Իր ելույթում Ադրբեջանի նախագահն, իհարկե, հիշատակել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությունն այն մասին, թե «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը չի նպաստում քաղաքական երկխոսություն սկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը։ Ալիևն ասել է, որ Ռուսաստանն արդեն հնչեցրել է համապատասխան գնահատականը Փաշինյանի հայտարարությանը։
Ստացվում է բավականին ուշագրավ պատկեր։ Մի քանի ժամ Երևանում գտնված Վլադիմիր Պուտինը հասցնում է հանդիպել կալանավորված նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ փաստացի ստվերելով ԵԱՏՄ գագաթաժողովի քաղաքական նշանակությունը։ Ավելին՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպումն, ըստ էության, մնում է սկանդալային այդ հանդիպման ստվերում, համենայն դեպս՝ տեղեկատվական հարթության վրա։ Պուտինն իրեն պահում է կայսրության տիրակալի կարգավիճակում՝ ապացուցելով, որ ծայրագավառում կարող է հանդիպել նաև ռևանշիստների հետ՝ «արդար» հանգուցալուծում գտնելու նպատակով։ Ցավալին այն է, որ պաշտոնական Երևանը ոչ միայն չարձագանքեց սկանդալային հանդիպմանն, այլ Նիկոլ Փաշինյանը դրա հետքերով մեկնեց «Զվարթնոց» օդանավակայան՝ անուղղակի հաստատելով, որ Հայաստանում շարունակվում է պահպանվել ռուսական վասալության ռեժիմը։
Սակայն սրանով Պուտինի սադրանքը չի սահմանափակվում, ու նա Սոչիում, ըստ էության, համերաշվում է պաշտոնական Բաքվի ղարաբաղյան քաղաքականության հետ, համենայն դեպս՝ Սերգեյ Լավրովը չի հակադարձել Իլհամ Ալիևի սկանդալային հայտարարությանը։
Ընդհանուր համտեքստում մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ Մոսկվան, ըստ էության, երկու հակահայկական ուղերձ է հասցեագրում, որոնցից մեկը հնչեցնում է Ռոբերտ Քոչարյանի թիմի, մյուսը՝ Ալիևի միջոցով։ Ստացվում է, որ այս պահին նույնական են պաշտոնական Բաքվի ու հայկական ռևանշիզմի օրակարգերը, որոնց համակարգումը ստանձնել է Մոսկվան։ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ հայտարարել էր, որ Հայաստանի դեմ իրականացվում է «հիբրիդային պատերազմ»։ Վարչապետի հայտարարությունն, իհարկե, կիսատ էր, որովհետև հայկական քրեաօլիգարխիան հեղափոխության դեմ պատերազմ հայտարարելու ռեսուրսներ չունի ու ակնհայտորեն ապավինում է Մոսկվայի աջակցությանը։ Այլ խնդիր է, որ Մոսկվայի միջամտությունը քաղաքական պրոդուկտ տալ չի կարող՝ սահմանափակվելով սադրանքով։