Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն միգուցե կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն միգուցե կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող քննարկումներին:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե փոխանակվել են խաղաղության պայմանագրի նոր տարբերակներ, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է՝ եթե Հայաստանը ցանկանում է պայմանագրի սևագրում ներառել Լեռնային Ղարաբաղի հայերի հարցերը, ապա դա փոխադարձաբար պետք է վերաբերի Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու և ապրելու իրավունքներին, որը հայկական կողմը միշտ մերժել է, Ալեն Սիմոնյանն ասաց, թե կարծում է, որ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն միգուցե կդժվարացնեն պայմանագրի կնքումը:
«Դա շատ բացասական եմ գնահատում, որովհետև այն, ինչ մենք փոխանցել ենք, ու այն, ինչի շուրջ բանակցում ենք, մենք էլ լավ գիտենք, իրենք էլ, և հիմա դրա մասին անընդհատ խոսելն արհեստական խնդիրներ է ստեղծում: Վրացիները, որ գալիս են Հայաստան ապրելու, որևիցե խոչընդոտ կա՞, հայերը, որ գնում են Վրաստան, կա՞ խոչընդոտ: Մենք Վրաստանի հետ պայմանագրի մեջ գրե՞լ ենք, իհարկե, չենք գրել: Պետք է ինչ-որ ժամանակ անցնի, ադրբեջանական կողմը պետք է նվազեցնի այդ ատելության խոսքը, որը դարձրել են բրենդային ինչ-որ բան»,- ասաց Սիմոնյանը՝ ընդգծելով՝ Հայաստանին չի կարելի մեղադրել նույնի մեջ:
«Պետք է հասկանալի լինի, որ այո՛, ժամանակ կանցնի, և չեմ բացառում, որ հայեր կգնան Ադրբեջան ապրելու և ինչ-որ ադրբեջանցիներ կգան, Հայաստանում կապրեն, առևտուր կանեն: Այո՛, խաղաղության ենք գնում, խաղաղությունն այլ կերպ չի լինում»,- ավելացրեց ԱԺ նախագահը:
Սիմոնյանի խոսքով՝ պնդումները, թե հակամարտել ենք իրար հետ, և դա անլուծելի խնդիր է, իր համար անընդունելի է:
«Անգլիան և Ֆրանսիան 116 տարի պատերազմել են, 116 տարի իրար սպանել են, իսկ այսօր դաշնակիցներ են: Ես չեմ ասում, որ վաղը կամ մյուս օրը նման արդյունքի ենք հասնելու, բայց մի տարածաշրջանում ենք: Իհարկե, պետք է ապրել նույն տարածաշրջանում, լուծել բոլոր խնդիրները»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք մինչև տարեվերջ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, Սիմոնյանը դժվարացավ պատասխանել:
«Ցանկության դեպքում 5, 10 օրվա մեջ կարելի է այդ պայմանագիրը ստորագրել: Մենք մեր առաջարկները ուղարկել ենք, արդեն 6-րդ փոխանակումն է, բավական աշխատանք է տեղի ունեցել, և եթե ադրբեջանական կողմը որևէ բան չփոփոխի, որևէ առաջարկ չներկայացնի կամ դրանք շատ արագ լուծելի խնդիրներ լինեն, իհարկե, կարելի է շատ արագ ստորագրել»,- ասաց Սիմոնյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը ի պատասխան՝ առանց փաստաթղթի հնարավո՞ր է խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ԱԺ նախագահը նկատեց՝ արվել է մեծ աշխատանք, սակայն տեսականորեն կարելի է հասնել, եթե Ադրբեջանի նախագահը սկսի դրական քայլերից, օրինակ՝ փոխի իր հռետորաբանությունը, ներկայանա այն հանդիպումներին, որոնք կազմակերպվում են տարբեր հարթակներում, և վերահաստատի այն, ինչ ասել է հանդիպումների ժամանակ:
Սիմոնյանի խոսքով՝ շատ բան կախված է հենց ադրբեջանական կողմից, քանի որ չի կարելի կրակել և հայ զինվոր սպանել, ներխուժել Հայաստանի տարածք և ասել, թե վախենում է ռևանշիզմից: 
«Ռևանշիզմից վախենո՞ւմ ես, նորմալ հարաբերություններ հաստատի քո անմիջական հարևանների հետ»,- խոսքը եզրափակեց ԱԺ նախագահը: