Օրերս Բուլղարիայի մայրաքաղաքում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի երիտասարդական առաջնությունը։
72 կգ քաշային կարգում փայլուն է հանդես եկել 22-ամյա ախալքալաքցի Հայկ Մնացականյանը, ով 1 տարի առաջ է տեղափոխվել Բուլղարիա։ Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն է միջնորդել, որ նա այնտեղ մարզվի։Հայկն անցկացրել է 4 գոտեմարտ, ոչ մի միավոր չի տվել մրցակցիներին և գրավել է առաջին տեղը։ Առաջնությանը ներկա է եղել նաև Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը։
Հայկ Մնացականյանի հաղթանակով ոգևորված, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում էին հավաքվել Տեղական Ինքնակառավարման Մարմինների և մարզասեր հասարակության ներկայացուցիչներ, զրուցել սպորտի բնագավառում մեր շնորհաշատ մարզիկների և այդ բնագավառի հետագա զարգացման մասին, չեմպիոնին հղել շնորհավորանքի ջերմ բարեմաղթանքներ:
Հանդիպման ժամանակ խոսվել է այն մասին, որ Դիլիսկա գյուղում գործում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի խմբակ, 80 սան մարզվում են Նորիկ Կրճացյանի ղեկավարությամբ: Վրաստանի Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը միացել է շնորհավորանքներին և նրա մտահաղացմամբ, մեր մարզիկի հայրենի բնօրրան վերադառնալուց հետո կկազմակերպվի հանդիպում- մրցույթ վերոհիշյալ խմբակի սաների հետ, նրանց հետագա մարզական ձեռքբերումներին նպաստելու համար: