Մարտի 19-ին ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխա։ Այցի ընթացքում դեսպանը հանդիպեց Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեի, մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեի եւ նահանգապետ Ակակի Մաճուտաձեի հետ։ Օրվա ընթացքում Դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եւ Մարտա թաղամասում գտնվող հայկական Սբ․ Նշան եկեղեցի։
Եկեղեցի այցելելուց հետո ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխայի քաղաքային խորհրդի շենք, որտեղ նախատեսված էր նրա հանդիպումը քաղաքի հայ հասարակության հետ։
Հանդիպման սկզբում դեսպանը ողջունեց բոլոր հավաքվածներին եւ առաջարկեց, որ զրույցը ընթանա ազատ հարց-պատասխանի ձեւաչափով։ Առաջին հարցը Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանինն էր։ Նա դեսպանին ներկայացրեց, որ Ախալցխա շատ հաճախ են այցելում հարեւան Թուրքիայի սահմանակից շրջանների նահանգապետերը եւ զարգացնում հարաբերությունները Սամցխե-Ջավախքի հետ։ «Ընդամենը մի քանի ամիս առաջ Ախալցխա էր այցելել ներկայումս Թուրքիայի տարծքում գտնվող Արդահան նահանգի նահանգապետը։ Լավ կլինի, որ Ջավախքին սահմանակից Հայաստանի մարզպետները եւս այցելեն Սամցխե-Ջավախքի տարածաշրջան եւ հարաբերությունները զարգացնեն շրջանների միջեւ»,- ասաց Էդուարդ Այվազյանը։
Դեսպանի խոսքերով՝ առաջարկը լավն է եւ ինքը անպայման պետք է զբաղվի տվյալ հարցով, որպեսզի ակտիվանան կապերը հարեւան մարզերի միջեւ ու նույնիսկ քաղաքների միջեւ։
Հաջորդ հարցը գործարար Ավետիք Հակոբյանինն էր։ Նա մտահոգված էր նրանով, որ Հայաստանի քաղաքացին, ով ապրում է Վրաստանում վրացական մեքենայով չի կարող մուտք գործել Հայաստան, այնտեղի օրենսդրության պատճառով։ Դեսպանը իր հերթին խոստացավ, որ կուսումնասիրի տվյալ հարցը եւ կզբաղվի այդ խնդիրով։
Հաջորդ հարցը Գրիգոր Մինասյանինն էր եւ այն վերաբերվում էր դեսպանատան աշխատանքին եւ զբոսաշրջության զարգացմանը։ Գրիգոր Մինասյանը գոհունակություն հայտնեց նոր դեսպանի ակտիվ աշխատանքից եւ հատուկ նշեց, որ 20 տարուց ավել ակտիվ դեսպան չէին տեսել եւ վերջապես դեսպան տեսան։ Նա հատուկ գոհունակություն հայտնեց դեսպանի ակտիվ աշխատանքով։ Մինասյանը առաջարկեց, որ Հայաստանի իշխանությունները հատուկ փող ծախսեն Վրաստանում այն նպատակով, որ տուրիստական հոսքը Վրաստանից դեպի Հայաստան ակտիվանա։ Նա նաեւ առաջարկեց, որպեսզի երկու երկրները վերանորոգեն միջպետական ճանապարհը, որը կապում է Ջավախք շրջանը Հայաստանի հետ։
Դեսպան Սադոյանի խոսքերով՝ դեսպանատունը ամեն ինչ անելու է, որպեսզի խրախուսի տուրիստական հոսքի ակտիվացմանը Վրաստանից դեպի Հայաստան, ինչպես նաեւ լուծվեն մնացած խնդիրները։
Ռուբեն Սադոյանը խոսեց ժողովրդի հետ այն մասին, որ պետք է համայնքը ակտիվացնի իր աշխատանքը տարբեր բնագավառներում, լինի դա հասարակական կյանք, մշակույթ, գյուղատնտեսություն, բիզնես, թե այլ ոլորտ։ Նրա խոսքերով՝ Ջավախքում ու ընդհանրապես Վրաստանում հայկական համայնքը պետք է ավելի լավ կազմակերպված դառնա եւ շրջանների հայ համայնքները ավելի ակտիվ պետք է աշխատեն միմյանց հետ։ Նա պատմեց, որ իր իմացածով շատ վատ է համագործակցությունը Ախալցխայի եւ Ախալքալքիի, ինչպես նաեւ Նինոծմինդայի հայ համայնքների միջեւ։ Դա, նրա կարծիքով, վերաբերվում է նաեւ Թբիլիսիին եւ Աջարիային։
