ԱՆՏԵՍՎԱԾ ՔԱՂԱՔԸ ՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐ ԴԱՌՆԱԼ

ԱՆՏԵՍՎԱԾ ՔԱՂԱՔԸ ՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐ ԴԱՌՆԱԼ

Ախալցխան հին ժամանակներից հայտնի է որպես արվեստների եւ արհեստների երկիր: Այն հայտնի է նաեւ որպես շատ հայ մեծերի հայրենիք: Աշխարհի ամենահայտնի հայերի Շառլ Ազնավուրի եւ չորս ժամով Հռոմի պապ դարձած Կարդինալ Աղաջանյանի նախնիները եւս Ախալցխայից են եղել: Այս անունները կարելի է դեռ երկար թվարկել, սակայն բավարարվենք դեռ դրանով:

Ախալցխան ժամանակին անվանել են «Քիչիկ Ստամբուլ» իր մշակույթի, արհեստների, արվեստների ու բուռն առեւտրային կյանքի շնորհիվ: Նաեւ քաղաքի տարեց մարդկանց կողմից խոսվում է, որ երբ Կարապետ Սրբազան Բագրատունին Արեւմտյան Հայաստանի Կարին քաղաքից 1830թ. մարդանց էր տեղափոխում Ռուսաստանի կայսրության հարավային սահմաններ, Ախալցխան շատ է դուր եկել նրան ու նա որոշել է Կարին քաղաքի մտավորական խավի սերուցքը տեղավորել հենց Ախալցխա, որտեղ արդեն դարերով գոյություն ուներ հայկական համայնք: Այսինքն ստացվում է, որ Ախալցխայի հայ ժողովուրդը խառնուրդն է Գուգարաց աշխարհի ու Կարնո ժողովրդի: Եւ հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ Ախալցխան շատ հայ հանճարների բնօրրան է հանդիսացել եւ ինչու չէ նաեւ կարողացել է 1918թ. թուրքական հարձակման դեմ կազմակերպել հիանալի ինքնապաշտպանություն: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ Ախալցխան իր ողջ պատմության ընթացքում հանդիսացել է շրջանի մշակութային, հոգեւոր եւ մտավոր կենտրոն: Այստեղ է բաբախել նաեւ շրջանի քաղաքական զարկերակը, ինչը դադարել է խորհրդային կարգերի հաստատումով:

1990-ական թվականներից հայ քաղաքական, մշակութային եւ հոգեւոր գործիչների հիանալի մտավոր թռիչքի շնորհիվ Ախալցխան չի վերականգնվում որպես շրջանի հայկական քաղաքական, մշակութային եւ հոգեւոր կենտրոն: Դրանից հետո դեպքերը ավելի սրընթաց են սկսում զարգանալ հասցնելով քաղաքի հայությանը շատ բարդ վիճակի: 1990-ական թվականներին 90% հայկական ազգաբնակչություն ունեցող քաղաքից այսօր մնացել է 40% հայություն: Վրացական իշխանությունները էլ իրենց հերթին ամեն ինչ արեցին, որ Ախալցխան դառնա Սամցխե-Ջավախքի վրաց մտավոր, հոգեւոր եւ քաղաքական կենտրոն:

Այսօրվա պայմաններում, ցավոք Ջավախքի հայ ազգաբնակչության պահանջները եւ խնդիրները ոչ այնքան գրագետ եւ մատչելի ձեւով են ներկայացվում վրացական իշխանություններին եւ հասարակությանը: Դա բոլոիս մեղքն է անխտիր: Բազմաթիվ վրացական հեղինակավոր կազմակերպություններ, որոնք սնվում են եվրոպական գրանտերով, մեր կողմից փոքր ինչ լոբիստական աշխատանք ծավալելու դեպքում պատրաստ են նպաստել մեր խնդիրների լուծմանը, սակայն մենք անկարող ենք օգտվել դրանից: Անկարող ենք օգտվել եվրոպական գրանտերից, որոնք եւս կնպաստեն մեզ բազմաթիվ հարցերում ու կփոխեն մեր աշխարահայացքը: Պետք է ի վերջո երկնքից ցած իջնենք ու ինտերնետով ամպագորգոռ հայտարարություններ տարածելու փոխարեն ճիշտ աշխատանք տանենք Սամցխե-Ջավախքի սրտում՝ Ախալցխայում, որտեղ կենտրոնացած է նահանգապետարանը ու բազմաթիվ այլ կարեւոր ինստիտուտներ եւ կազմակերպություններ: Հենց այստեղ է պետք աշխատանք տանել մեր խնդիրների լուծման ուղղությամբ, քանզի բոլոր այլ տարբերակները դատապարտված են անհաջողության: Փակվելով մեծ տան մութ ու ծայրամասային սենյակներից մեկում չես կարող քո ձայնը հասցնել կենտրոնին, ինչպես նաեւ սեփական ժողովրդիտ: Նույն է նաեւ հարեւանի տնից գոռալը, ինչը եւս ճիշտ չի ընկալվում: Պետք է գրագետ, հավասարակշռված ու գաղափարային աշխատանք տանենք մեր ժողովրդի հետ: Ու միայն այսպիսով ակտիվացնելով Ախալցխայի հայկական հասարակական կյանքը մենք կնպաստենք Սամցխե-Ջավախքի բազմաթիվ խնդիրների լուծմանը, իսկ վնասելով Ախալցխայի առանց այդ էլ վնասված հասարակական կյանքին մենք կխորտակենք ամբողջ շրջանը նորանոր խնդիրների մեջ:

Էդուարդ Այվազյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

2016-09-25