Վրաստանում սեպտեմբերի 16-ին բացվեց նոր ուսումնական տարին։ Եւ ինչպես երկրի վրացական հանրային դպրոցներում այդպես էլ հայալեզու դպրոցներում առաջին զանգը հնչեց բազմաթիվ հայ երեխաների համար, որոնք այս տարի հաճախեցին առաջին դասարան։ Առաջին եւ վերջին զանգերը մեր հասարակության համար տարիների ընթացքում դարձել էին հայկական դպրոց ունենալու խորհրդանիշ, քանզի այս միջոցառումների ընթացքում հայ հասարակությունը հպարտությամբ զգում էր, որ իրենց երեխաները սովորում են հայկական դպրոցում։ Հայկականի ոգին ու շունչը մշտապես սավառնում էր հայկական դպրոցների բակերի ու բեմերի վրա։ Այդ մթնոլորտը տարիներով պահպանվում էր հայկական դրոշի, հայկական օրհներգի, հայկական պարերի ու երգերի շնորհիվ, ինչպես նաեւ հայկական խոսքի ու շնչի միջոցով։
Վրաստանում հայերը նախկինում երբեք խնդիրներ չէին ունեցել հայկական դպրոցներում իրենց միջոցառումների ժամանակ պետական հիմնի հետ մեկտեղ հնչեցնել Հայաստանի պետական օրհներգը ու վրացական դրոշի կողքին ծածանելու հայկական եռագույնը։ Սակայն այս տարի ամեն ինչ չընթացավ սովորականի պես եւ Վրաստանի պետական դրոշի կողքին այժմ չէր կարելի տեսնել հայկական եռագույնը ու Վրաստանի հիմնի հետ լսել հայկական օրհներգը։ Խիստ զգացվում էր հայկական պարերի, երգերի եւ հայկական խոսքի պակաս։ Եւ սա դեռ այսբերգի երեւացող մասն է քանզի հայկական դպրոցներում կարելի է տեսնել ավելի խորքային խնդիրներ, որոնք միտումնավոր ստեղծվել են դեռեւս հայկական կոչվող դպրոցներում։
Հայկական դասագրքերի պակասը այն խնդիրն է, որի մասին մամուլում բազմիցս է գրվել։ Առաջին դասարանի աշակերտի համար այբենարան չունենալը մնում է հայկական դպրոցների հիմնական խնդիրը եւ սա ողբերգություն է։ Հայոց լեզվի դասաժամերի կրճատելը լրջագույն ձեւով ազդել է երեխաների ուսման որակի վրա։ Հայկական դպրոց կոչվող պետական ուսումնական հաստատություններում հայերեն դասաժամերի քանակը հասցվել է շաբաթական 3-ի։ Չի դասավանդվում հայկական պատմություն, ինչի մասին տարիներով բարձրաձայնել եւ դիմումներ է ներկայացրել Վրաստանի իշխանություններին այս երկրում ապրող հայ հասարակությունը։
Դեռ մի քանի տարի առաջ հայկական դպրոցների պատերին կարելի էր տեսնել հայերեն գրված դասացուցակ, իսկ այժմ դասացուցակները գրվում են միայն պետական լեզվով։ Դպրոցների մուտքի պատին համապատասխան հանրային դպրոցի մասին տեղեկություն հաղորդող գրությունը առկա է միայն վրացերեն ու անգլերեն լեզվով։ Եթե նախկինում դասարանների մատյանները լրացվում էին հայերենով, իսկ հետագայում հայերեն-վրացերենով, ապա այս տարվանից լրացվելու են միայն վրացերեն լեզվով։ Եւ սա դեռ վերջը չէ, քանզի օրեցօր հայկական դպրոցներից դուրս է մղվում հայկական շունչն ու ոգին, որն միշտ ամուր էր պահում հայկականի գիտակցությունը դպրոցում։ Այս պայմաններում ավելորդ է խոսել այն խնդիրների մասին, որոնց ամեն տարի բախվում են մանկավարժները ու երեխաները ապրիլ 24-ի միջոցառումներին մասնակցելու պատճառով։
Նման իրավիճակում ցավով կարելի է փաստել, որ Վրաստանում այլեւս գոյություն չունեն հայկական դպրոցներ եւ այն ինչ մնացել է այսօր հայկական դպրոցներից կարելի է միայն ու միայն անվանել հայալեզու պետական ուսումնական հաստատություններ։ Այն ամենը, ինչը Վրաստանին ամեն անգամ հպարտության առիթ էր տալիս (խոսքը մեծ թվով հայկական դպրոցներ ունենալու մասին է պետական բյուջեի հաշվին), այլեւս գոյություն չունի խտրական քաղաքականության պատճառով։
Վերոնշյալ խնդիրներից կարելի է մեկ եզրակացության գալ, որ եթե իրականում ցանկանում ենք ունենալ հայկական դպրոցներ ուրեմն ժամանակն է մտածելու մասնավոր դպրոցներ ստեղծելու մասին կամ առնվազն լրացուցիչ կրթոջախներ կառուցելու մասին։
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն
Էդուարդ Այվազյան