Սույն թվականի փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջի նախատոնակին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, տեղի ունեցավ հանդիսավոր ժամերգություն: Հավարտ ժամերգության ձեռամբ Հոգեշնորհ Հայր Բաբգէն վարդապետի ու Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի և Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի տեղի ունեցավ նորապսակների օրհնության կարգ, որից հետո եկեղեցու խաչի քավոր Աղասի Կարաբեկյանի կողմից նորապսակները ստացան նվերներ: Այնուհետև եկեղեցու բակում վառվեց ավանդական խարույկը և կատարվեց ժողովրդական տոնախմբություն՝ մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Զարթոնք» և «Վաչիան» ազգագրական երգի-պարի համույթների (խմբի գեղարվեստական ղեկավար և պարուսույց` Նասլետ Քեյան): Որից հետո նորապսակներին սպասում էր անակնկալ՝ տոնական թխվածքի տեսքով։
Հայ Առաքելական եկեղեցին, նախնի եկեղեցու հաստատած կարգի համաձայն, ամեն տարի փետրվարի 14-ին` Քրիստոսի հրաշափառ Ծնունդից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական Փրկչին Երուսաղեմի տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը: Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին: «Տեառնընդառաջ» նշանակում է «Տիրոջն ընդառաջ գնալ» կամ «Տիրոջն ընդառաջ դուրս գալ»: Տոնի ծիսական արարողությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ։ Խարույկ վառելը և նրա շուրջը պտտվելը կամ վրայից թռչելը Տեառնընդառաջի տոնի ժողովրդական ավանդույթներից է:
Խարույկ վառելը, դրա վրայից թռչելը կամ շուրջը պտտվելը խորհրդանշում է, որ եթե հեթանոսները կրակը որպես աստված էին պաշտում, ապա քրիստոնյաները կրակը, որպես Աստծու ստեղծագործություն, Աստծուն են մատուցում: Եթե հեթանոսներն Աստծու պատիվը կրակին էին տալիս, ապա քրիստոնյաները կրակը, որպես Քրիստոսի ծառա, բերում Նրան ծառայեցնելու: Կրակի վրայից թռչելով` ոտնակոխ է արվում այն` ցույց տալով, որ այն աստված չէ, այլ Նա է Աստվածը, Ով քառասուն օրական եկավ տաճար: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրահանգով Տեառնընդառաջը հռչակվել է նորապսակներին օրհնության օր, որպեսզի նորաստեղծ ընտանիքը Տիրոջն ընդառաջ գնալով` «կյանքի լույս ընդունեն» ու «չսայթաքեն»:
Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան