Սույն թվականի փետրվարի 10-ին` երագահաս, խնդրակատար, սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի նախատոնակին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում` հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանն ու Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը կատարեցին հանդիսավոր ժամերգություն։
Հավարտ ժամերգության խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Հայր Սուրբը, շնորհավորեց տոնի առթիվ։ Այնուհետև օրհնվեցին աղաբլիթները և բաժանվեցին երիտասարդներին, այս մասին հայտնում է Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը։
Մինչև ուշ գիշեր չէր դադարում ուխտավորների հոսքը Ախալքալաքի
Սուրբ Խաչ և Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցիներ։
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնը շարժական է և այս տարի նշվում է փետրվարի 11-ին: Սուրբ Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Նրանց մարմիններն ամփոփվել են Համիան քաղաքում: Հետագայում Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը Սուրբ Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:
Սուրբ Սարգիս զորավարի տոնը ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Սուրբ Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Ժողովրդական սովորություններից է նաև Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների՝ աղի բլիթ ուտելը, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում: