Ապրիլի 28-ին Ախալցիխե էր այցելել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ում այցի նպատակը Վրաստանում սահմանադրական բարեփոխումների նախագծին ծանոթացնելն է եղել:
Նախագահի հետ հանդիպման ընթացքում տեղի հայերը բարձրացրել են չորս հարց, որոնց շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ հանրապետական խմբակցության ծնունդով Ջավախքից պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ:
-Պարոն Թորոսյան, ըստ Ձեզ ՝ճի՞շտ թիրախ էին ընտրել տեղի հայերը նախագահի հետ հանդիպման ժամանակ:
-Ճիշտ թիրախ ու մեսիջներ են ընտրել, բայց ոչ ամբողջական, սակայն ես որքանով տեղեկացված եմ ժամանակի սղության խնդիր է եղել: Ամեն դեպքում թիրախները ճիշտ էին ընտրված: Եթե խմբավորենք, առաջինը դա քաղաքացիության և դրսից պաշտոնյաներ բերելու հարցն էր, որն ուղիղ վերաբերում է ախալցխահայությանը, և երկրորդը՝ Ցեղասպանության և վրաց-թուրքական պատերազմին վերաբերող հարցն էր, որոնք, այսպես ասած՝ վերաբերում էին Թուրքիային:
-Եթե անդրադառնանք կետ առ կետ, ապա առաջին հարցը վերաբերում էր քաղաքացիության շնորհմանն այն քաղաքացիներին, ովքեր Հայաստանի հանրապետության քաղաքացիություն ստանալուց հետո զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից: Ի՞նչ ակնկալել նախագահից:
-Դա արդարացված է, որովհետև մարդիկ ՀՀ քաղաքացիություն մի պարզ պատճառով են ստացել,որպեսզի հնարավորություն ունենան մեկնել Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, որովհետև տարածված գործազրկության պայմաններում, անհնար է ապահովել կենցաղային պայմանները:
Մենք գիտենք, որ Վրաստանը մասսայաբար զրկել է ՀՀ-ում քաղաքացիություն ձեռք բերած անձանց Վրաստանի քաղաքացիությունից: Ընդ որում՝ շատ թիրախային էր ընտրված հարցը, որովհետև դա անմիջապես մտնում էր Վրաստանի նախագահի լիազորությունների մեջ: Վրաստանի նախագահն իր պատասխանում նշեց, որ դա բարդ խնդիր չէ, սակայն իրականում մենք տեսնում ենք, որ դա առանձնապես խնդիր է և նախագահը չի ուզում այդ խնդրի լուծումը տեսնել: Սակայն, եթե համեմատում ենք Վրաստանը եվրոպական երկրների հետ, նկատի ունենալով, որ Վրաստանը գնում է դեպի ԵՄ,ապա այդ երկրներում տարածված է երկքաղաքացիությունը և այն որևէ խոչընդոտ չէ որևէ երկրի համար:
-Երկրորդ կետը, պարոն Թորոսյան, վերաբերում էր տեղի մասնագետներին ռեգիոնալ պաշտոններում չնշանակելուն: Տեղի հայերը բարձրաձայնում են մի խնդրի մասին, որն առկա է երկրում: Ի՞նչ քաղաքականություն է սա:
-Ախալցիխեում կան մեծաթիվ մասնագետներ, այդ թվում նաև հայ, սակայն շատ պաշտոնների նշանակվում են այլ շրջանների մասնագետներ: Մինչդեռ շատ եվրոպական երկրներում ռեգիոնալ պաշտոններում նշանակվում են նույն ռեգիոնների մարդիկ: Սա ևս խնդիր է թեկուզ աշխատատեղերի մասով: Եթե մասսայական գործազրկություն է, ապա այդ պաշտոններում կարող են նշանակվել տեղացիները, որոնք նաև սոցիալական խնդիր կլուծեն:
-Հայոց ցեղասպանության հարցը ևս օրակարգում էր: Ի՞նչ էր անում այդ օրերին Վրաստանի նախագահը:
-Այդ օրերին նա հանդիպում էր Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի հետ: Նրա պաշտոնական շփումները Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ էին, սակայն Վրաստանի նախագահը հարկ չհամարեց հանդես գալ թեկուզ մեկ ուղերձով, ցավակցական մեկ խոսքով։Իրավմամբ ախալցխահայությունը գտնում է, որ գոնե պաշտոնական թվով առնվազն 300 000 հայ քաղաքացի ունեցող երկրի նախագահը որևէ կերպ պետք է վերաբերմունք ցույց տար այդ ազգի համար մեծ կարևորություն ունեցող դեպքին:
-Վրաստանի խորհրդարանում Դիդգորիի ճակատամարտի հաղթանակը նշելու մասին հարցի հետաձգմանը ևս տեղի հայերն անդրադարձել են, մեսիջով, որ թող Վրաստանը որոշի, թե ինչ տոն է նշելու և ինչպես։ Ակնարկը կրկին Թուրքիային է ուղղված:
-Այո, չորրորդը 1121 թվականին տեղի ունեցած Դիդգորի ճակատամարտն է, որը թուրքերի և վրացիների միջև է տեղի ունեցել և ավարտվել է վրացիների հաղթանակով: Վրաստանի խորհրդարանը ցանկանում էր դա տոն հռչակել, սակայն ակնհայտորեն Թուրքիայի միջամտությամբ, հարցը հետաձգվեց: Սա հուզել էր Ախալցիխեի թե՛ հայ, թե՛ վրացի քաղաքացիներին:
Սա ավելի հետաքրքիր է այն ֆոնի վրա, նախագահը հանդիպել էր հայերի հետ սահմանադրության նախագիծը ներկայացնելու նպատակով, որի կետերի մեծամասնությանն ինքը դեմ է, քննադատում էր նոր նախագիծը, ինչը կարող է հետընթացի սպառնալիք լինել Վրաստանի ժողովրդավարության համար:
-Այնուամենայնիվ, ի՞նչ գնահատական կարելի է տալ հանդիպմանը և ի՞նչ ակնկալել:
-Ընդհանուր առմամբ՝ բարձր եմ գնահատում հանդիպումն ու առաջ քաշված հարցերը, որոնք հրատապ են, առօրեական, և անմիջապես ախլցխահայության շահերի շրջանակներում են: