Վրաստանի ընդդիմությունն ու ոչ կառավարական կազմակերպությունները պահանջում են երկրի սահմանադրության մեջ ամրագրել ԵՄ և ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի մղումը: «Սահմանադրության նախաբանում ամրագրել, որ մենք եվրոպական և եվրատլանտյան ընտանիքի անդամ ենք, ցանկանում ենք անդամակցել ԵՄ և ՆԱՏՕ-ին, սա մեր երկիրն աշխարհին ներկայացնել է: Որպեսզի բոլորին ցույց տանք, որ դա մեր ռազմավարական, անփոփոխ խնդիրն է: Բացի այդ, միջազգային փորձ գոյություն ունի, և այդ պահանջը բացառիկ չէ», -հայտարարել է «Եվրոպական Վրաստան» խմբակցության պատգամավոր Էլենե Խոշտարիան:
Վրաստանում մոտ ժամանակներս իր աշխատանքը կսկսի սահմանադրական հանձնաժողովը, որը երկրի հիմնական օրենքում փոփոխություններ կնախապատրաստի:
«Եվրոպական Վրաստանի» տեսանկյունը կիսում է նաև Վրաստանի հանրապետական կուսակցությունը, որի առաջնորդ Խաթունա Սամնիձեն հայտարարել է, որ հանրապետականները նման նախաձեռնությամբ հանդես են եկել դեռևս նախորդ գումարման խորհրդարանում:
Սակայն ընդդիմության պահանջին համաձայն չէ խորհրդարանական մեծամասնությունը: «Վրացական երազանքի» պատգամավոր Զախարիա Կուցնաշվիլիի խոսքով՝ «Վրաստանի արևմտյան կողմնորոշումը պայմանավորված է արևմտյան արժեքների հանդեպ հարգանքով, այլ ոչ թե նրանով, որ աշխարհագրորեն այլ վայրում երկրի զարգացման հնարավորություն չենք տեսնում»:
Գործընկերների պահանջը չի սատարում «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը: Դրա պատգամավոր Ադա Մարշանիայի կարծիքով՝ անթույլատրելի է Սահմանադրությունում նշել անդամակցումը ռազմաքաղաքական բլոկերին:
Սահմանադրությունում երկրի եվրատլանտյան ձգտումն ամրագրելու վերաբերյալ հայտարարություն է տարածել «Հանուն եվրատլանտյան Վրաստանի» կոալիցիան: Հայտարարությունում, որը ստորագրել է Վրաստանի 23 առաջատար ոչ կառավարական կազմակերպություն, կոալիցիան սահմանադրական հանձնաժողովին ձևակերպում է առաջարկում, որում հիշատակվում է Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ուղղվածությունը:
Աղբյուր՝ armenian-community.ge