«ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

«ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Դեռ դպրոցական դասագրքերից հայ ժողովուրդը լսել է «Մեծ Թուրան» ծրագրի մասին, որի պատճառով այդքան տուժել է հայ ժողովուրդը: Բոլորս էլ գիտենք թե իրականում ինչ նպատակով իրականացվեց Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից: Հիմնական նպատակը կայանում էր նրանում, որ իրենք կարողանան միավորվել մնացած թուրքալեզու ժողովուրդների հետ, ինչի հիմնական խոչընդոտը հանդիսանում էր հայ ժողովուրդը: Նպատակը չէր փոխվել նաեւ 1988-1994թ. Արցախյան պատերազմի օրերին, երբ նույն Թուրքիան հույսեր էր փայփայում ի նպաստ Ադրբեջանի լուծել Արցախյան խնդիրը եւ արանքում ստանալ Հայաստանի Հանրապետության Մեղրիի հատվածը, միավորվելու համար Ադրբեջանի հետ: Կարծես նպատակները այսօր էլ չեն փոխվել եւ ցանկացած վարկյան կարող է նոր պատերազմ սկսվել Արցախում, ինչը ցույց տվեցին 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները: Եւ այս պայմաններում աշխարհի համայն հայության ուշադրությունը սեւեռված է հայոց Արցախի վրա, սակայն տվյալ լարված իրավիճակի արանքում արդեն երկար տարիներ է, ինչ Թուրքիան ու Ադրբեջանը իրականացնում են մեկ այլ մեծ ծրագիր, որի միջոցով կառուցվում է այլընտրանքային ուղղի «Մեծ Թուրան» ծրագիրը իրագործելու համար:

Տվյալ պանթուրքիստական ծրագիրը ընկնում է ցավոք մեկ այլ հայաբնակ տարածքով, որը հյուսիսից սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը: Դեռեւս 1918 թվականին թուրքական բանակը փորձեց գրավել Սամցխե-Ջավախքի շրջանը եւ հանդիպեց այնտեղ ապրող հայ ժողովրդի եւ ինչու չէ նաեւ տեղացի վրացիների կատաղի դիմադրությանը: Բոլորս լավ գիտենք Ախալցխայի հայտնի ինքնապաշտպանության մասին, լավ գիտենք թե թուրքական ներխուժման պատճառով ինչքան մեծ զոհեր ունեցանք Ջավախքի հատվածում: Սակայն պետք է խոստովանել, որ այս ամենից ոչ միայն դասեր չենք քաղել, այլեւ չենք վերափոխվել ընկալելու համար այսօրվա նոր տիպի տնտեսական ու դեմոգրաֆիկ պատերազմի վտանգը: Թուրքերի համար Բաթումին ու Ախալցխան ունեն մեծ ստրատեգիական նշանակություն: Նրանք Ախալցխա քաղաքը անվանում են «Ախիսխա» եւ համարում իրենց պատմական տարածքը, որտեղ ցանկանում են վերաստեղծել իրենց երբեմնի ազդեցության լծակները:

Այսօր գաղտնիք չէ, որ Ախալցխայում գործում են մոտ երկու տասնյակ հասարակաց տներ, որտեղ աշխատում են հարյուրավոր կանայք Հայաստանից ու Վրաստանից: Ամիսներ առաջ Ախալցխայում իրավապահ մարմինների կողմից փորձ էր արվել մաքրել տվյալ հասարակաց տները, ինչի արդյունքում իհայտ էին եկել այնտեղ մոտ 600 աշխատող կանայք: Սնկի պես աճող հասարակաց տները սպասարկում են միայն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք հիմնականում ազգությամբ թուրքեր են: Տվյալ բիզնեսի ուղղվածությունը հիմնված է միայն թուրքերի կողմից եկամուտ բերելու վրա, որը ցույց է տալիս նրանց ներկայության քանակը եւ ֆինանսական հոսքը հայաբնակ Ախալցխայի շրջանում: Դրանից բացի Ախալցխայում կան ռեստորաններ, որոնք միայն սպասարկում են թուրքերին:

Օրերս պարզ դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք ազգությամբ թուրք-մեսխեթցիներ են թվով մոտ 30 հոգի եկել են Ադրբեջանից եւ ընդունվել Ախալցխայի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում: Նրանք ընտրել են հիմնականում համալսարանի բիզնեսի բաժինը: Սպասվում է, որ նրանց թիվը համալրվելու է եւս 45 հոգով, ինչը դժգոհություն է առաջացնում համալսարանի դասախոսների շրջանում: Դուրս է գալիս, որ միայն Ախալցխայի շրջանում շուտով կունենանք մոտ 70 ադրբեջանցի ուսանող: Ամիսներ առաջ պարզ դարձավ, որ Ախալցխայի Տավառնի կոչվող թաղամասում, որտեղ բնակվել են հիմնականում թուրք-մեսխեթցիները, մեսխեթցիներին բաշխվել են մեծ թվով մեղվապահության համար նախատեսված փեթակներ, որոնց վրա կարելի է տեսնել թուրքական դրոշներով կոճակներ: Եւ դա միայն սառույցի տեսանելի մասն է հանդիսանում:

