Ծնունդդ շնորհավո՛ր, սիրելի՛ բանակ: Համայն հայությունը հունվարի 28-ին տոնում է այս պայծառ ու հաղթական տոնը: Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում ևս նշվեց Հայոց բանակի 25-ամյակը:
Միջոցառման ժամանակ զինվորական հագուստներով և եռագույն դրոշները ձեռքերին հանդես եկան ԱԵԿ-ի փոքրիկ սաները՝ փառք ու պատիվ տալով Հայոց բանակին: Բանաստեղծությունների և երգերի միջոցով նրանք փառաբանեցին քաջ ու անպարտ հայ զինվորին, ով իր կյանքի գնով պաշտպանում է Հայրենիքն ու Հայ ժողովրդին:
Տրամադրությունն ավելի տոնական դարձրեցին ԱԵԿ-ի « Հայք » պարային համույթի սաները իրենց պարային կատարումներով: Հայրենասիրական և ազգագրական երգերով հանդես եկան նաև Ալֆոն Կուլախսզյանը և Հայկուհի Խաչատրյանը:
Միջոցառման ավարտին իր ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԵԿ-ի պատասխանատու Արթուր Գաբրիելյանը: Նա նշեց, որ այս 25 տարիների ընթացքում Հայոց բանակը բազմիցս դրսևորել է իր հզոր ու մարտունակ լինելը, որի վառ ապացույցներից մեկն էլ հենց Ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Հայոց բանակի շնորհիվ է, որ մենք եղել ենք ու միշտ լինելու ենք հաղթող:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև ԱԵԿ-ի պատմության ուսուցիչ Վաչագան Ռստակյանը: Նա ներկայացնելով Հայոց բանակի կազմավորումն ու անցած ուղին՝ շնորհավորեց բոլորին այս հաղթական տոնի կապակցությամբ:
Փառք ու պատիվ մեր Հայոց բանակի առյուծներին: