ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին այցը ՆԱՏՕ–ի եւ ԵՄ մայրաքաղաք Բրյուսել հանրության համար հետաքրքրական էր նրանով, որ ինչ էր փոխվել Հայաստան ՆԱՏՕ եւ Հայաստան ԵՄ հարաբերություններում թավշյա ժողովրդավարական հեղափոխությունից հետո։
Այցը կարեւոր էր նրանով, որ այս պաշտոնում ՀՀ վարչապետը առաջին անգամ էր հանդիպում արևմտյան երկրների առաջնորդների հետ եւ հետեւաբար կարծիք ձեւավորում նրանց վերաբերմունքից։
Չնայած հագեցած օրակարգի, Նիկոլ Փաշինյանը իր Բրյուսել այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ մի շարք այլ երկրների ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Տարբեր տեսանյութերից պարզ է դառնում, որ արեւմտյան երկրների առաջնորդները բավական նկատելի հետաքրքրություն էին դրսեւորում հայկական պատվիրակության նկատմամբ թավշյա հեղափոխությունից հետո, ինչը կարելի է համարել վերաբերմունքի դրական փոփոխություն Հայաստանի նկատմամբ, հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ ՆԱՏՕ գագաթնաժողովին հավաքված երկրների առաջնորդների օրակարգը չափազանց հագեցած էր տարբեր տեսակի հանդիպումներով եւ Հայաստանի հանդեպ առանձնակի ուշադրություն տվյալ գագաթնաժողովին ուղղակի անհնարին էր։
Կարծես թե տվյալ հանդիպումներում առանձնահատուկ նորություն չկար եւ հանդիպումները ընթացել էին սովորականի պես, ինչպես նախորդ անգամներին։
Սակայն Բրյուսել այցելության ավարտին չափազանց հետաքրքրական ու կարեւոր էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Այնտեղ նա մասնավորապես հայտնում է այն մեսիջների մասին, որոնք ուղղել էր եվրոպական երկրների ղեկավարներին եւ որոնք իրենց բնույթով չափազանց տարբեր էին նախորդ իշխանությունների արած հայտարարությունների համեմատ։
ՀՀ վարչապետը լրագրողների հետ հանդիպմանը մասնավորապես ասել է հետեւյալը, որ ժողովրդավարությունը Հայաստանում պետք չէ ընկալել որպես արտաքին քաղաքականության կողմնորոշում, այլ պետք է ընդունել որպես սկզբունք, համոզմունք ու հավատամք։ Նա նաեւ ասել է, որ գուցե կան երկրներ, որտեղ ժողովրդավարության, մարդու իրավունքների, անկախ դատական համակարգի, կաշառակերության դեմ պայքարի փոփոխություններ տեղի են ունենում, որովհետեւ ինչ-որ տեղից այդ երկրների առաջ նման պահանջ դնում են, սակայն այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, դրանք տեղի են ունենում Հայաստանի ժողովրդի պահանջով։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները չեն դարձվելու քաղաքական սակարկությունների առարկա եւ պայքարը կոռուպցիայի դեմ տարվում է ոչ թե նրա համար, որ դա պահանջում է Եվրամիությունը, այլ որովհետեւ դա պահանջում է Հայաստանի ժողովուրդը։
«Երբ ԵՄ պաշտոնյաներից մեկն ասաց, որ ինչ-որ մի ծրագրի շրջանակներում պատրաստ են ինչ- որ գումարի աջակցություն հատկացնել ՀՀ-ին, ես նրան տվեցի հայտնի կոռուպցիոների անուն, ու ասացի իրան որ մի հատ լավ թափ տանք, էդքան գումար կթափվի գրպանից, այնպես որ այդ գումարը դուք նեղ վիճակում եք, պահեք ձեզ եւ ծախսեք, մենք բավական մեծ թվով կոռուպցիոներներ ունենք ու թափ կտանք եւ այդ գումարները կգտնենք մեր բարեփոխումների համար»,- Բրյուսելի օդանավակայանում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում երկօրյա այցի արդյունքներն ամփոփելու ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հետագայում Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց իր տվյալ հայտարարությունը Facebook-յան պաշտոնական էջում։
«Բրյուսելի օդանավակայանում իմ բրիֆինգի մի հատվածը պարզաբանման կարիք ունի:
Բանը եղել է այսպես. ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում:
ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչու՞ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք:
Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի:
Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»,-գրել էր ՀՀ վարչապետը իր Facebook-յան պաշտոնական էջում:
Այս արված հայտարարությունների ոճից կարելի է ենթադրել, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրամիությունից ակնկալում է ոչ թե այնքան ֆինանսական աջակցություն, այլ լիովին նոր վերաբերմունք թավշյա ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունից հետո: Խոսքը այն մասին է, որ Հայաստանի իշխանությունը այլեւս չունի ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու բարդույթ, որը ամեն կերպ կարիք ուներ հաճոյանալու Եվրամիությանը եւ հանուն ֆինանսական աջակցության ու լռության պատրաստ է իրականացնել բարեփոխումներ երկրի ներսում։ Այսինքն հեղափոխությունից հետո կարելի է համարել, որ ձեւական հարաբերություններ ունենալու էջը փակվել է եւ այսօրվա հարաբերությունները ԵՄ երկրների հետ պետք է կառուցվեն ընդհանուր արժեհամակարգ ունենալու վրա, որը ոչ թե պարտադրված է Հայաստանին արտաքին խաղացողների կողմից, այլ Հայաստանի ժողովրդի կամքն ու ընտրությունն է։ Այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ ԴՈՒԽՈՎ ասաց այն, ինչ մինչեւ հիմա չէր ասել Հայաստանի Հայրապետության ոչ մի ղեկավար։ Ու ասածի իմաստը այն էր, որ վերաբերվեք մեզ այնպես ինչպիսին մենք կանք, որպեսզի երկկողմ հարաբերությունները արդար ու պարզ լինեն։
Այս ամենից կարելի է ենթադրել, որ Հայաստանի գլխավոր ուղերձը եւ ակնկալիքը ԵՄ-ից այն է, որ Եվրամիությունը նոր վերաբերմունք ու մոտեցում ցուցաբերի Հայաստանի նկատմամբ, որին երկիրը արժանացել է թավշյա ժողովրդավարական հեղափոխության արդյունքում։ Եւ ամենակարեւորը դա Հայաստանը ԵՄ-ից չի աղերսում ու ակնկալում դրանից ինչ-որ դիվիդենտներ շահել, ինչպես դա անում են որոշ պետություններ, այլ ակնկալում է ճիշտ ու համապատասխան հարաբերություններ արեւմուտքի երկրների հետ։
Էդուարդ ԱՅՎԱԶՅԱՆ