Սուրբ Խաչ եկեղեցին նորոգել են խաշուտցիները:
2017թ. ապրիլի 18-ին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը վերաօծեց Ջավախքի հայ կաթողիկէ Խաշուտ-Աբաթխև գյուղի վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցին: Արարողությանը ներկա էին Վրաստանում քահանայապետական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին և նրա քարտուղարը, Վրաստանում ծառայող երկու լատին ծեսի վարդապետներ, Թբիլիսիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Միքայել վրդ. Խաչկալյանը, Ծղալթբիլայի և Ջուլղաղի ժողովրդապետ Գերհ. Հ. Անատոլի ծ.վրդ. Իվանյուկը, Գյումրիի հայ կաթողիկէների ժողովդրապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը, Խաշուտի ժողովրդապետ Արժ. Տ. Պողոս քհն. Գրիգորյանը, եկեղեցու վերանորոգման բարերարները, համայնքի բնակչությունը:
Խաշուտի՝ դեռևս 1886թ. կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին վերջին մեկ տարվա ընթացքում հիմնովին նորոգվել է: Նորոգման աշխատանքները հիմնականում կատարվել են եկեղեցու ներսում՝ Սուրբ Խորանը, հատակը, պատերը, պատուհանները, վերնատունը: Խորանի վերևում ամրացված Խաչելության մեծ պատկերը նվիրել է Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը: Վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ ֆինանսավորել, կազմակերպել ու նախագծել են ծնունդով խաշուտցի մոսկվայաբնակ գործարարներ պրն. Ալեքսանդր Յադոյանը, պրն. Հովհաննես Յադոյանը և ճարտարապետ պրն. Հակոբ Արթենյանը: Նստարանները նվիրել է պրն. Մարտին Սիմոնյանը: Աշխատանքները կատարել են գյուղի բնակիչները: Կառուցապատվել և բարեկարգվել են նաև եկեղեցու բակը և հարակից ճանապարհը:
Սեփական ուժերով եկեղեցի կառուցելը, նորոգելը հին ավանդություն է Խաշուտում: Նրանց պապերը ևս, ովքեր ներկա գյուղի տարածքում հաստատվել են 1830-ականներին՝ գաղթելով Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի նույնանուն գյուղից, իրենց ձեռքերով, Մարգարի որդին Գրիգոր քահանայի առաջնորդությամբ կառուցել են իրենց եկեղեցին՝ 1881-1886թթ. և անվանել Սուրբ Խաչ: Գրիգոր քահանան (ըստ գյուղացիների, եղել է վարդապետ, ուսանել է Մխիթարյան Միաբանության ընծայարանում) թաղված է եկեղեցու բակում:
Խաշուտ-Աբաթխև գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալցխայի մունիցիպալիտետում, Ախալցխա քաղաքից 14 կմ հարավ-արևմուտք։ Բնակիչները զբաղվում են հացահատիկի, կարտոֆիլի, բանջարեղենի մշակությամբ, անասնապահությամբ։