Հունիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր:
Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ մարտական խնդիրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 16-ին, ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետեւանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) եւ Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
Բացի այդ, այսօր՝ հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: