Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի դպրոցի շուրջ վերջին օրերին ծավալվում են բուռն գործողություններ, որոնք ամբողջ շրջանի ուշադրությունը սեւեռել են տվյալ գյուղի դպրոցի վրա։ Խոսքը այն մասին է, որ գյուղի դպրոցի ծնողները աշակերտների հետ միասին պահանջում են տնօրեն Արմեն Պոլորչյանի հրաժարականը։ Ծնողների ու գյուղի հասարակ բնակիչների խոսքերով տնօրենը մի քանի մարդկանց անուններով հավաքարարի համար նախատեսված աշխատավարձեր է գրել եւ գործի տեղեր ստեղծել, որոնք իրականում չկան տվյալ ոլորտում։ Սակայն աշխատավարձերը պարբերաբար դուրս են գրվել։ Ծնողները նաեւ բողոքում են, որ պետական քննությունների ժամանակ աշակերտները դժվարին վիճակի մեջ են հայտնվում, ինչը եւս վկայում է տնօրենի անտարբերության մասին։
Գումբուրդո գյուղի լիազոր Արթուր Կուրղինյանի խոսքերով իրենք այդ հարցի հետ կապված դիմել են Կրթության եւ գիտության նախարարությանը, սակայն դեռեւս այնտեղից պատասխան չեն ստացել։ «Այն ինչ խոսվում է ու ասվում է մարդկանց շրջանում ճիշտ է։ Մարդկանց անունով փողեր են դուրս գրվել, որոնք իրականում չեն աշխատել տվյալ ոլորտում»,-ասում է Արթուր Կուրղինյանը։
Նա վստահեցրեց, որ անձնական ոչինչ չկա տնօրեն Արմեն Պոլորչյանի դեմ եւ նույնիսկ մարդիկ առաջարկել են, որ նա տնօրենի պաշտոնից հեռանալով մնա նույն դպրոցում որպես ուսուցիչ։
Akhaltska.net-ի այն հարցին թե արդյոք գյուղացիների մեղադրանքը իրենից կաշառակերության մեղադրանք չի ենթադրում, Գումբուրդո գյուղի լիազորը տվեց դրական պատասխան։
Գումբուրդո գյուղի մեկ այլ բնակչի խոսքերով, ով չցանկացավ նշել իր անունը մեզ հետ զրույցում պատմեց, որ դպրոցականների ծնողները ուրիշ բողոքներ եւս ունեն տնօրենի նկատմամբ եւ դա եւս լրացուցիչ պատճառ է, որ նա հեռանա։
«Դպրոցում սովորում է 300 ավել աշակերտ, բայց չգիտես ինչու դասարաններ կան, որոնք իրար են միացրել եւ դարձրել են կոմպլեկտ։ Դա եւս ճիշտ չէ ու խնդիր է դպրոցի համար։ Դրանից բացի պետական քննությունների ժամանակ մեր աշակերտները չեն գրանցում դրական արդյունքները եւ շատերը կտրվում են, ինչը եւս վկայում է կրթության մակարդակի հանդեպ տնօրենի անուշադրության մասին»,-ասում է գյուղի բնակիչը։