Ախալցխայից դեպի արեւմուտք ընկնող Ադիգենի շրջանում եւս հանգիստ չէ: Արդեն երեք տարուց ավել է, ինչ Ադիգենի շրջանի մահմեդականները ակտիվ պայքարում են իրենց իրավունքների համար: Սկզբում Ճելա գյուղն էր, որտեղ առանց վրաց իշխանությունների գիտության տեղադրվեց մինարեթ: Մինարեթը ճիշտ է ապամոնտաժվեց, սակայն ժամանակ անց կրկին տեղադրվեց իր նախկին տեղում: Պայքարը այնքան սաստիկ էր, որ ձերբակալված մահմեդականներին իշխանությունները ստիպված բաց թողեցին, տալով նրանց փոքրիկ տուգանքներ:

Շարունակությունը Մոխե գյուղն էր, որը երկու տարի պայքարեց իր մզկիթի համար, որին իշխանությունները օրերս տվին վիճելի պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ, իսկ մահմեդականների համար գյուղի կենտրոնում նոր մզկիթ է կառուցվելու: Մոտ օրերս պարզ կդառնա թե ինչպես կպատասխանեն տվյալ որոշմանը տեղի մահմեդականները: Նույնպես օրերս Ադիգենի մահմեդական համայնքին տրվեց թվով երեք մզկիթ, որից հետո նրանց տրվելու է եւս 12 մզկիթ:

Հիմա թողնենք Ադիգենը եւ վերադառ նանք Ախալցխա: Ախալցխայում քայլելիս ամեն վարկյան կարելի է հանդիպել տասնյակ թուրքիայի քաղաքացիների, որոնք հաճախ ման են գալիս խմբերով: Քաղաքի սրճարանները եւս լի են թուրքիայի քաղաքացիներով: Իսկ հասարակաց տներ Վրաստանի քաղաքացիներին մուտքը արգելված է եւ դժվար է պարզել այնտեղ կատարվողը:

Հավանաբար նման, կամ ավելի վատ վիճակ է սպասվում Ախալքալաքին ու Նինոծմինդային, երբ շահագործվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Այս իրավիճակում միայն մեկ ելք կա ընդունել թաքուն հիբրիդային պատերազմի կանոնները եւ պայքարել նույն ոճով, ամրացնելով մեր երկու եղբայր ժողովուրդների՝ հայերի ու վրացիների հիմքերը իրենց իսկ հայրենի տարածքներում:

Ադրբեջանի լրատվամիջոցների ոճը միշտ եղել է սեպ խրել մեր երկու ժողովուրդների միջեւ, ինչը պետական քաղաքականություն է մեր ժողովուրդների նկատմամբ: Նպատակը բաժանել եւ տիրելն է կամ փողով գնել վրաց խմբագիրների, քաղաքագետների եւ որոշ քաղաքական գործիչների, որոնք հայերի օրինական պահանջները ներկայացնում են որպես անջատողականություն: SOCAR ընկերության տնտեսական ազդեցությունը Վրաստանի տնտեսության վրա պարզ է գրեթե բոլորին: Գաղտնիք չեն նաեւ ընկերության կապերը նախկին իշխանության ներկայացուցիչների հետ, որոնք հիմք նախապատրաստեցին այսօրվա թուրք-ադրբեջանական ներխուժման համար:

Այսօր իհարկե Սամցխե-Ջավախքում ապրող հայերը ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք հիմնականում արհեստական ստեղծվել են նախորդ թուրքամետ իշխանությունների կողմից եւ մասամբ շարունակվում են ներկայիս անհեռատես, իշխանության մեջ ոչ պատահական հայտնված մարդկանց կողմից: Սակայն այստեղ եւս հարկ է գրագետ մոտեցում ցուցաբերել չվնասելու հայ-վրացական հարաբերություններին ու արանքում փուլերով լուծելու կուտակված խնդիրները, քանզի հակառակ պարագայում տուժելու են թե հայերը եւ թե վրացիները ու հաղթելու է «Մեծ Թուրան»-ի ծրագիրը, որը ունի մեծ ֆինանսական ու մարդկային ռեսուրս:

Պետք է օր առաջ հրաժարվենք գործ անելու իմիտացիայից եւ բացատրենք մեր ժողովուրդներին հնարավոր ռիսկերի մասին, ապա Հայաստանի, Վրաստանի ու սփյուռքի ներկայացուցիչների հետ մշակենք աշխատանքների ծրագիր, լինի դա սոցիալական, հասարակական, տեղեկատվական թե այլ ոլորտներում, հակազդելու, կանգնեցնելու այն մեծ ուժին, որը արդեն մեկ դար է երկրների ու ազգերի ճակատագրեր կործանելով ուզում է միավորվել իր բարեկամ պետությունների հետ, ստեղծելու համար Մեծ Թուրանի իրենց երազած պետությունը:

Էդուարդ Այվազյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

2016-12-03