանդակությունը: Հետագայում վարչապետից հետաքրքրվեցին թե որ հարցերն են քննարկվել ջավախքահայությանը հուզող խնդիրներից, որին նա պատասխանեց, որ հիմնականում քննարկվել են կրթությանը եւ դպրոցներին վերաբերվող հարցեր:
Վարչապետի առջեւ ջավախքահայության հուզող բարձրացված խնդիրներից էին դպրոցների դասագրքերի հարցերը, ուսուցիչների վերապատրաստման եւ երիտասարդների համար պետական կրթական համալսարաններում արտոնություններ տալու հարցերը: Տրված հարցերի շարքում էր նաեւ Վրաստանի մեքենայով Հայաստանում գտնվելու սահմանափակ ժամկետի հարցերը, որը եւ մտահոգում է Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչությանը:
Վարչապետի խոսքերով՝ նրանք հանդիպումների ժամանակ քննարկել են հայկական դպրոցների համար հատկացվող դասագրքերի հարցերը եւ պետք է, որ այս տարի դասագրքերի քանակը ավելի շատ լինի քան նախորդ տարիներին: Վարչապետի խոսքերով՝ այդ նպատակով նախատեսվում է հանդիպում Վրաստանի եւ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարների միջեւ:
Ինչ վերաբերվում է Վրաստանի մեքենաներով Հայաստանում սահմանափակ ժամանակով գտնվելու հարցին, որը հիմնականում հուզում է ջավախքահայերին, ապա վարչապետի խոսքերով՝ ինքը կողմնակից է, որ Վրաստանի հետ բոլոր սահմանային սահմանափակումները հանվեն եւ այդ հարցը եւս քննարկման կարիք ունի:
Կարեն Կարապետյանը իր հերթին խոստացավ անպայման ուսումնասիրել բարձրացված հարցերը:
Հանդիպման մասնակիցները օգտվելով առիթից իրենց շնորհակալության խոսքը հայտնեցին վարչապետին այս տարվա փետրվարի սկզբին սահմանային մուտքի արտոնագրի համար վճարվող գումարի չեղարկման համար:
Աղբյուր՝Akhaltskha.Net