Նախագահի հետ հանդիպմանը բարձրացվեցին հայությանը հուզող խնդիրներ

Նախագահի հետ հանդիպմանը բարձրացվեցին հայությանը հուզող խնդիրներ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ապրիլի 28-ին այցելեց Ախալցխա: Նախագահի այցելությունը սկսվեց Իվանե Ջավախիշվիլու անվան համալսարանից, որից հետո Մարգվելաշվիլին այցելեց Ախալցխայի Ժողովրդավարության Ներգրավվման կենտրոն եւ հանդիպեց քաղաքի հասարակությանը, ոչ-կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ քաղաքական կուսակցությունների անդամներին:

Հանդիպման նպատակն էր ծանոթացնել տեղի բնակչությանը Վրաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների ծրագրին: Նախագահը իր խոսքում հատուկ ուշադրություն դարձրեց սահմանադրական բարեփոխումների նախագծի այն կետերին, որոնք այս տեսքով վնասելու են երկրի ժողովրդավարությանը եւ որոնց շուրջ նախագահի կարծիքով հասարակությունը պետք է հայտնի իր դիրքորոշումը:

Ախալցխայի սակրեբուլոյի ընդդիմադիր պատգամավոր Ջիմշեր Գոգոլաուրին նախագահից հետաքրքրվեց, թե ինչու խորհրդարանը չի քննարկել Դիդգորիի հաղթանակը որպես տոն նշելու հարցը եւ արդյոք դա չի նշանակում, որ Թուրքիան իր դեսպանի մակարդակով միջամտում է Վրաստանի ներքին գործերին եւ երկրորդ, որ ինքը հեռուստատեսությամբ ականատես է եղել, որ Վրաստանի վարչապետի այցելության ժամանակ Թուրքիա, որտեղ նա անցկացրել է պաշտոնական հանդիպումներ, չի եղել Վրաստանի պետական դրոշը, ինչը արդյոք չի նշանակում, որ նրանք չեն հարգում Վրաստանի ինքնիշխանությունը, հարցրեց քաղաքային խորհրդի պատգամավորը:

Նախագահի խոսքերով՝ Դիդգորիի ճակատամարտը որպես տոն նշելու համար տարածված տեղեկատվությունը, թե ինչն է այս պահին արգելք հանդիսացել, միակողմանի է, իսկ ինչ վերաբերվում է վարչապետի այցելությանը, երբ պաշտոնական հանդիպումների ժամանակ խախտվել է պետական պրոտոկոլը, ինքը տեղյակ չէ եւ թուրքական կողմը միշտ հարգել է Վրաստանի ինքնիշխանությանը:

Հանդիպմանը հայկական կողմից ներկա էի դպրոցի ուսուցիչներ եւ հասարակական գործիչներ: Նրանց շարքում էին Ախալցխայի քաղաքապետի ներկայացուցիչ Գեւորգ Հակոբյանը, հասարակական գործիչ Գրիգոր Մինասյանը, Վրաստանի Ժողովուրդների Ժողովրդավարական միության տնօրեն Աշոտ Կավալերյանը եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը:

Հանդիպման ժամանակ Գեւորգ Հակոբյանը նախագահին ներկայացրեց Սամցխե-Ջավախքի հայությանը հուզող խնդիրներից մեկը՝ մասնավորապես Վրաստանի քաղաքացիությունից զրկված տեղացիների խնդիրները, ովքեր արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով ստացել են ՀՀ քաղաքացիություն եւ զրկվել Վրաստանի քաղաքացիությունից ու հիմա մերժումների պատճառով չեն կարող վերականգնել իրենց նախկին քաղաքացիությունը:

Գեւորագ Հակոբյանը իր խոսքում հատուկ շեշտեց, որ երկքաղաքացիություն տրամադրելու եւ մերժելու հարցը ուղիղ պատկանում է երկրի նախագահին:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի խոսքերով՝ ինքը չի տեսնում ոչ մի դժվարություն, որ տվյալ անձինք, ովքեր ծնվել են այս շրջանում ստանան երկքաղաքացիություն:

Սակայն չնայած նախագահի այս պատասխանին հանդիպմանը մասնակից տարբեր մարդիկ հաստատեցին, որ իրոք գոյություն ունի նման դժվարություն եւ մարդկանց առանց պատճառի մերժում են երկքաղաքացիություն:

Վրաստանի Ժողովուրդների Ժողովրդավարական միության տնօրեն Աշոտ Կավալերյանի խոսքերով՝ Ախալցխայում տարբեր ոլորտների համար շատ կան գրագետ մասնագետներ, սակայն շատ հաճախ տարբեր պաշտոնների համար Ախալցխա են հրավիրվում մասնագետներ այլ շրջաններից: Նա նաեւ շարունակեց Գեւորգ Հակոբյանի խոսքերը կապված քաղաքացիություն վերականգնելու խնդիրների հետ:

Նախագահի խոսքերով՝ իրոք կան նման պաշտոններ, որոնց նշանակումը կատարվում է կենտրոնական իշխանության կողմից, սակայն կան պաշտոններ, որոնք պետք է զբաղեցնեն տեղացիները:

Նախկին քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Գրիգոր Մինասյանի խոսքերով՝ օրեր առաջ, ապրիլի 24-ին համայն հայությունը եւ ողջ քաղաքակիրթ աշխարհը նշում էր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ առիթով նախագահ Օլանդը, ինչպես նաեւ այլ Եվրոպական երկրների նախագահներ հանդես եկան հայտարարություններով: «Ճիշտը որ ասենք մենք Վրաստանի 300 000 հայ քաղաքացիներս սպասում էինք, որ դուք եւս հանդես կգաք հայտարարությամբ: Իմ երկրորդ հարցը այն է, թե Դիդգորը նշում եք ,թե ոչ: (Դիդգորի ճակատամարտը վրացական զորքերի հաղթանակն է թուրքական զորքերի դեմ) Ինչքան գիտեմ թուրքերը շատ վիրավորվեցին, որ այդ տոնը ուզում էիք նշել», -ասաց Գրիգոր Մինասյանը:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի նշեց, «Այն ողբերգությունը, որը տեղի է ունեցել 1915թ. դա մեծ մարդկային ողբերգություն էր, որը տեղի էր ունեցել Օսմանյան կայսրությունում: Ինչ վերաբերվում է Դիդգորիի տոնելու հետ, ապա կրկնեմ, որ այս ամենի հետ կապված շատ տեղեկություններ են պետք, որովհետեւ միակողմանի տեղեկության հիման վրա չպետք է անենք եզրակացություն»,-ասում է Վրաստանի նախագահը:

Հարկ է նշել, որ նախագահի հետ հանդիպմանը ներկա չէին տեղական իշխանության ներկայացուցիչները, ինչը նախագահի շրջապատի կողմից գնահատվեց որպես անարգանք նախագահի ինստիտուտի նկատմամբ:

Akhaltskha.net