Մարտի 2-ին USAID-ի Ժողովրդավարական Ներգրավածության կենտրոնում, տվյալ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Վրաստանում մարդու իրավունքների թեմայի շուրջ: Հանդիպմանը քննարկվեցին մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը եւ տվյալ ուղղությամբ գործողությունների իրականացման ծրագիր: Հանդիպմանը Թբիլիսիից մասնակցում էր տվյալ հարցերով զբաղվող կառավարությանը կից կազմակերպության ներկայացուցիչը եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դիմիտրի Ցքիտիշվիլին, ով խորհրդարանում անմիջապես զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով:
Հանդիպմանը պարզ դարձավ, որ հիմնականում վրաց հասարակությանը հուզում են ընտանիքներում ուժի կիրառման, սեռական ոտնձգությունների եւ հաշմանդամներին հանդեպ խտրական վերաբերմունքի հարցերը, ինչպես նաեւ իրավապահ մարմինների կողմից շատ հաճախ անօրինական ուժի կիրառումը եւ նմանատիպ այլ խնդիրներ:
Հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ հայ հասարակության խնդիրները բավականին տարբերվում են վրաց հասարակության հուզող խնդիրներից: Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանի խոսքերով բազմաթիվ խնդիրներ գոյություն ունեն կապված մաքսատան աշխատակիցների խտրական վերաբերմունքի հետ, որտեղ շատ հաճախ խախտվում են մարդու իրավունքները: Մասնավորապես նա նշեց, որ շատ հաճախ մաքսատան աշխատակիցները տեսնելով սահմանը անցնող քաղաքացիների լեզվի ու իրենց իրավունքների գիտենալու խնդիրները, խտրական վերաբերմունք են ցուցաբերում քաղաքացիներին: «Երբ տեսնում են քաղաքացին չի տիրապետում լեզվին եւ ծանոթ չէ իր իրավունքներին հաճախ լինում են այնպիսի պահեր երբ նրանց հետ ձեռ առնելով են խոսում կամ կոպիտ վերաբերմունք դրսեւորում նրանց նկատմամբ: Նույն բանն է երբ հայկական գրականություն են փորձում տեղափոխել մարդիկ սահմանով: Բազմաթիվ հարցաքննություններից հետո դա նրանց արգելվում է: Սահմանը անցնելու ժամանակ խնդիրների են հանդիպում նաեւ հայկական ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնցից ոմանց անիմաստ սպասել են տալիս սահմանի վրա եւ ինչ-որ թղթեր լրացնում նրանց վերաբերյալ»,-ասում է Էդուարդ Այվազյանը:
Նա նաեւ անդրադարձավ օրեր առաջ Ախալքալաքի տոնավաճառներից մեկում հայտնաբերած կոշիկին, որի տակ հայկական ծաղկած խաչ է պատկերված: Ցավոք դահլիճում ներկա հասարակական կազմակերպությունների եւ պետական մարմինների ներկայացուցիչները ոչ միանշանակ ընդունեցին տվյալ փաստը: Ոմանք կարծիքով դա իրոք վիրավորում է մարդու կրոնական զգացմունքները, իսկ մնացածների կարծիքը ժխոր առաջացնելուց բացի անհասկանալի մնաց հարցը բարձրացնողների համար:
Վրաստանի Ժողովուրդների Ժողովրդական միության տնօրեն Աշոտ Կավալերյանի խոսքերով շատ հաճախ հաղթվում են գործարարների իրավունքները, որոնք ակտիվ հասարակական դիրքորոշում ունեն եւ այդ պատճառով տուգանքների թիրախ դառնում: «2011 թվականին երբ կաթողիկոսները այցելեցին Սամցխե-Ջավախք, նրանց հանդիպողների շարքում կային գործարարներ, որոնք բավական ակտիվ էին: Ցավոք կաթողիկոսների այցից ընդամենը երկու շաբաթ անց ակտիվ գործարարներին, որոնք ունեին իրենց հասարակական դիրքորոշումը տուգանեցին»,-ասում է Աշոտ Կավալերյանը: Նա նաեւ ավելացրեց, որ շատ հաճախ տուգանքները օգտագործվում են որպես մարդկանց վախեցնելու եւ զսպելու միջոց:
Բոլոր խնդիրները ֆիքսվեցին Վրաստանի խորհրդարանի պատգամավորի կողմից, ով խոստացավ բարձրաձայնել այս խնդիրները խորհրդարանում: