Հարիսայի փառատոն՝ Բուն Բարեկենդանին

Հարիսայի փառատոն՝ Բուն Բարեկենդանին

2017 թվականի փետրվարի 26-ին, Քրիստոնյա աշխարհը նշեց Բուն Բարեկենդանի տոնը: Մեծ Պահքին նախորդող տոնական օրը Սուրբ Պատարագով և տոնական հանդեսով նշվեց նաև թբիլիսահայ համայնքում:

Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, օրվան նվիրված Սուրբ և Անմահ Պատարագից հետո հավատացյալները տեղափոխվեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն՝ մասնակցելու Բուն Բարեկենդանի տոնին նվիրված «Հարիսա-2017» փառատոնին: Փառատոնը Վիրահայոց թեմի աջակցությամբ կազմակերպել էին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը և թեմի «Հայարտուն» կենտրոնը:

Հարիսայի փառատոնը, որն արդեն հինգ տարվա պատմություն ունի, տարեցտարի ընդարձակվելով վեր է ածվել ժողովրդական տոնահանդեսի, երբ տեղի է ունենում թբիլիսահայ կանանց հյուրասիրությունը ներկաներին ազգային այս ճաշատեսակով:

Փառատոնին մասնակցում էին Թբիլիսիի հայ համայնքի գրեթե բոլոր կառույցները. Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի երկայնքով շարվել էին շուրջ երեսուն կաթսաներ ու կավե կճուճներ՝ յուղալի և համեղ հարիսայով: Իրենց կաթսաներով ներկայացել էին Սուրբ Գևորգ եկեղեցու եկեղեցասեր կանանց միությունը, «Վանք» և «Անի» պարային համույթները, «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանը, «Սբ. Ներսես Շնորհալի» երգչախումբը, «Շուշանիկ» միության անդամները, բազում կամավորներ:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակից՝ Բելլա Օսիպովան, Թբիլիսիի ժողովրդական ժողովից՝ Մարգարիտա Խիդիրբեգաշվիլին, Վրաստանի կանանց խորհրդից Քեթևան Գաբրուաշվիլին, քրդական համայնքից՝ Լիլի Սաֆարովան և ուրիշներ:

Լեփ-լեցուն էր դահլիճը: Իրար կողքի շարված կաթսաները գեղեցկացնում էին հայ տիկնայք՝ օրվան համարժեք իրենց տեսքով: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ Բուն Բարեկենդանի տոնը ավանդույթի ուժ ստացած հարիսայով նշելու համար:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպսկոպոս Միրզախանյանը, անդրադարձ կատարելով Սուրբ Զատիկին նախորդող Մեծ Պահքի 48-օրյա ժամանակաշրջանին, կարևորեց Բուն Բարեկենդանի օրը միմյանց ներելու, հաշտության ձեռք մեկնելու և քրիսոնեական սիրով ապրելու անհրաժեշտությունը: Սրբազան Հայրը բարձր գնահատեց կանանց և համայնքային կառույցների մասնակցությունը հարիսայի փառատոնին և մաղթեց ներկաներին Բարեկենդանի շնորհով մարմնապես ամրացած, հոգով և հավատքով հզորացած պատրաստվել դիմավորելու Փրկչի հրաշափառ Հարության տոնը:

Թեմակալ առաջնորդը հարիսայի կաթսաները օրհնելուց և Տերունական աղոթքից հետո ներկաներին հրավիրեց հյուրասիրվելու համեղ ճաշատեսակից: Շուրջ հազար մարդ օգտվեց այս կերակրատեսակից, օրհնված հարիսա փոխանցվեց նաև հիվանդներին և տարեցներին, ովքեր ի վիճակի չէին ներկա գտնվել տոնահանդեսին:

Ու հնչեց ուրախ երգն ու երաժշտությունը կենտրոնում: Ու սկսվեց հարիսայի համտեսն ու հյուրասիրությունը: Մինչև ուշ Բուն բարեկենդանի և անուշաբույր հարիսայի պարգևած ուրախ տրամադրությունը թևածում էր շուրջբոլորը:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունն իր շնորհակալությունն է հայտնում Վիրահայոց թեմի առաջնորդարանին,Թեմի «Հայարտուն» կենտրոնին, «Սուրբ Էջմիածին» եկեղեցու խաչի քավոր Կարեն Սարգսյանին, Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանին, համայնքային գործիչներ Ժաննա Դավթյանին, Ալեքսանդր Ութմազյանին և մյուս բարերարներին, հարիսայի փառատոնի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար:

Աղբյուր՝armenianchurch.ge