Դեսպանի հետ չհամաձայնվեց նախկին հասարակական գործիչ, մանկավարժ Արամ Սիմոնյանը։ Նրա խոսքերով՝ ինչպես կարող է Ախալցխայի ու Ախալքալքի միջեւ վատ լինել համագործակցությունը ու հարաբերությունը, երբ Ախալցխայում բնակվող ժողովրդի 50 տոկոսից ավելին Ախալքալաքից եկած բնակիչներ են։ Արամ Սիմոնյանը նաեւ նկատեց, որ խնդիրը, եթե նույինիսկ կա, ապա այն գալիս է Հայաստանից, որտեղ բանտարկում են ազգային հերոսներին։
Դեսպանի հարցին, թե որ ազգային հերոսի մասին է խոսքը, որին մեկ այլ Ախալցխայի բնակիչ Մարտունի Սրաբյանը պատասխանեց, որ օրինակ՝ Ժիրայր Սեֆիլյան։ Մարտունի Սրաբյանը խոսեց Հայաստանում առկա ինքնիշխանության պակասի մասին։
Շարունակելով համախմբմանը խոչընդոտող արգելքների միտքը, Ախալցխայի բնակիչ Կարապետ Ղասրջանը իր հերթին բարձրացրեց Հայաստանի հեռուստաընկերությունների վատ որակի հարցը, որոնցով անընդհատ կարելի է տեսնել ռաբիզ երաժշտություն ու ահավոր սերիալներ, որոնք հակասում են հայոց հազարամյակների պատմությանը ու հայ ժողովրդի մշակութային դիմագծին, ինչպես նաեւ չեն նպաստում առողջ դաստիրակությանը։ Նա նաեւ հատուկ նշեց, որ շատ սխալ է, երբ երկրի ղեկավարը մեդալ է հանձնում ռաբիզ երգիչ Արմենչիկին։
Դեսպանի խոսքերով՝ ինքը տեղյակ է տվյալ խնդրի մասին եւ տվյալ հարցով զբաղվելու է Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը։
Ախալցխայի շրջանի Ղուլալիս գյուղի բնակիչ Մարտուն Պետրոսյանի մեկ այլ կարեւոր հարց, որը կարող է լուծվել դեսպանի միջամտությամբ։ Նա պատմեց, որ իրենց գյուղերում առկա է հողերի գրանցման հետ կապված խնդիր։ «Եթե սեփականատերը ինչ-որ պատճառով դարձել է այլ երկրի քաղաքացի, ապա նա առայժմ անկարող է գրանցել իր սեփականությունը»,-ասաց Մարտուն Պետրոսյանը։ Նա խնդրեց դեսպանին անպայման տվյալ հարցը բարձրացնել Վրաստանի իշխանությունների առջեւ։ Դեսպանը իր հերթին խոստացավ հանդիպումների ժամանակ արծարծել տվյալ հարցը։
Բնակիչ Աշոտ Կավալերյանը հարց բարձրացրեց մաքսային ծառայությունների աշխատանքի վերաբերյալ։ Նա առաջարկեց կարգավորել տրանսպորտի աշխատանքը Սամցխե-Ջավախքի շրջանի ու Հայաստանի միջեւ։
Հանդիպման վերջում Գրիգոր Մինասյանը ողջունեց այն փաստը, որ այցելությանը ներկա է նաեւ դեսպանատան ռազմական կցորդ Սամվել Ռամազյանը։ Նա ավելացրեց, որ Ախալցխայի ժողովուրդը մշտապես հայկական բանակի ու Արցախի կողքին է։ «Քառօրյա պատերազմի ժամանակ մենք բոլորս ոտքի էինք ելել եւ ամեն ինչով պատրաստ էինք օգնելու ու մեր փոքրիկ լուման ներդրինք»,-ասաց Գրիգոր Մինասյանը։
Դեսպանը տեղեկացրեց մարդկանց, որ իրենք փորձում են լուծել շենքի հարց, որպեսզի հյուպատոսը գա Ախալցխա եւ օգնություն մատուցի ժողովրդին։
Էդուարդ Ավյազյանի հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ հյուպատոսություն է բացվելու, դեսպանը պատասխանեց, որ հյուպատոսը առայժմ Ախալցխա ամիսը մեկ օր է այցելելու, որպեսզի փորձի օգտակար լինել ժողովրդին, եթե նման անհրաժեշտություն զգացվի։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ այլ հարցեր։ Մասնավորապես անդրադարձ եղավ տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հասարակություն-դեսպանություն կապի զարգացմանը։ Դեսպանը տեղեկացրեց, որ բոլորը ցանկացած հարցով 24 ժամվա ռեժիմով կարող են կապվել նրա հետ ու նա կփորձի օգտակար լինել։
Հանդիպումը անցավ բավականին բաց ու ազատ մթնոլորտում եւ հանրությունը առանց կաշկանդվելու հնարավորություն ունեցավ դեսպանին ուղել իրեն մտահոգող բոլոր հարցերը։
Տվյալ հանդիպումից հետո դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխայի Երիտասարդական Կրթամշակութային կենտրոն։