ՄԻԱՅՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՄԲ ԿԱՐԵԼԻ Է ԼՈՒԾԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՄԻԱՅՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՄԲ ԿԱՐԵԼԻ Է ԼՈՒԾԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

«Հայոց պետականությունը հիմքն է մեր հավաքական հաջողությունների»,- այս գաղափարով պետք է առաջնորդվի ցանկացած հայ մարդ, պետական, քաղաքական ու կուսակցական գործիչ, ամեն ինչից վեր դասելով պետական շահը: Առանց ամուր պետականության անհնար է ունենալ ազատ հայրենիք, հզոր բանակ եւ խաղաղ երկինք մեր երեխաների գլխավերեւում, հետեւաբար մեր բոլոր գործողությունները պետք է նպաստեն հայոց պետականության կայացմանը, ամրապնդմանը ու զարգացմանը: Պետք չէ շփոթել իշխանություններին պետության հետ: Իշխանությունները գալիս ու գնում են, իսկ պետությունը հարատեւում է դարերով: Այսօրվա մեր պետականությունը բավականին երիտասարդ է, որ կարողանար այդ կարճ ու բարդ ժամանակահատվածում հզոր տնտեսություն ստեղծել եւ վերացնել աղքատությունը ու անհավասարությունը Հայաստանում: Այն էլ նման շրջափակման պարագայում, երբ ուրիշ պետություններ արդեն կարող է մեր փոխարեն վերացած լինեին աշխարհի երեսից:

Սակայն նույն ժամանակ կարելի է փաստել, որ բավական հարցերում թերացել ենք, քանզի շատ անգամ չենք ունեցել այնպիսի պետական գործիչներ ու ծառայողներ, որոնք կոմպետենտ են եղել իրենց աշխատանքի մեջ: Չենք ունեցել նրանց շարքերում համապատասխան նվիրում, գիտելիքներ ու հայրենասիրություն:

Հզոր պետականության հիմքեր դնելու համար նախ անհրաժեշտ է ունենալ համապատասխան պետական ու ազգային գաղափարախոսություն: Պետական բոլոր նշանակավոր պաշտոնները պետք է զբաղեցնեն նվիրված, գրագետ ու հայրենասեր մարդիկ, որոնց նախ անհրաժեշտ է պատրաստել կամ առնվազն վերապատրաստել հաջողակ եւ զարգացած երկրներում: Պետք է շատ կոշտ ու ծանրակշիռ քայլեր ձեռնարկել կաշառակերության վերացման համար, ինչը քաղցկեղի նման ամեն օր սպանում է մեր երիտասարդ պետականությունը:

Այսօրվա մեկնարկած բարեփոխումները անհնար է իրականացնել առանց հավատքի, հանրային մեծ շրջանակների վստահության ու աջակցության: Բավական է թերահավատ լինենք, բավական է ասենք, որ ոչինչ չի փոխվելու եւ բավական է միայն բամբասանքով ու թշնամանքով զբաղվենք: Պետք է բոլորս միասին ճիշտ հասարակական կարծիք ձեւավորենք երկրի ներսում եւ դրսում, որը լոկոմոտիվ կդառնա մեր կարծիքները հաշվի առնելու ու բարեփոխումներին նոր ընթացք տալու գործի համար: Այս կարեւոր գործին Հայաստանի հետ մեկտեղ անմասն չպետք է մնա սփյուռքը, Արցախը ու Սամցխե-Ջավախքը:

Բոլորս միասին, յուրաքանչյուր անհատով նպաստելով հայկական պետականության ամրապնդմանը մենք կնպաստենք Արցախյան հիմնահարցի հայամետ լուծմանը, սփյուռքի գործոնի հզորացմանը եւ Սամցխե-Ջավախքի հայության խնդիրների թեթեւացմանը: Կկասեցնենք արտագաղթը, կհզորացնենք տնտեսությունը ու ի վերջո կազատվենք հայրենադավ տգեղ օլիգարխներից եւ կաշառակեր այլ տարրերից: Նոր տեղ ու դիրք կգրավենք միջազգային ասպարեզում եւ նոր կարգավիճակ հարեւանների աչքում:

Էդուարդ Այվազյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

2016-12-06